Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է

Ծիծեռնակաբերդի համայնքապատկան անտառային գոտին վերականգնվում է

Երևանի քաղաքապետարանը Ծիծեռնակաբերդի անտառային գոտու շուրջ 8.5 հեկտար տարածքում` մարզահամերգային համալիրի արևմտյան հատվածում մեկնարկել է կանաչապատման մասշտաբային նախագիծ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Այս տարի սկսել ենք վերակառուցել և պատրաստել անտառ-պուրակի հիմնումը: Ներկայումս մոտ 5.5 հա վրա ընթանում են հողային աշխատանքներ: Իրականացվում են քարհավաք աշխատանքներ, շինարարական աղբն է հավաքվում, նաև տարածքը ընդհանուր ինժեներական նախապատրաստում է անցնում: Այս աշխատանքները կտևեն 3-4 ամիս»,- ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:

Քաղաքային կանաչապատման մասնագետները մշակում են տարածքի լանդշաֆտային նախագիծը: Դեռ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանն անցկացրել է ոռոգման նոր համակարգ: Աշնանը նախատեսվում է ծառատունկ իրականացնել: «Տեղադրելու ենք տարբեր ծառատեսակներ՝ հաշվի առնելով հողային առանձնահատկությունը: Որտեղ ժայռեր են՝ կտնկենք թփեր, մյուս տեղերում՝ ծառեր: Հիմնականում ուզում ենք մեր անտառներում աճող, նաև որոշ ներմուծված ծառատեսակներ լինեն: Հաշվի ենք առնելու նաև մշտադալարության սկզբունքը»,- մանրամասնեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:

Նախագիծը տևելու է 2-3 տարի: Աշխատանքներ են իրականացվելու նաև 2022թ. գարնանը և աշնանը: «Լրացվելու են ծառերը, թփերը, և 2022թ. տարածքը կստանա իր վերջնական տեսքը»,- ընդգծեց ՀՈԱԿ-ի տնօրենը:

Նախատեսվող բարեկարգման ծրագրով հետագայում տարածքում կլինեն ճեմուղիներ, նստարաններ, արտաքին լուսավորություն:

Հունիս 16, 2021 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր