

ԷկոԼուր
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անտառամերձ համայնքների բնակիչներին հորդորում է ջեռուցման համար վառելափայտին այլընտրանք գտնել: Այս մասին նա նշել է հունիսի 5-ին, Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Նա, մասնավորապես, ասել է. «Բոլոր այն քաղաքացիները, ովքեր վերջին 10-20 տարի որպես ջեռուցման նպատակ անտառամերձ և ոչ ատառամերձ համայնքներում դիտարկել են փայտը, պետք է փորձեն գտնել այլըտրանքային տարբերակներ: Միաժամանակ, հետևողականորեն պայքարելու ենք ապօրինի անտառահատումների դեմ: Բիզնեսի ներկայացուցիչները ջեռուցման պահանջարկը բավարարելու համար նույնպես թող մտածեն՝ ինչ այլընտրանքային տարբերակներ կարող են առաջարկել»:
Միևնույն ժամանակ, նախարարը չի նշել, թե պետությունը վառելափայտին ինչ այլընտրանք է առաջարկում Հայաստանի սոցիալապես անապահով բնակիչներին:
Ապօրինի հատումները Հայաստանում իրականացնում են և՛ բիզնեսը, և՛ ֆիզիկական անձիք: ՀՀ դատախազության համաձայն՝ միայն 2018 թ. Հայաստանում արձանագրված շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շուրջ 84%-ը՝ 801 դեպք, եղել են ապօրինի ծառահատման դեպքեր:
Հունիս 05, 2019 at 17:32
