

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Որոտնա ՀԷԿ» փոքր ՀԷԿ: «Որոտնա ՀԷԿ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտան համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի վրա (երկարությունը 178 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
ՓՀԷԿ-ի կառուցման նախագիծը ՀՀ բնպահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում չկա:
- «Որոտնա» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2005թ-ին:
- Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 50.5մ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը՝ 3 մ3/վ, ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը՝ 1200կՎտ, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 7.659021 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 04.05.2015-04.05.2020թթ.., շահագործման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) ժամկետը` 04.05.2015-04.05.2020թթ.:
- ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրահեռացման կետերի իրական կոորդինատներն ու ծովի մակարդակից բարձրությունները համապատասխանում են ՋԹ-ում նշված կոորդինատներին:
- Ջրառը կատարվում է պատվարային եղանակով, որի երկարությունը 17մ է, բարձրությունը՝ 2,6մ: Պատվարը կահավորված է «Ֆյուստ Գեյթ» փականով:
- Պատվարի աջ կողմում առկա է 4 աստիճաններով դասավորված մոտ 9.8 մ երկարությամբ, մոտ 1.0-1.1 մ լայնությամբ բետոնե կասկադային ձկնանցարան: Ձկնանցարանի յուրաքանչյուր աստիճան ունի 30-50 սմ բարձրություն մեկը մյուսի նկատմամբ: Ձկնանցարանի մուտքը պատվարված է մոտ 1.2մ բարձրությամբ մետաղական կոնստրուկցիայով, որի ստորին ճեղքից ձկնանցարան է հոսում ջուրը: Ձկնանցարանի կառուցվածքի նման տիպը լիարժեք չէ գետում բնակվող ձկների տեսակների մեծ մասի գաղթի համար՝ հատկապես մանրաձկների, որոնք դիտարկման պահին կուտակումներ էին առաջացրել գլխամասի պատվարի տակ:
- Գլխամասում բացակայում է ձկնապաշտպան ցանցը: Առկա է մոտ 2.0 մ երկարությամբ ստորջրյա աղբորսիչ:
- Որոտան գետի տվյալ տեղամասում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ, Սևանի կողակ /գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/, Կուրի սպիտակաձուկ, Կովկասյան թեփուղ, արծաթափայլ կարաս: Ձկնային տնտեսություններից այստեղ պարբերաբար հայտնվում է ծիածանախայտը:
- ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3220մ է, տրամագիծը՝ 1.42մ: Դիտարկած հատվածներում այն թաղված է:
- Որոտան գետի վրա կառուցված «Որոտնա ՀԷԿ» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 3220մ), «Շինուհայր» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 1555մ), «Ապրես» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 1700մ), «Որոտան-7» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 931.37 մ), «Իշխանասար» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4356 մ), «Մանե» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4720 մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (16482.37մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (178կմ) հետ 9.25%:
- Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Որոտնա ՀԷԿ» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 79603.0 հազար խմ ջրառ՝ գետում ապահովելով 1.1խմ/վ բնապահպանական թողք: Դիտարկման պահին բնապահպանական թողքը բաց էր թողնվում պատվարի վրայից:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Որոտնա ՀԷԿ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 9086774 կՎտ էլեկտրաէներգիա:
- Կայանում տեղադրված է տեղական արտադրության 3 ագրեգատ, որոնցից դիտարկման պահին գործում էին 2-ը։
- Կայանում տեղադրված է էլեկտրական պաշտպանությունների վահանակ:
- Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված 3 տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
- Կայանի տարածքը ցանկապատված է, բարեկարգված, կանաչապատված և ծառապատ։
- Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագործմանը ներկայացվող պահանջները կատարված են:
- Լանդշաֆտը խախտված չէ:
- Ազատ ջրօգտագործման պահանջները կատարվում են:
- Աղբորսիչ ճաղվանդակից հավաքված կոշտ թափոնները, ըստ ՓՀԷԿ-ի աշխատակցի, հավաքվում են եւ հեռացվում:
- Կայանի տարածքում աղբամաններ չկան:
- Վերջին 5 տարում «Որոտնա ՀԷԿ» ՓՀԷԿ-ում տեսչական ստուգումներ չեն անցկացվել:
Առաջարկություններ
- Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
- Վերակառուցել ձկնանցարանը՝ ապահովելու ձկների նորմալ տեղաշարժը։
- Կարելի է նաև հրաժարվել պատվարից, և ջրառը փորձել իրականացնել այլ հիդրոտեխնիկական լուծումների շնորհիվ։
- Տեղադրել ժամանակակից արդյունավետ սարքավորումներ՝ լրիվ ավտոմատ կառավարման ապահովմամբ, որպեսզի հնարավորինս առավելագույնի հասցվի հիդրոէներգետիկ պաշարի օգտագործումը։
- Տեղադրել ձկնապաշտպան ցանց:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
| Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Մարտ 16, 2016 at 11:37












