

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սույն թվականի հունվարի 23-ին անցկացված խորհրդակցության ժամանակ ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019-2023 թթ. գործունեության հաշվետվությունը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի լրանում է ՀԾԿՀ-ի նախագահի պաշտոնավարման ժամկետը, և խորհրդակցության նպատակը ՀԾԿՀ-ի նախագահի գործունեության վերաբերյալ հաշվետվությանը ծանոթանալն է, որի հիման վրա ծավալված քննարկումների արդյունքներով որոշում կկայացվի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը զեկուցել է Հայաստանում ինքնավար էներգաարտադրության առաջընթացի մասին։ Նրա խոսքով՝ 2019թ-ի համեմատ 2023թ-ին շուրջ 22 անգամ ավելացել է ինքնավար արտադրողների քանակը և շուրջ 30 անգամ ավելացել է հզորությունը։ «Այս մասով ռազմավարական թիրախը մինչև 2030թ-ը 350 ՄՎտ է սահմանված, արդեն իսկ ունենք գործարկված 268 ՄՎտ», - ասաց Գարեգին Բաղրամյանը։
Անդրադառնալով սակագների քաղաքականությանը՝ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ըստ օրենքի հանձնաժողովը պետք է որոշի սակագները, եթե լիազոր մարմինը դիմի այդ հայցով: Այս առումով, ՀՀ վարչապետը նշել է. «Սակագինն այն է, ինչ սպառողին պիտի երաշխավորի որակ, արտադրողին՝ շահույթ: Այսինքն՝ եթե այս բալանսը խախտվում է, ուրեմն այդ սակագնային բանաձևի մեջ ինչ-որ մի բան այնպես չէ: Իհարկե, պարզ է, որ այդ ամեն ինչը մի գործողությամբ չի արվում, բայց կարծում եմ՝ այս համակարգերը բավականին երկար գործում են, և մենք պիտի կոնկրետանանք այս խնդրի լուծման մեջ և խնդիրն այս կոնկրետության մեջ ձևակերպենք»:
Անդրադառնալով վերականգնվող Էլեկտրաէներգիայի թեմային՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն Հայաստանում լավ զարգանում է և հավելել. «Մեզ պետք են համագործակցության ռազմավարական պայմանագրեր: Խնդիրը հետևյալն է՝ մենք արտադրում ենք էլեկտրաէներգիա, ի՞նչ անենք այդ էլեկտրաէներգիան՝ կուտակե՞նք: Այդ կուտակումն, ինչպես ասվեց, այսօրվա տեխնոլոգիաներով շատ թանկ է: Այս տրամաբանությամբ ավելի արդյունավետ կլինի արտադրել էլեկտրաէներգիա, արտահանել այդ էլեկտրաէներգիան, կուտակել դրանից ստացվող միջոցը և այդ միջոցը, ըստ անհրաժեշտության, հետագայում օգտագործել սեփական կարիքները հոգալու համար»:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է էլեկտրաէներգիայի որակին և նշել. «Այստեղ ակնհայտ է, որ մենք պրոբլեմներ ունենք: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այդ պրոբլեմները չեն լուծվում և ի՞նչ ենք պլանավորում անել, որ այդ խնդիրները լուծվեն: Առաջին խնդիրն էլեկտրաէներգիայի մատակարարման որակն է, որ անխափան լինի և երկրորդը՝ մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը»:
Ի պատասխան՝ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ խնդիրը նաև որոշ տեղերում որակի հետ կապված վատթարացումների է բերել և ընդգծել. «Սպասարկման որակի խախտման համար էր, որ ես ասացի, մատակարարը 580 միլիոն գումար է վճարել սպառողներին: Այսինքն, եթե 4 ժամում չի վերականգնում, օրինակ, մի խումբ սպառողների էլեկտրամատակարարում, ավտոմատ հաշվանցում է գումար հաջորդ ամսվա՝ որպես կանխավճար: Ամեն տարի մոտ 120 միլիոն դրամի տույժ է վճարում»:
«Այսինքն, այնուամենայնիվ, մեխանիզմը գործարկել ենք, որով պետք է բոլոր ստանդարտներով այդ որակի առաջընթացը տեսանելի երևա», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հունվար 24, 2024 at 14:38
