ANIF-ի լուծարումից հետո ՀՀ կառավարությունը ստեղծում է նոր ընկերություն, որը կտնօրինի «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի 15 տոկոս բաժնետոմսերը

ANIF-ի լուծարումից հետո ՀՀ կառավարությունը ստեղծում է նոր ընկերություն, որը կտնօրինի «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի 15 տոկոս բաժնետոմսերը

«Այգ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի ծրագրի իրականացման և «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի 15 տոկոս բաժնետոմսերը սեփականության իրավունքով ստանալու նպատակով հիմնադրվում է «Արևային էներգետիկայի զարգացման» ՓԲԸ-ն։ Ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Այս որոշումը գործադիրն ընդունեց ս․թ․ հունիսի 20-ին։

Որոշման ընդունումը կապված է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ANIF) լուծարման հետ։ ANIF-ը ՀՀ կառավարության ներքո գործող կառույց էր, որը տնօրինում էր արաբական «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի 15 տոկոս բաժնետոմսերը։ ANIF-ը լուծարվեց, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) այստեղ արձանագրեց մի շարք խնդիրներ՝ կապված անորոշ մանդատի, թափանցիկության ու հաշվետվողականության ցածր մակարդակի հետ։ ANIF-ը գործեց 2019-ից 2024 թվականները։

Ընկերության լուծարումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվեց ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ANIF-ին պատկանող «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ բաժնետոմսերը ՀՀ նվիրելու նպատակով նվիրատվության գործընթացը կազմակերպելու համար։

2024 թվականին «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ, և արաբական կողմը դեմ է արտահայտվել ընկերության 15 տոկոս բաժնետոմսերի՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ուղիղ տնօրինելուն և կառավարելուն։ Արաբական կողմը նշել է, որ չի ցանկանում պետության հետ ուղիղ բաժնետիրական գործարքի մեջ մտնել։ 2025 թվականի ապրիլին Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական կողմն առաջարկել է նոր բաժնետիրական ընկերության հիմնադրման և վերջինիս բաժնետոմսերի փոխանցման միջոցով դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Բանակցությունների արդյունքում արաբական կողմն ընդունելի է համարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացրած առաջարկը և տվել գրավոր համաձայնություն՝ նոր բաժնետիրական ընկերության հիմնադրման միջոցով և վերջինիս բաժնետոմսերի փոխանցման միջոցով դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Բանակցությունների արդյունքում արաբական կողմն ընդունելի է համարել հայկական կողմի ներկայացրած առաջարկը։ Այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու նպատակով հիմնադրվում է «Արևային էներգետիկայի զարգացման» ՓԲԸ-ն։ Ընկերության կանոնադրական կապիտալը կձևավորվի պետական միջոցների հաշվին, քանի որ ընկերության հիմնադիր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը և վերջինիս պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 50 հազար դրամ, որը բաժանված է 50 հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: 2025 թվականին պետական բյուջեից պահանջը կկազմի շուրջ 24 միլիոն դրամ, որը կտրամադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2025 թվականի պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներից՝ վերաբաշխման միջոցով։

Հունիս 20, 2025 at 17:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր