

Հայաստանի անտառապատման ու անտառածածկի վերականգնման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական ՀԿ-ն, «Շեն» բարեգործական ՀԿ-ն ու «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը հիմնադրել են Հայաստանի անտառային դաշինքը:

Այն աջակցելու է Հայաստանին իրագործել 2015թ. ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողույթուններ/ներդրումներ»-ի՝ մինչև 2050թ. անտառների ծածկույթը կրկնապատկելու Հայաստանի հավակնոտ հանձնառությունը:

Սույն թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի անտառային դաշինքի հիմնադրման շնորհանդեսը։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց, որ ջանքերի համատեղումը լավագույն լուծումն է թիրախներին հասնելու ու խնդիրները հաղթահարելու առումով: «Համոզված եմ՝ համատեղ ուժերով ավելի նպատակային կաշխատեք: Այս համագործակցությամբ կարող ենք նոր մակարդակի հասցնել կառավարություն-հասարակական սեկտոր-հանրություն հարաբերությունները»,- ընդգծեց նա:

«Շեն» բարեգործական ՀԿ-ի վարչության նախագահ Հայկ Մինասյանը նշեց, որ դաշինքը զբաղվելու է անտառապատման համար հողատարածքների հատկացման հարցերով: «Հայաստանը ստանձնել է դժվար պարտավորություն՝ հիմնելու 260 հազար հեկտար անտառ: Մենք հասկանում ենք, որ այդ անտառները չեն լինի «Հայանտառի» կառավարման տակ եղած հատվածներում: Խոսքը հանրային տարածքների մասին է: Դա շատ լուրջ մարտահրավեր է: Պիտի փորձենք հաղթահարել, պետական մարմինների հետ համեմատել, պետք է աշխատանքներ տարվեն բացահայտելու այդ տարածքները»,- նշեց նա: Հայկ Մինասյանն ընդգծեց, որ շատ կարևոր ու օգտակար կլինի, եթե պետությունը հրապարակի անտառատնկման ենթակա տարածքների քարտեզ: «Եթե այդպես լինի, կարծում եմ՝ մեր բոլորի նպատակն այս ոլորտում իրագործված կլինի»,- նշեց նա: Հայկ Մինասյանի խոսքով՝ Խորհրդային Միության տարիներին տնկված 36 հազար հեկտար անտառի վիճակը ներկայում բարվոք չէ. «Ծառերի միջև ոչինչ չկա: Սոճու ծառերը կարող են ապրել հարյուր տարի: Այսինքն՝ հարյուր տարի անց այնտեղ նորից անապատ կլինի: Պետք է տնկել նոր ծառեր, անտառի տեսք տալ և անպայման ցանկապատել տարածքը»,- ասաց նա: Ըստ Հայկ Մինասյանի՝ դաշինքի առաջնահերթություններից մեկն էլ անտառային հրդեհների կանխմանն ուղղված լուծումները պետք է լինեն։

«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն Անտրէ Գումուշճեանը նշեց, որ դաշինքը հանդես է գալու հօգուտ անտառների պաշտպանության և կայուն կառավարման: «Դաշինքն աջակցելու է Հայաստանում անտառների վերականգնմանը և անտառածածկույթի ավելացմանը: Մտադիր ենք բարձրացնել հանրային իրազեկվածությունն անտառի կենսական նշանակության մասին: Կարևոր է հասկանալ անտառների կարևորությունը, նրանց սպառնացող վտանգները, դրանց պահպանման և ավելացման համար հնարավոր լուծումները»,- նշեց նա:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Ռուզաննա Առուստամյանը նշեց, որ դաշինքը բաց է նոր անդամների համար, եթե մարդիկ կիսում են իրենց տեսլականն ու վերջին երկու տարում տարեկան առնվազն տաս հեկտար անտառ են տնկել:

Հայաստանի անտառային դաշինքն ունի գիտական խորհուրդ, որի անդամներն են Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Նոյեմբեր 02, 2022 at 11:18
