

Լոռու մարզում 2020թ-ին 45%-ով ավելացել են ապօրինի անտառահատումների դեպքերը 2019թ-ի համեմատ: Ապօրինի ծառահատումների դեպքերն ուսումնասիրել և ամփոփել է Լոռու մարզի դատախազությունը:
Ըստ այդմ, 2020թ. ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 263 դեպք, որոնցից 138 դեպքով հարուցվել են քրեական գործեր: Ապօրինի անտառահատումներին առնչվող 7 քրեական գործ հարուցվել է անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից տարաբնույթ առերևույթ կոռուպցիոն հանցավոր արարքների կապակցությամբ:
Քրեական այդ գործերով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 453 միլիոն դրամ: Դրանից վերականգնվել է 1 միլիոն 387 հազար 780 դրամը, մնացած մասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:
Հարուցված քրեական գործերից 26-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 29 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատախազությունը հատումների աճը կապում է անտառագոտիների նկատմամբ իրականացվող վերահսկողության, կանխարգելիչ միջոցառումների և հանցավոր հատումներ կատարողների բացահայտման գործընթացում թերությունների և արցախյան պատերազմում ռազմական գործողություններին մարզի ոստիկանության մեծ թվով ծառայողների մասնակցությամբ և այդ ընթացքում իրենց աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես կատարելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքով:
Ապօրինի հանցավոր հատումները կատարած անձանց ի հայտ չբերելու պատճառով վարույթը կասեցված գործերի քանակը կազմում է տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի ավելի քան 45%-ը: Միայն վարույթը կասեցված չբացահայտված քրեական գործերով արձանագրվել է ապօրինի հատված 3890 ծառ, իսկ պատճառված վնասը կազմել է 250 միլիոն 443 հազար 270 դրամ:
Քրեական գործերի նյութերի ուսումնասիրության համաձայն՝ որոշ դեպքեր տեղի են ունեցել ակներևության պայմաններում և կրել են տևական ու շարունակական բնույթ և չնայած դրան՝ ակնհայտորեն դուրս են մնացել անտառների պահպանության համար պատասխանատու պետական մարմինների տեսադաշտից:
Այս ամենը հաշվի առնելով՝ ապօրինի ծառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու, գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալին՝ ոստիկանության իրավասություններից բխող գործառույթների կտրուկ ակտիվացման հարցով:
Գրությամբ հրատապ անհրաժեշտություն է համարվել Լոռու մարզի վարչական տարածքի անտառամերձ ճանապարհահատվածներում ամենօրյա հսկողության սահմանումը, անտառամերձ բնակավայրերի ամենագնաց և թափքի առկայությամբ ավտոմեքենաների շարժի, նշված բնակավայրերում և հարակից տարածքներում գործող փայտամշակման արտադրամասերի, փայտագործությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերի արհեստանոցների գործունեության նկատմամբ հսկողության, ստուգումների ավելացումը, անտառային տարածքներ ունեցող բնակավայրերից, Լոռու մարզի վարչական տարածքներից ելք կատարվող ճանապարհներին ամենօրյա և 24 ժամյա ուժեղացված ծառայության սահմանումը:
Հատուկ կարևորություն է տվել ապօրինի ծառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի վարչական տարածքը սպասարկող մասնաճյուղերի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ Ոստիկանության համապատասխան ծառայությունների ակտիվ համագործակցությանը և հատկապես օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների ձեռնարկմանը՝ անտառահատման չբացահայտված հանցավոր դեպքերը, դրանք կատարող անձանց, ինչպես նաև դրանց նպաստող՝ պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
Փետրվար 17, 2021 at 15:11
