

Դալմայի այգիների շուրջ 200 հեկտար տարածքում նախատեսվում է նոր անտառապատ այգի ստեղծել։ Այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
2019թ-ից Դալմայի այգիներին տրվել է հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ։
Դալմայի այգիների ստեղծումը թվագրվում է Վանի թագավորության Ռուսա Բ արքայի գահակալության ժամանակահատվածին։ Դալմայի այգու մասին առաջին անգամ հիշատակվել է Ռուսա Բ-ի թողած սեպագիր արձանագրության մեջ, որը տեղադրված է Զվարթնոց տաճարի հարևանությամբ։ Դալմայի այգիները պահպանելու համար հատուկ ջրանցք էր փորվել` Հրազդան (Էլդարունիա) գետի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու համար: Դալմայի այգիները գտնվում էին Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների և Կիլիկիա թաղամասի միջև պարփակված հատվածում։ Դրանք Երևանի ամենամեծ և ամենահին պտղատու այգիներն էին և զբաղեցնում էին 750 հա տարածք։
Մինչև 2000 թ. Դալմայի այգիներն ընդգրկված էին Հայաստանի բնության պետական հուշարձանների ցանկում: Սակայն Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը և գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը չեղյալ համարեցին այգու հուշարձանի կարգավիճակը, իսկ ՀՀ կառավարությունն էլ իր հերթին Երևանի քաղաքապետարանին արտոնություն տվեց այդ վայրում քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար:
ՀՀ կառավարության 2003թ․ մարտի 27-ի թիվ 1941-Ա որոշմամբ՝ Դալմայի այգիների հողերը ներկայացված են որպես անտառային ֆոնդի հողեր և կազմում են ընդամենը 256 հա։
Դալմայի այգիներում հողակտորներ մշակող շատ վարձակալների իրենց այգիներից դուրս վռնդեցին վարձակալման ժամկետները դեռ չլրացած: 2006 թ. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը, հողօգտագործողներին Դալմայի այգիների հողատարածքներից զրկելով, խախտել է վերջիններիս իրավունքները։ Իսկ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն 2008թ. արձանագրեց, որ Դալմայի այգիների հետ կապված Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների մի քանի կետեր:
2020 թվականին ԷկոԼուրի կազմակերպած Բնապահպանական հանրային դատարանը քննել էր «Երևանի Դալմայի այգիների շարունակական զավթման վերաբերյալ» գործը և Դալմայի այգիների առնչությամբ թույլ տրված օրինախախտումները ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն, քանի որ դրանք խաթարել են Երևանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգերի և պատմամշակութային օբյեկտների ոչնչացմանը, նպաստել սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, խախտել Երևանի բնակիչների էկոլոգիական, Դալմայի այգիների հողօգտագործողների իրավունքները, ինչի հետևանքով պատճառվել է անդառնալի էկոլոգիական, մշակութային և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս։
Հունիս 20, 2023 at 17:00