Մինչև դարեվերջ անտառային հրդեհների թիվը կկրկնապատկվի

Մինչև դարեվերջ անտառային հրդեհների թիվը կկրկնապատկվի

Կլիմայի և հողօգտագործման մեթոդների փոփոխությունը հանգեցնում է ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ անտառային հրդեհների: Մինչև 2030 թ-ը դրանց հաճախականությունը կաճի 14 տոկոսով, դարի կեսերին՝ 30 տոկոսով, իսկ դարեվերջին՝ 50 տոկոսով։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) նոր զեկույցում, հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը

Զեկույցի հեղինակները նշում են կոնկրետ առաջարկություններ  իրավիճակը փոխելու համար: Նրանք կառավարություններին առաջարկում են փոխել մոտեցումը, շեշտը դնել ոչ թե «անտառային հրդեհներին արձագանքելու» վրա, այլ դրանց կանխման և դրանց նկատմամբ պատրաստվածության բարձրացման:

UNEP-ի փորձագետները կառավարություններին խորհուրդ են տալիս անտառային հրդեհների դեմ պայքարին հատկացվող միջոցների երկու երրորդը հատկացնել դրանց պլանավորման, կանխարգելման և պատրաստվածության բարձրացման միջոցառումներին, իսկ մնացածը ծախսել արձագանքելու վրա։ Ներկայում այդ միջոցները բաշխվում են այլ կերպ: Ընդհանուր գումարի կեսից ավելին ծախսվում է բնական աղետների արձագանքման միջոցառումների վրա, իսկ կանխարգելման համար հատկացվում է մեկ տոկոսից էլ քիչ:

Զեկույցի հեղինակիները, պլանավորման և կանխարգելման միջոցառումներ ասելով, նկատի ունեն տվյալների ժամանակին հավաքագրում, դրանց վերլուծություն և մոնիտորինգի ժամանակակից համակարգերի ստեղծում՝ զուգորդված բնիկ ժողովուրդների գիտելիքների կիրառմամբ և տարածաշրջանային ու միջազգային համագործակցության ամրապնդմամբ:

Նշվում է, որ անտառային հրդեհներից հաճախ տուժում են աշխարհի ամենաաղքատ երկրները։ Աղետի հետևանքները երբեմն կարող են զգացվել տարիներ շարունակ՝ խոչընդոտելով կայուն զարգացման նպատակների իրագործմանը և սրելով անհավասարությունները: Հրդեհներն ազդում են մարդկանց առողջության և ֆինանսական վիճակի վրա։ Հրդեհից առաջացած թափոնները վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար և պետք է պատշաճ կերպով հեռացվեն: Դրանք կարող են հանգեցնել հողի էրոզիայի, ջրի աղտոտման և այլ բնապահպանական խնդիրների:

Փորձագետները հիշեցնում են, որ անտառային հրդեհները և կլիմայի փոփոխությունը փոխկապակցված են. երաշտները, տաքացումը, հարաբերական խոնավության նվազումը, կայծակն ու ուժեղ քամիները երկարացնում են շոգ եղանակը և անտառային հրդեհների սեզոնը: Միևնույն ժամանակ, անտառային հրդեհները սրում են կլիմայի փոփոխությունը՝ հիմնականում ոչնչացնելով ածխածնային բարձր պարունակությամբ էկոհամակարգերը: Անտառային հրդեհները հանգեցնում են նաև կենսաբազմազանության նվազմանը: Օրինակ, 2020 թ-ին Ավստրալիայում բնական աղետի հետևանքով ոչնչացավ մոտ մեկ միլիարդ վայրի և ընտանի կենդանի: Նշվում է, որ վտանգավոր հրդեհներ սպառնում են նաև Արկտիկային, որտեղ նախկինում նման վտանգ չկար:

Անտառային հրդեհների առումով Հայաստանը խոցելի երկիր է, այրվում են Հայաստանի անտառտնտեսությունների տարածքներն ու հատուկ պահպանվող տարածքները: Օրինակ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ամենամեծ հրդեհը 2017 թ-ին հաջողվեց մարել  ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած ինքնաթիռի օգնությամբ:

Հրդեհների հետևանքով կրճատվում են Հայաստանի սակավաթիվ անտառային տարածքները, այն դեպքում, երբ Փարիզյան համաձայնագրի ներքո «Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները» փաստաթղթով նախատեսում է անտառածածկի ավելացում Հայաստանի տարածքի 12.9% չափով մինչև 2030 թ-ը: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է 11,2 տոկոս: Այս թվին պետք է ավելացվի 1.7 տոկոս, որպեսզի Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունը: Սակայն այդ ցուցանիշը տարիներ շարունակ չի փոխվում, իսկ անտառային տարածքները կրճատվում են բնածին և մարդածին գործոնների հետևանքով:

Փետրվար 24, 2022 at 13:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր