

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմը վերջերս հանդիպեց Տավուշի մարզի Սևքար բնակավայրի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների և բնակիչների հետ։ «Էկոլուր»-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը ներկայացրեց ՀՀ պետական կլիմայական քաղաքականությունը, համայնքների դերն այդ քաղաքականության իրականացման գործում։ Հանդիպման մասնակիցներն իրենց հերթին պատմեցին գյուղում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների, կլիմայական մարտահրավերների մասին։

«Եթե 10 տարի առաջվա եղանակային պայմանների հետ համեմատենք, մեզ մոտ այլևս նույն ձմեռը չէ։ Հիմա տաքացել է բավականին։ Նախկինում ավելի ձյունառատ էր, տեղումները շատ էին, իսկ այս տարիների ընթացքում աստիճանաբար նվազել է, և բնության վրա ազդում է։ Գյուղում եղևնիներ ունենք։ Նախորդ տարի չորանում էին։ Այս տարի տեղումները շատ էին, միգուցե բարենպաստ ազդեցություն թողնի, չչորանան ծառերը»,- նշեց Սևքար բնակավայրի գրադարանի գրադարանավար Գայանե Վարշամյանը։

Սևքարի հիմնական խնդիրը ջրի անբավարարությունն է։ «Ոռոգման ջուր չունենք ընդհանրապես։ Պետք է դրսից բերեն, Ջողազի գյոլ ենք ունեցել ժամանակին։ Պատերազմից հետո էլ չկա։ Մեր գյուղի առուն մի փոքր առու է։ Մի մետր ոռոգովի հող չունենք։ Դրա համար էլ մեզ մոտ այգի չունենք, տնամերձեր են։ Ծորակի ջրից մի քիչ գողանում ենք, լվացքը քիչ ենք անում, այդպես են տնամերձերը ջրում։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, դաշտավարությունը ու խոպանը»,- նշեց ՏԻՄ-ի ներկայացուցիչը։

Գյուղատնտեսության զարգացմանը Սևքարում բացի ջրի պակասից խոչընդոտում է նաև հողերի պարարտացման անհնարինությունը։ «Ցանքսերը պակասել են, մեկ հեկտար վարից 10-15 ցենտներ բերք հազիվ ենք ստանում։ Ցորեն, գարի ենք ցանում։ Բերք չկա, չի արդարացնում։ Նախորդ տարի 160-170 հեկտար ցանքս ենք ունեցել, իսկ այս տարի ընդամենը 60 հեկտար։ Ժողովուրդը չեն ցանում։ Ո՛չ ոռոգում ունենք, ոչ սնուցում։ Ազոտական կամ ֆոսֆորական պարարտանյութը շատ թանկ է, ժողովուրդ չի կարողանում առնել։ Դրա համար էլ ցանքս չենք անում»,- նշեցին բնակիչները։ Իսկ բնական տարբերակով հողի պարարտեցումը նույնպես ծախսատար է․ «Հողը պարարտացնելը մեծ ծախսերի հետ է կապված։ Դաշտեր տեղափոխելը խնդիր է։ Մեկ հեկտար հողը պարարտացնելու համար 40 տոննա գոմաղբ է պետք։ Այդ 40 տոննա գոմաղբ տեղափոխելը մեծ խնդիր է։ Պետք է անձնական ամեն ինչն ունենաս։ ֆերմեր ունենք, ինքը և՛ տեխնիկա ունի, և՛ բարձող, և՛ տեղափոխող։ Նա իր դաշտերը պարարտացրել է օրգանական տարբերակով»։

Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև բնակավայրում էներգետիկ այլընտրանքային աղբյուրների կիրառելիությունը։ Բնակիչները նշեցին, որ գազին այլընտրանք են տեսնում անտառից օգտվելը։ Արևային էներգետիկայի կիրառումը իրենց բնակավայրում դեռևս տարածված չէ, արևային վահանակները քչերն են տեղադրում։ «Առայժմ չեն օգտվում մեզ մոտ այդքան ակտիվորեն։ 650 բնակչից երևի 5-10 են օգտագործում արևային պանել, մնացածը գազ կամ հոսանք»,- նշեցին բնակիչները։
Թեև Սևքարի հարուստ բնության և պատմամշակութային կառույցների առկայությանը՝ զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան։ «Տուրիզմը չի զարգանում»,- նշեցին բնակիչները։

Գայանե Վարշամյանը նշեց, որ զբոսաշրջության զարգացմանը կարող է նպաստել ներկայում գյուղում իրականացվող «Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը»։ «Սևքարը լավ բնություն ունի, կարելի է զարգացնել տուրիզմը։ Հիմա ծրագիր կա։ Պետությունը տրամադրում է ֆինանսավորում, մարդկանց աջակցում է, որ տներ կառուցեն։ Միգուցե այդ տները հյուրատներ դառնան, տուրիզմը զարգանա։ Դրսից մարդիկ գան այստեղ հանգստանալու համար և մնալու տեղ ունենան։ Մինչ այս եթե ուզում էին մարդիկ գյուղ գան, մնալու տեղ չկար, հյուրատներ չունենք»,- նշեց Գայանեն։
Հանդիպմանը ներկա պատանիները նշեցին, որ փորձում են բնակավայրում բարձրացնել կլիմայի փոփոխության ազդեցության մասին համագյուղացիների իրազեկվածությունը։ «Դպրոցի տարածքում ծառատունկեր ենք կազմակերպել։ Նախագծային աշխատանքներ ենք անում, գրքեր ենք պատրաստել, բնապահպանական բուկլետներ և բնակչությանը բաժանել։ Բնապահպանական թեմաներով սեմինարներ ենք դպրոցում արել տարբեր դասարանների աշակերտների հետ»,- պատմեցին նրանք։

Դպրոցական Անահիտ Խեմչյանը նշեց, որ նախագծային աշխատանքը վերաբերում էր էներգախնայողության թեմային։ «Ուսումնասիրել ենք մեր տան մեջ օգտագործվող սարքերը, թե որքան էլեկտրաէներգիա են ծախսում, որի օգտագործումն է հնարավոր մի փոքր պակասեցնել։ Մեր ուսումնասիրությունների հիման վրա գիրք ենք պատրաստել։ Ներկայացրել դպրոցի տնօրենին, աշակերտներին»,- ասաց նա։ Ռոզա Ջուլհակյանն առաջարկեց երիտասարդներին իրենց կողմից կատարված աշխատանքը ներկայացնել համայնքապետարան ու մարզպետարան։
Հունիս 17, 2025 at 14:32
