ԷկոԼուր
Ջրային ռեսուրսների նկատմամբ կառավարության հանցավոր գործունեությունը հանգեցրեց Արարատյան դաշտի աղետին: Արարատյան դաշտում արդեն օգտագործում են չվերականգնվող ջրային պաշարները: ՀՀ բնապահպանության նախարարությունը ձկնաբուծարաններին տրամադրել է 1 միլիարդ 496 միլիոն խորանարդ մետր ստորերկրյա ջրի ջրօգտագործման թույլտվություն, ինչը տեղանքի վերականգնվող պաշարից 300 միլիոն խորանարդ մետրով ավելի է: Արդյունքում 7 տարվա ընթացքում 303 հորերից 122-ը չորացել են: Չորացել են նաեւ աղբյուրները: Ակնա լճի ջրի հոսքը նվազել է 75 տոկոսով: 6200 հեկտար հող մնացել է առանց ջուր:
Ստեղծված ծանր իրավիճակը օգտագործվեց Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնելու համար, ինչը կհանգեցնի մեկ այլ աղետի` թողնելով մեզ առանց քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարների: Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալի ավելացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը հավանության է արժանացել ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Արարատյան դաշտում: Ինչո՞ւ են Արարատի եւ Արմավիրի մարզերի մի քանի գյուղեր մնում առանց ջրի, եւ ու՞ր է այդ ջուրը հոսում, արդյո՞ք պետք են Սեւանա լճից ջրի լրացուցիչ բացթողումները, ո՞ւմ են պետք եւ ինչի՞ համար: Այս եւ այլ խնդիրներ ներկայացված են ԷկոԼուրի նոր` «Բիբլիական աղետ» ֆիլմում:
Ֆիլմի շնորհանդեսը եւ քննարկումը տեղի կունենա հուլիսի 4-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ): Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին: Խնդրի վերաբերյալ ձեր առաջարկությունները կընդգրկվեն առաջարկությունների փաթեթի մեջ, որը կուղարկվի ՀՀ Ազգային ժողով եւ ՀՀ կառավարություն:
Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են Նիկոլայ Դավթյանը, Վիկտորյա Բուռնազյանը, Մոնիկա Երիցյանը, Տաթեւիկ Գրիգորյանը, Գագիկ Քոչինյանը, Ինգա Զարաֆյանը:
Սույն տեսաֆիլմը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ԷկոLուր»-ի միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են «ԷկոԼուր»-ին և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:
Հուլիս 03, 2014 at 11:35