«Արևային» Դաշտադեմի զարգացման հեռանկարները

«Արևային» Դաշտադեմի զարգացման հեռանկարները

Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրը դարձել է Հայաստանի ամենամեծ՝ «Այգ 1» արևային ծրագրի մասը։ «Այգ 1» ֆոտովոլտային կայանի համար Դաշտադեմը հատկացրել է 377,4495 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր։ Ծրագիրն իրականացնում է «Մասդար Արմենիա» ընկերությունը՝ ՀՀ կառավարության ներքո գործող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի 15% բաժնեմասնակցությամբ։

ԷկոԼուրի հետ զրույցում Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավար Արկադի Մարտիրոսյանը ներկայացրեց գյուղի զարգացման հեռանկարները, որոնք կապված են արևային էներգետիկայից ստացվող սոցիալ-տնտեսական աջակցության հետ։ Դաշտադեմցիներն ավանդաբար զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Սակայն այժմ բնակավայրը ցանկանում է փոխել զարգացման իր ուղին։

«Բնակիչները կողմ են եղել, երբ բնակավայրի հողերը նվիրաբերվել են «Այգ 1» ծրագրին։ Նրանք այլ եղանակով են ուզում գումար աշխատել։ Դաշտադեմն ապագայում պետք է լինի տուրիստական գյուղ, անասուն չպետք է պահեն, միայն տուրիզմով զբաղվեն։ Դաշտադեմի ամրոց ունենք, որտեղ կատարվում են ներդրումներ։ Ենթակառուցվածքներն էլ ունենք։ Ճանապարհի հարցը պետությունը լուծում է», - ասաց Արկադի Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ ոռոգման ջրի խնդրի լուծման համար օգտագործվում է «Այգ-1» ծրագրի շրջանակներում տրված գումարը։

«Մասդար Արմենիա» ընկերությունը Դաշտադեմ և Թալին բնակավայրերի հետ հողերի նվիրաբերության դիմաց կնքել է պայմանագիր՝ 320 միլիոն դրամի չափով ներդրման վերաբերյալ։  Եվս 700 միլիոն դրամ գումար համայնքին կհատկացվի պետական բյուջեից։ Նշենք, որ Դաշտադեմի 377.4495 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը 822,084,793 դրամ է՝ ըստ ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 18-ի թիվ 1021-Ա որոշման:

«Փոխհատուցումը բավարար ենք համարում, որովհետև կադաստրային արժեքով բարձր է, և այդ արժեքով այդ հողերը ոչ ոք չէր գնի, ոչ գրավիչ հողեր են։ Իրականացվում է Դաշտադեմի ոռոգման ներքին ցանցի ծրագիրը՝ 220 միլիոնի չափով։ Ակնկալում ենք, որ ընթացքում հավելյալ աջակցություն կստանանք», - ասաց Դաշտադեմի վարչական ղեկավարը։

Դաշտադեմի բնակիչ Մկրտիչ Նորոյանը ապրում է «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցի  հարևանությամբ։ Այստեղ նա հիմնել է զբոսաշրջային բիզնես՝ «Համ ու հոտ Խուտա Մգրոյի մոտ» հանգստի գոտի։

«Արտերկրից շատ զբոսաշրջիկներ են եկել։ Դրսի հայերին ու եվրոպացիներին հետաքրքրում է մեր ճարտարապետությունը, բայց Հայաստանից քիչ են գալիս։ Տուրիստին ընդունում ենք որպես հարազատ մարդ, մեր գյուղական սնունդն ենք տալիս, մեր մշակած պանիրը, մածունը, ծիրանը ծառից են քաղում։ Մեր այգին ստիպված խմելու ջրով ենք պահում, ոռոգման ջրի խնդիր ունենք։ Թեկուզ ամիսը երկու անգամ էլ ջրես, չես կարող այդպիսով տուրիստական այգի սարքես։ Առաջնային խնդիրն այն է, որ ներքին ցանց չունենք, կայուղու ցանց էլ։ Նաև զգացվում է կլիմայի փոփոխության ազդեցությունը։ Մեզ մոտ կլիման շատ է փոխվել։ Տարի կա՝ անձրևային է, տարի կա՝ չորային։ Նախկինում  նորմալ ձմեռ էինք տեսնում, իսկ հիմա իմ երեխան չգիտի՝ սահնակն ինչ է, որովհետև ձյուն չենք տեսնում», - ասաց Մկրտիչ Նորոյանը։

Նրա համոզմամբ՝ զբոսաշրջության զարգացումը չի նշանակում հրաժարվել գյուղատնտեսությունից և անասնապահությունից։ Ընդհակառակը, դրանք նպաստում են գյուղական, մշակութային տուրիզմի, էկոտուրիզմի զարգացմանը։

«Երբ զբոսաշրջիկին առաջարկում ես քո մշակած պանիրն ու մածունը, ավելի վստահ ես, որովհետև այդ սնունդն էկոլոգիապես մաքուր է», - նշեց Մկրտիչ Նորոյանը։

Հիշեցնենք, որ «Մասդար Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող 30 միլիոն դրամով Դաշտադեմում հյուրատուն կկառուցվի։

Հուլիս 28, 2023 at 16:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր