Հունվարի 26-ին աշխարհում առաջին անգամ նշվում է Մաքուր էներգիայի միջազգային օրը

Հունվարի 26-ին աշխարհում առաջին անգամ նշվում է Մաքուր էներգիայի միջազգային օրը

Հունվարի 26-ին աշխարհում առաջին անգամ նշվում է Մաքուր էներգիայի միջազգային օրը, հայտնում է ՄԱԿ-ը։ Այս որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2023 թվականի օգոստոսին։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօր աշխարհում 675 միլիոն մարդ ընդհանրապես ապրում է առանց էլեկտրականության, որոնց 80 տոկոսը՝ աֆրիկյան երկրներում։

«Մաքուր էներգիան անսպառ ռեսուրս է, որը միջազգային հանրությանը թույլ կտա խնայել հսկայական գումարներ և պաշտպանել շրջակա միջավայրը կլիմայական աղետներից», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր ուղերձում։

Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հրատապ անցումը մաքուր աղբյուրների օգտագործմանը թույլ կտա խուսափել կլիմայի փոփոխության վատագույն ազդեցությունից։

«Ես խորապես հավատում եմ, որ հանածո վառելիքից հեռանալը ոչ միայն անհրաժեշտ է, այլև՝ անխուսափելի: Կառավարությունները պետք է գործողություններ ձեռնարկեն՝ արագացնելու անցումը, և այն երկրները, որոնք ունեն արտանետումների ամենամեծ ծավալները, պետք է օրինակ ծառայեն»,- ասել է Անտոնիո Գուտերեշը։ Ըստ ՄԱԿ-ի ղեկավարի՝ պետք է զգալիորեն ավելացնել «կլիմայական» ֆինանսավորումը։ Բացի այդ, մինչև 2025 թվականը երկրները պետք է մշակեն նոր ազգային կլիմայական ծրագրեր, որոնք նախատեսում են ազնիվ և արդար անցում դեպի մաքուր էներգիայի աղբյուրներ։

«Ածուխից, նավթից և գազից ածխաթթու գազի արտանետում են համաշխարհային արտանետումների գրեթե 90 տոկոսը: Հանածո վառելիք դեռ գերակշռում է համաշխարհային էներգիայի արտադրության մեջ, սակայն վերականգնվող աղբյուրներն արդեն ապահովում են աշխարհում էլեկտրաէներգիայի մոտ 29 տոկոսը», - նշել է Գուտերեշը։

Հայաստանում կարևորվում է անցումն էներգիայի մաքուր աղբյուրների։ Հայաստանի համայնքներում իրականացվում են տարբեր ծրագրեր՝ ուղղված էներգաարդյունավետությանը և էներգախնայողությանը, վերականգնող էներգետիկ ռեսուրսներով էլեկտրակայանների կառուցմանը։

Որպես Փարիզյան համաձայնագրի կողմ երկիր՝ Հայաստանը «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (NDC) փաստաթղթով պարտավորվել է մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ նվազեցնել 40 տոկոսով: 

2023 թվականի դեկտեմբերի 1-ին Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP 28) ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարեց․ «Հայաստանի կլիմայական հավակնությունները մեծամասամբ խարսխված են ածխածնային տեսանկյունից չեզոք էներգիայի անցման վրա, և կլիմայական պարտավորությունների կատարումը կարող է իրականացվել միջուկային էներգիայի երկարաժամկետ և կայուն օգտագործման միջոցով»։ 

Հունվար 26, 2024 at 14:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր