

2023թ. հունիսի 14-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Կանաչ զարգացում» հարթակի ձևավորման վերաբերյալ աշխատանքային քննարկում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ըստ քաղաքապետարանի Զարգացման և ներդրումների վարչության հաղորդագրության՝ հարթակի ստեղծումը բխում է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությամբ իրականացվող Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրից:
Հանդիպման ընթացքում ամփոփ ներկայացվել են Երևանի կողմից մշակված գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները, դրանք իրագործելու նպատակով կատարված և նախատեսվող քայլերը:
Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ընդգծելով երրորդ հանձնառությունը, նշել է. «Ներկայում կլիմայի փոփոխության դեմ պայքարի ընթացքում շատ կարևոր է քայլեր ձեռնարկել քաղաքային միջավայրում էներգախնայողության և էներգաարդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով և զարգացնել վերականգնվող էներգետիկան՝ կրճատելով ածխաթթու գազի արտանետումների մակարդակը: «Կանաչ զարգացում» հարթակը պարբերաբար թարմացվելու է և ներառելու է քաղաքապետարանի կողմից իրականացված էներգաարդյունավետ ծրագրերի շնորհիվ ջերմոցային գազերի նվազեցված արտանետումների, օդի աղտոտվածության մակարդակի, խնայված էլեկտրաէներգիայի վերաբերյալ տեղեկատվություն: Այն շահագրգռելու է նաև համայնքային ենթակայության կազմակերպություններին՝ համապատասխանելու կայունության չափանիշներին և ստանալու համապատասխան «Կանաչ կնիք» հավաստագիր, շարժվելու կանաչ գնումների ընթացակարգով՝ նպաստելով կայուն սպառմանը և արտադրությանը»:
Քննարկմանը ներկա «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի կողմից հնչեցին առաջարկներ՝ նախատեսվող հարթակում ջրային ռեսուրսների կառավարման, մթնոլորտային օդի, Երևանի կլիմայական պայմանների վերաբերյալ առանձին բաժիններ նախատեսելու և պարբերաբար թարմացվող տեղեկատվություն տեղադրելու վերաբերյալ:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի Երևանի քաղաքապետարանի թափանցիկության և հաշվետվողականության գնահատման ծրագրի ղեկավար Նվարդ Մանասյանն առաջարկեց ներառել կառուցապատման նորմերի փաստացի կատարման նկատմամբ հսկողությունը մեծացնող՝ այդ թվում թափոնների կառավարման համակարգում հաշվառվող տվյալների հավաքման վերաբերյալ տեղեկատվություն:
Արդյունավետ և կառուցողական քննարկման ընթացքում հավաքված կարծիքներն ու գաղափարներիը հիմք կդառնան «Կանաչ զարգացում» հարթակի մշակման հանձնառության իրագործման գործընթացում, ինչը հնարավորություն կտա բարձրացնել իրազեկվածության մակարդակը «կանաչ» ծրագրերի իրականացման և վերահսկման նկատմամբ՝ դրանք դարձնելով թափանցիկ, նորարար և հաշվետվողական:
Լուսանկարը՝ Զարգացման և ներդրումների վարչության
Հունիս 16, 2023 at 12:52