«Գոշ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Գոշ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը այցելեց «Գոշ» փոքր ՀԷԿ: «Գոշ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի վարչական տարածքում` Նորգետիկ գետի վրա (գետի երկարությունը՝ 8 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԳՈՇ ՀԷԿ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2008թ-ին:
  • Ըստ նախագծի` «Գոշ» ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 248մ է, հաշվարկային ճնշումը` 240մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը` 0.2 մ3/վ, դրվածքային հզորությունը  364 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 0.290956 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 1,24   կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 24.09.2008- 24.09.2023թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 26.12.2011-26.12.2014թթ:
  • Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ջրառի կոորդինատները  չեն համապատասխանում իրական կոորդինատներին։
  • Ջրօգտագործման թույլտվությամբ «Գոշ» ՓՀԷԿ-ը կարող է տարվա 12 ամսվա ընթացքում վերցնել 2334.74 խմ ջուր՝ ապահովելով 0.01խմ/վ բնապահպանական թողք:
  • Ջրառի եւ ջրթողի կետերում ջրաչափական դիտակետեր չկան։
  • Ազատ ջրօգտագործման պահանջները չեն կատարվում, քանի որ Գոշ համայնքի ներսում գտնվող գլխամասը ցանկապատված չէ: Այն մեծ վտանգ է ներկայացնում թե՛ երեխաների, թե՛ անասունների համար։ ՓՀԷԿ-ի շենքը ցանկապատված է միայն ճանապարհի կողմից, գետի և Գոշ գյուղի կողմից մուտքը բաց է։
  • Նախագծով նախատեսված է հողաբուսաշերտի պահպանություն, հետագա օգտագործում: Իրականում նկատելի չէր նման  բնապահպանական միջոցառման իրականացումը:
  • «Գոշ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծով նախատեսված է գլխային հանգույցում ձկնանցարան, իրականում այն բացակայում է: Ձկնանցարանի չլինելը հիմնավորվում է հոսանքով դեպի ներքև՝ 5-6 մետրից հետո, բնական ջրվեժի առկայությամբ, որի խորությունը մոտ  4-5 մ է։
  • Նորգետիկում հնարավոր է միայն կարմրախայտի առկայություն: Գետակի հունի վրա գտնվող բնական սահանքները, ջրվեժները, ՓՀԷԿ-ի գլխամասի հարակից տարածքում առկա բետոնապատ պատերը անհնար են դարձնում կարմրախայտի հնարավոր տեղաշարժը գետակն  ի վեր և ի վար։
  • Տրանսֆորմատորը տեղադրված է գետի ափին, այն դեպքում, որ բավարար տեղ և հնարավորություն կա այն հնարավորինս գետից հեռու տեղադրելու համար։
  • Տրանսֆորմատորի տակ բացակայում է յուղորսիչ։
  • Կայանում տեղադրված է «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության 3 հիդրոագրեգատ։ Զգալի էր կայանային հանգույցի շրջակա տարածքներում աղմուկի ազդեցությունը:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով՝ 2014թ-ին «Գոշ» ՓՀԷԿ-ը աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 290956 կՎտ: էլեկտրաէներգիա:
  • «Գոշ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծով ՓՀԷԿ-ի խողովակաշարը նախատեսված էր ստորգետնյա, իրականում այն վերգետնյա էր` բացառությամբ այն հատվածների, որտեղ հատվում էր գրունտային ճանապարհների հետ: Խողովակաշարի երկարությունն ըստ նախագծի՝ 2990մ է, տրամագիծը՝ 520մմ:
  • Նորգետիկի վրա կառուցված  «Գոշ» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 37.3%:
  • Տարածքներում տեսողական զննումով ռեկուլտիվացիայի միջոցառում չի կատարվել: Այդ միջոցառման անհրաժեշտություն չի առաջացել, քանի որ խողովակաշարը տեղադրված է վերգետնյա:
  • «Գոշ» ՓՀԷԿ- ը գտնվում է  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից մոտ  2500մ հեռավորության վրա, «Գոշ» ՓՀԷԿ- գլխամասային հանգույց Գոշավանքից`  ուղիղ գծով   350 մ հեռավորության վրա։
  • ՓՀԷԿ-ն  ունի 2 աշխատող։ Շահագործող անձնակազմը մասնագիտական ունակություններ չունի։
  • 2014թ-ին բնապահպանական տեսչությունը ՓՀԷԿ-ին տուգանել է 200 000 դրամի չափով բնությանը 476.09 հազար դրամի վնաս պատճառելու համար (ՋԹ-ի պահանջների չկատարում):

Առաջարկություններ

  • Տեխնիկական վերազինման և ժամանակակից ագրեգատների տեղադրման պայմաններում (ներկայումս տեղադրված 3 ագրեգատի փոխարեն կարելի է տեղադրել մեկ եվրոպական ստանդարտի ագրեգատ)կայանի արդյունավետությունը հնարավոր է զգալի բարձրացնել և ապահովել սանիտարական նորմաները։
  • Անհրաժեշտ է ցանկապատել ողջ գլխամասային հանգույցը՝ մարդկանց և կենդանիների հնարավոր մուտքը արգելելու և անվտանգության պայմաններն ապահովելու նպատակով։
  • Նմանատիպ փոքր հզորության կայաններն  սակավաջուր սեզոններին ընդհանրապես պետք է կանգնեն, իսկ ջրառատ սեզոնին հնարավորինս մաքսիմալ օգտագործեն ջրային պաշարը։ Իհարկե, դրա համար պետք կլինեն ներդրումներ։
  • Անհրաժեշտ է գլխամասից հեռացվող ջուրը տանել փակ կառուցվածքով՝ բարելավելով համայնքով անցնող գրունտային ճանապարհի օգտագործման պայմանները։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Հունիս 08, 2015 at 12:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր