Կլիմայի փոփոխության մարտահրավերներն ու համայնքային արձագանքը Թալինում. խորհրդակցություն՝ փորձագետների, պատգամավորների և ՏԻՄ-ի մասնակցությամբ

Կլիմայի փոփոխության մարտահրավերներն ու համայնքային արձագանքը Թալինում. խորհրդակցություն՝ փորձագետների, պատգամավորների և ՏԻՄ-ի մասնակցությամբ

2025թ․հուլիսի 29-ին Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։

Խորհրդակցությանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Թալինի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Շրջակա միջավայրի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։

Խորհրդակցության նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաև համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն կլիմայական մարտահրավերների և հասցեագրման կարիքների և հնարավորությունների վերաբերյալ և երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ։

Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։

Նախաձեռնությունն աջակցում է խորհրդարանին՝ դառնալու առավել ներառական, թափանցիկ և հաշվետու քաղաքացիների առաջ՝ կիրառելով տարբեր գործիքներ ու հարթակներ։

FORSETI ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը նշեց․«Սա այն հարթակն է, որտեղ հնարավոր է երկխոսել և փոխանակվել գիտելիքներով ու առաջարկներով։ Մեր նպատակն է՝ ոչ միայն տեղեկացնել կլիմայական ծրագրերի մասին, այլև՝ լսել համայնքներից՝ թե նրանք ինչպիսի պարտավորություններ ունեն, ինչ մարտահրավերների են բախվում, և ինչպես կարող ենք համատեղ լուծումներ գտնել։

Այսօր քննարկելու ենք, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում Արագածոտնի մարզի վրա, և ինչ քայլեր են ձեռնարկվում՝ այդ ազդեցություններին արձագանքելու համար։ Միաժամանակ, պատգամավորները ներկայացնելու են իրենց անելիքները»։

ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը կարևորեց համայնքների դերը կլիմայի փոփոխության ազդեցությունների առաջին գծում հայտնվելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ համայնքների կարիքների պատշաճ գնահատումը առանցքային է՝ ռիսկերն արդյունավետ նվազեցնելու և կայուն զարգացման ուղղությամբ երկարաժամկետ քայլեր իրականացնելու համար։

«Կլիմայի փոփոխության ճիշտ գնահատման համար պետք է նաև մանրամասն ուսումնասիրել մեր երկրի ռելիեֆը, կլիմայական առանձնահատկությունները՝ համայնք առ համայնք։ Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ պատրաստ ենք լսել համայնքների առաջարկներն ու բարձրացված հարցերը և օրենսդրական նախաձեռնությունների տեսքով դրանք ներկայացնել խորհրդարան», – նշեց պատգամավորը։

Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը կարևորեց միջոցառման անցկացումը՝ նշելով, որ նման ձևաչափով քննարկումները լուրջ հնարավորություն են տեղի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար։ Նա իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպիչներին և ընդգծեց, որ պատրաստ են համագործակցել և ներկայացնել համայնքային զարգացման տեսլականը։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը նշեց, որ շատ կարևոր է ժամանակին տեղեկացված լինել կլիմայական ցուցանիշների և արտակարգ եղանակային երևույթների մասին։

Նա անդրադարձավ Թալին համայնքի ստանձնած միջազգային պարտավորություններին։ «Թալինը միացել է Եվրամիության «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին, որի շրջանակներում պետք է մշակվի էներգետիկ կայուն կառավարման ու կլիմայի հարմարվողականության ծրագիր, որը կուղղորդի համայնքը դեպի կայուն զարգացում։ Այս գործընթացում առանցքային է էներգետիկ կառավարման համակարգի ներդրումը համայնքներում՝ լինի դա էներգետիկ կառավարիչի հաստիքի կամ գործառույթների կառավարման տեսքով», - նշեց Դիանա Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ դեռևս 2023թ․ՄԱԶԾ-ի աջակցությամբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրականացրել է Թալին համայնքի էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման գործընթացի վերաբերյալ վերլուծություն։ Այդ տվյալները հիմք են հանդիսանում այսօր վերսկսված քննարկումների համար։

«Թալինը բախվում է բարդ կլիմայական պայմանների, սակայն միաժամանակ ունի արևային էներգիայի օգտագործման բարձր ներուժ։ Այսօր արդեն համայնքում իրականացվում են մի շարք սուբվենցիոն ծրագրեր, որոնք ունեն կլիմայական ուղղվածություն՝ շենքերի էներգաարդյունավետ վերանորոգում, մանկապարտեզներում և հանրային շենքերում արևային կայանների տեղադրում։ Կարևորը՝ խնդիրները հստակ ձևակերպվեն համայնքի կողմից, ինչն էլ կդառնա պետական և սուբվենցիոն ծրագրերի ճիշտ ուղղորդման հիմք։ Շատ կարևոր է, որ համայնքը մասնակցի այս գործընթացներին։ Եթե տեղի բնակիչները ճանաչում են խնդիրը և կարող են լուծումներ առաջարկել, նրանք կարող են բարձրաձայնել այդ մասին և պահանջատեր լինել», – ասաց Դիանա Հարությունյանը։

Հաջորդ հրապարակումներում կներկայացվեն Թալին համայնքի կլիմայական ռիսկերը, մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված առաջարկությունները, փորձագետների և տեղի բնակիչների կարծիքները։

Օգոստոս 06, 2025 at 13:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր