Թումանյանի շրջանը պետք է անվտանգ դառնա մարդկանց առողջության համար. Հայ-չեխական կոնֆերանսի պահանջը

Թումանյանի շրջանը պետք է անվտանգ դառնա մարդկանց առողջության համար. Հայ-չեխական կոնֆերանսի պահանջը

Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում չեխական «Արնիկա» կազմակերպության իրականացրած հետազոտությունը վերահաստատեց այս տարածքի բնակիչների օրգանիզմում ծանր մետաղների առկայությունը:

Այս մասին դեկտեմբերի 15-ին «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» ծրագրի շրջանակներում կազմակերպված առցանց կոնֆերանսին նշեց ծրագրի համակարգող չեխական «Արնիկա» ՀԿ-ի ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն։ Նա ներկայացրեց ծրագրի իրականացման նպատակն ու իրականացված աշխատանքները։

Կոնֆերանսը կազմակերպվել էր «Արնիկա» ՀԿ (Չեխիա), «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի (Լոռու մարզ, Հայաստան) և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի (Երևան, Հայաստան) կողմից:

«Լոռու մարզի լեռնահանքային տարածաշրջանի Ախթալա խոշորացված  համայնքի բնակիչների  մեզի նմուշներում ծանր մետաղների պարունակությունը» զեկույցը ներկայացրեց շրջակա միջավայրի և առողջության ռիսկերի գնահատման փորձագետ, դոկտոր Միրոսլավ Շուտան (Չեխիա): Զեկույցում ներկայացված է հայտնաբերված ծանր մետաղների ազդեցությունը մարդու առողջության վրա և հայտնաբերված վտանգները։

Ուսումնասիրությունների համաձայն՝ Նահատակի պոչամբարի հարևանությամբ բնակվող երեխաներից վերցված կենսանմուշների 94%-ի մեջ պարունակվում է մկնդեղ: Հայտնաբերվել է նաև մյուս ծանր մետաղի՝ կադմիումի առկայությունը տեղի բնակիչների օրգանիզմում:

Ծրագրի հայաստանյան գործընկեր՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ հետազոտություններին մասնակցած Ախթալայի բնակիչները պատրաստակամություն են հայտնել իրենց առողջության և տնտեսությանը հասցված վնասների փոխհատուցում պահանջել դատական կարգով։

Ծրագրի փորձագետ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը ներկայացրեց օրենսդրական դաշտի աշխատանքային իրավունքների ու պարտավորությունների կատարման վերաբերյալ վերլուծությունը:

Ելույթներով հանդես եկան «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, «Հանրային մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Մարի Չակրյանը, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչ Թեհմինե Ենոքյանը, «Երիտասարդ բնագետ-հետազոտողներ» ՀԿ-ի տնօրեն, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Բալթայանը:

Այլընտրանքային օգտագործման փորձագետ Միխայիլ Սկուլինան (Չեխիա) ներկայացրեց «Նախկին արդյունաբերական օբյեկտների այլընտրանքային օգտագործում» զեկույցը, որը քննարկվեց մասնակիցների կողմից:

Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանը,  Ախթալա համայնքի ակտիվ քաղաքացիներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ցուցադրվեց «ԷկոԼուրի» պատրաստած «Ախթալայի երեխաները «Մկնդեղի» համաստեղության տակ սոցիալական տեսահոլովակը։

«Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» ծրագիրն իրականացվել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:



Դեկտեմբեր 18, 2020 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր