Հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարի ծառայողական ավտոմեքենան

Հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարի ծառայողական ավտոմեքենան
Սեպտեմբերի 7-ին՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական ավտոմեքենան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում երեկ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
 
Նախարարը գրել է, որ դեպքի մասին իրազեկել են ՀՀ ոստիկանություն, և ներկա պահին նյութեր են նախապատրաստվում: Ռոմանոս Պետրոսյանն իր կասկածն է հայտնել, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։ «Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, և այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։ Իսկ հնարավոր կատարողներին և/կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում եմ. մասնավորապես բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի, և մեր համառ պայքարն ավելի լայն թափով ու էլ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու»,- գրել է նախարարը։
 
 
Լուսանկարները՝ Շրջակա միջավայրի նախարարության
 

Սեպտեմբեր 09, 2021 at 10:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր