Որոտանի հիդրոկասկադը նոր սեփականատեր ունի

Որոտանի հիդրոկասկադը նոր սեփականատեր ունի

Որոտանի հիդրոկասկադը  նոր սեփականատեր ունի։ Այն շահագործող «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը 2022 թվականի վերջին ձեռք է բերել ԱՄՆ-ում գործող KKR & Co. Inc. մասնավոր ներդրումային ընկերությունը։

ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի 2024-2026թթ-ի ծրագրում այս գործարքը նշվում է որպես «անորոշության գործոն»։ 

««Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն ներկայում մարում է Վերականգնման վարկերի բանկից (KfW) Եվրոյով ստացված վարկը, ինչպես նաև 3 այլ ՄՖՀ-ներից, այդ թվում՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայից, ԱՄՆ դոլարով ստացված վարկեր: Այս առնչության հարկ է նկատել, որ 2020թ. ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքները դրամի նկատմամբ աճել էին, մինչդեռ 2021թ. և հատկապես 2022թ. դրամը արժևորվել է և կայուն պահպանում է այդ բարձր մակարդակը։ 2019թ. ընկերության գործունեությունը եղել է շահութաբեր, 2020թ. COVID-19 համավարակի հետևանքով տնտեսական ակտիվության կտրուկ նվազման հետ մեկտեղ, ընկերությունն արձանագրել է հասույթի մոտ 25 տոկոս կրճատում, ինչը խիստ ազդեցություն է ունեցել ընկերության գործունեության՝ առանց արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան գնելու կամ փոխհատուցում վճարելու պարտավորությունն ակտիվացնելու: Դրան ավելացան նաև արտարժույթի փոխարժեքի հետ կապված վնասները՝ ԱՄՆ դոլարի և Եվրոյի նկատմամբ արժեզրկման հետևանքով, ինչը հանգեցրեց պարտքի սպասարկման առավել մեծ ծախսերի: Արդյունքում, 2020թ. ընկերությունն արձանագրել է սեփական կապիտալի բացասական մակարդակ՝ չնայած բաժնետերերի կողմից հավելյալ սեփական կապիտալի ներարկմանը: Ընկերությունը շարունակում է սպասարկել իր վարկերը՝ շնորհիվ բաժնետերերի հավելյալ աջակցության, որոնք տրամադրել են ավելի քան 10 մլրդ դրամ ծավալով արտակարգ աջակցության վարկ (համարժեք է ընկերության 2020թ. հասույթին): 2021թ․ ընթացքում բաժնետերերի կողմից նորից կատարվել է սեփական կապիտալի ավելացում։

Հասույթի գեներացումը բարելավվել է 2021 թվականին, գերազանցելով 2019 մակարդակը և ապահովելով էականորեն ավելի բարձր շահույթ, դրական միտումը շարունակվել է 2022թ․, երբ ընկերությունները արձանագրել է 2019թ․ շահույթը գերազանցող մակարդակ։

Մայր կազմակերպության կողմից աջակցությունը առկա էր նաև 2022 թ․, սեփական կապիտալի մոտ 2 միլիարդ դրամի չափով ներարկումով, որը մասամբ փոխհատուցել էր բաժնետերերի վարկի ավելի մեծ մարումները:

Ֆիսկալ ռիսկի կարգավիճակը շարունակում է մնալ «էական»՝ հաշվի առնելով ընկերության ֆինանսական վիճակը և այն փաստը, որ ընկերությանը չեն բավարարում հաստատված սակագները: Սակայն շահույթի մակարդակի վերականգնումը և այն փաստը, որ բաժնետերերը հանդիսացել են և շարունակում են հանդիսանալ շահութաբեր ընկերությունների խումբ, որը աջակցել է ընկերությանը առանձնահատուկ դժվար 2020թ. ընթացքում և ներկայում շարունակում է իր աջակցությունը, հարկաբյուջետային ռիսկի կարգավիճակը փոխվել էր միջինի։ Միաժամանակ անորոշության մեկ այլ գործոն է մայր ընկերության ձեռքբերումը KKR խմբի կողմից, ինչի արդյունքում կարող է փոխվել խմբի և որոշակի երկրներում դրա ներդրումների մասով քաղաքականությունը: Այս ձեռքբերման արդյունքում խմբի վարկային բեռն ավելացել է և Ֆիտչի կողմից խմբի վարկանիշը դասակարգվել է որպես «բացասական դիտարկում»», - նշված է ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի 2024-2026թթ-ի ծրագրում։

Հիշեցնենք, որ 10 տարի առաջ Ոորոտանի հիդրոկասկադը վաճառվեց «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ին՝ 180 միլիոն դոլարով, ինչը մտահոգություններ առաջացրեց հասարակության և մասնագետների շրջանում։  

Որոտանի հիդրոկասկադն ընդգրկում է երեք՝ Սպանդարյան, «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը՝  400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Այս ՀԷԿ-երը շահագործվում են 5՝ Սպանդարյանի, Շամբի, Տաթևի, Տոլորսի, Անգեղակոթի ջրամբարների ռեսուրսներով։

Հունվար 24, 2024 at 16:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր