Հաղարծին գյուղի բնակիչներն ահազանգ են հնչեցնում. գյուղը դարձել է աղբի և կոյուղաջրերի զոհ

Հաղարծին գյուղի բնակիչներն ահազանգ են հնչեցնում. գյուղը դարձել է աղբի և կոյուղաջրերի զոհ

ԷկոԼուր

ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային Հաղարծին գյուղի բնակիչներն ահազանգ են հնչեցնում. գյուղը դարձել է աղբի և կոյուղաջրերի զոհ: 4000 բնակչություն ունեցող գյուղում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում, կոյուղագիծ էլ չկա: Բնակիչներն աղբից ազատվելու համար կամ այն Աղստև գետն են լցնում, կամ թափում են գյուղից վերև գտնվող անտառներում, կամ էլ ուղղակի հորում իրենց տան բակերում:

«Ամբողջ գյուղն աղբի մեջ է, աղբը մեզ ուտելու է, մեր գյուղի ամենամեծ խնդիրն է, շուտով խոլերա է սկսվելու…Աղբանոց աղբը չի տեղափոխվում, գյուղամիջում է մնում, առուների ափին, տներից մի քիչ հեռու: Մարդիկ աղբը հայաթներում են հորում: Երեխեքը փորացավ, սրտխառնոց են ունենում, ի՞նչ գիտենք՝ էտ աղբից չի…Ինչը հնարավոր է վառել՝ վառում եմ, ինչը հնարավոր չէ՝ ուղարկում եմ գետ, բա ի՞նչ անեմ: Մեր հրաշք անտառներն էլ գյուղից վերև աղբանոց են դարձել», - ԷկոԼուրի հետ զրույցում ասացին Հաղարծինի բնակիչները:

Բացի աղբից Աղստև գետում են հայտնվում նաև գյուղի կոյուղաջրերը: Բնակիչների խոսքով՝ պատահում է անգամ, երբ կոյուղաջրերը պարզապես հոսում են գյուղի փողոցներով:

«Գյուղի միջով է անցնում Դիլիջանից եկող կոյուղու մեծ գիծը, և մեր գյուղը միացած չէ այդ կոյուղագծին: Աբսուրդ է, գյուղի միջով անցնի, գյուղը չմիանա, ապշում ես ուղղակի, այսինքն, էստեղ մարդ չի ապրում», - վրդովված ասաց Հաղարծինի դպրոցի տնօրենը և հավելեց, որ աղբահանության և կոյուղագծի խնդիրը հրատապ լուծման կարիք ունի:


15:44 Հոկտեմբեր 05, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news