

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը այցելեց «Խաչարձան» փոքր ՀԷԿ: «Խաչարձան» փոքր ՀԷԿ-ի կայանը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Խաչարձան համայնքի վարչական տարածքում, իսկ գլխամասը` «Դիլիջան» ազգային պարկում: ՓՀԷԿ-ը կառուցված է Խաչարձան գետի վրա (գետի երկարությունը՝ 18կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԳՈՇ ՀԷԿ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2009թ-ից:
- Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի` ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 54.6մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը` 1.5մ3/վ է, դրվածքային հզորությունը 650 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 1.3500625 մլն.կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 23.12.2009- 23.12.2024թթ., ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 17.12.2009-17.12.2012թթ.:
- Գլխամասում առկա է 9 աստիճաններով ձկնացարան: Ձկնացարանի կառուցվածքը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում գետում բնակվող ձկների` հատկապես փոքր չափեր ունեցող Կուրի բեղաձկանի և արևելյան տառեխիկի սեզոնային տեղաշարժերի համար: Ձկնացարանի ամենավերին մասում առկա էին ավազով լցված տոպրակներ, որոնցով կարող էին փակել ձկնանցարանի մուտքը վերևից, որի արդյունքում գետի ջուրը կհոսեր միայն դեպի խողովակաշարը: Ընդհանուր առմամբ, գլխամասի ձկնանցուղին լիարժեք չի կարող ապահովել գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժը:
- Առկա է ձկնապաշտպան ցանց:
- Խաչարձան գետում` ՓՀԷԿ-ի գլխամասի տարածքում կարող են հանդիպել հետևյալ տեղաբնակ ձկնատեսակները՝ կարմրախայտ Salmo fario, Կուրի բեղաձուկ Barbus cyri, արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii: Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ չկան:
- Բնապահպանական թողքը «Խաչարձան» ՓՀԷԿ-ի նախագծով սահմանված է 0.06խմ/վ, իսկ Ջրօգտագործման թույլտվության մեջ բնապահպանական թողքի չափաքանակ սահմանված չէ: Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված չէ, թե քանի ամիս ՓՀԷԿ-ը կարող է ջրառ իրականացնել: Նշված է, որ տարեկան ՓՀԷԿ-ը կարող է վերցնել 19360.0 հազար խմ ջուր:
- Դիտարկման պահին բնապահպանական ելքի անցումը դեպի գետ ապահովված էր ձկնանցարանով, սակայն տեսողական զննումով այն պակաս էր ընդունված բնապահպանական թողքի չափաքանակից և բավարար չէր ինչպես ձկների տեղաշարժի, այնպես էլ գետի /որը համարվում է հատուկ պահպանվող տարածքի գետ/ էկոհամակարգի պահպանման համար:
- «Խաչարձան» ՓՀԷԿ-ի 1740 մ երկարությամբ ճնշումային խողովակաշարի մոտ 1600 մետրն անցնում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքով: Այն նախագծով պետք է լիներ ստորգետնյա: Սակայն իրականում յուրաքանչյուրը 700մմ տրամագծով 1740 մետր երկարությամբ 2 խողովակաշարները ամբողջովին վերգետնյա են, ինչի արդյունքում աղավաղվել է հատուկ պահպանվող տարածքի բնական լանդշաֆտը: Խողովակաշարն իր ամբողջ երկարությամբ խոչնդոտում է վայրի կենդանիների բնական տեղաշարժին:
- Խաչարձան գետի վրա կառուցված «Խաչարձան» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության (1740մ) տոկոսային հարաբերությունը գետի (18կմ) երկարության հետ կազմում է 9.66%:
- ՓՀԷԿ-ի շենքում, նախագծային լուծումներին համապատասխան, տեղադրված է «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության երեք ագրեգատ, սակայն աշխատում էր մեկը: Համաձայն ՓՀԷԿ-ի ղեկավարության` երեք ագրեգատներն աշխատում են միայն ապրիլ-մայիս ամիսներին:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով՝ «Խաչարձան» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 844658 կՎտ էլեկտրաէներգիա:
- Ցանկապատված է միայն ՓՀԷԿ-ի տրանսֆորմատորային ենթակայանը, որտեղ տեղադրված է մեկ տրանսֆորմատոր: Այն կահավորված է յուղահավաք համակարգով:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախագծին համապատասխան տեղադրված է անջրթափանց հորով զուգարան:
- Ըստ նախագծի` նախատեսված է 15 հատ փշատերև ծառի տնկում և սիզամարգով կանաչապատում, ինչը չի արվել: ՓՀԷԿ-ի կայանի հարեւանությամբ գտնվում են Խաչարձան համայնքի արոտավայրերը:
- Ազատ ջրօգտագործման պահանջը չի կատարվում, քանի որ ՓՀԷԿ-ի վերգետնյա խողովաշարը փակել է գետ մոտենալու մուտքը:
- Ջրառում տեղադրված է քանոն, որն, ըստ ընկերության ներկայացուցիչների, կնքված է:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափիչ սարք ջրառում չկար:
- Կայանային հանգույցում գործում է կիսավտոմատ կառավարման համակարգ:
- Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:
- ՓՀԷԿ-ը 2015թ-ին բնապահպանական տեսչության կողմից տուգանվել է 200 հազար դրամի չափով:
Առաջարկություններ
- Համապատասխանեցնել ձկնացարանի կառուցվածքն այդտեղ բնակվող ձկների կենսական պահանջներին:
- Վերանայել ՓՀԷԿ-ի հաշվարկային և բնապահպանական ելքերի չափաքանակները և ըստ այդմ ՋԹ-ում սահմանել և բնապահպանական թողքը, և ամսական ՓՀԷԿ-ին հատկացվող ջրաքանակը:
- Գլխամասից հեռացող վերգետնյա խողովակները /2 հատ 720 մմ-ոց/ լրացուցիչ արգելքներ կարող են ստեղծել «Դիլիջան» ազգային պարկում ապրող կաթնասունների և այլ կենդանիների ազատ տեղաշարժի համար: Ձեռնարկել միջոցառումներ` ուղղված գետային և ցամաքային էկոհամակարգերի պահպանմանը /համապատասխան մասնագետների խորհրդատվությամբ, կամ մասնակցությամբ/:
- Ջրառում տեղադրել համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափիչ սարք եւ ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ:
- Կայանային տարածքում իրականացնել կանաչապատման աշխատանքներ:
![]() |
|
|
|
|
|
![]() |
|
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
|
![]() |
|
|
|
|
![]() |
|
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Օգոստոս 18, 2015 at 15:37










