

2023թ. հունիսի 26-ից Հայաստանի անտառներում մեկնարկել են ավիացիոն-կենսաբանական պայքարի միջոցառումներ։ Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախորդ տարիներին ավիացիոն պայքարը կատարվել է քիմիական եղանակով, իսկ այս տարի անցում է կատարվել կենսաբանականի։ «Պայքարի այս տեսակը միտված է առավել խորքային պայքար մղելու հիվանդությունների զարգացման և վնաստաուների վերարտադրողականւթյան դեմ՝ ապահովելով երկարաժամկետ արդյունք»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միջոցառումներն իրականացվելու են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի՝ վնասատուներով և այլ հիվանդություններով վարակված անտառային տարածքներում: Միջոցառումները մեկնարկել են Վայոց ձորի «Անտառտնտեսություն» մասնաճյուղի 1200 հա տարածքում՝ հունիսի 26-27-ը, Արագածոտնի «Անտառտնտեսություն» մասնաճյուղի 1320 հա տարածքում կիրականացվի հունիսի 28-30-ը, Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղի 1600 հա տարածքում՝ հուլիսի 1-3-ը։
Նախարարությունից հայտնում են, որ պայքարի միջոցառումների ավարտից հետո 3 օր խորհուրդ է տրվում խուսափել սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքից, իսկ աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է փակել մեղվաընտանիքների արկանոցները։
«Հայաստանի հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի համաձայն՝ 2016-2021թթ. իրականացված անտառպաթոլոգիական ոսումնասիրությունների արդյունքներով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում վնասատուներով և հիվանդություններով վարակված անտառածածկ տարածքները կազմել են շուրջ 70 հազար հա, սակայն վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքները կատարվել են միայն 2016, 2018 և 2021թթ.՝ 19 հազար 503 հա անտառածածկ մակերեսների վրա:
Նշենք նաև, որ ներկայում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճու ամբողջությամբ չորացած 8269 ծառ կա: Սոճիների չորացումը նկատվել է 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդության պատճառները դեռևս հստակ չեն՝ վարկածներից մեկը նեմատոդ վնասատուն և կեղևակերն են: Օրերս Շրջակա միջավայրի նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում՝ քննարկելու ծառերի չորացման պատճառները:
Հունիս 27, 2023 at 16:43