Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչները գաջի ու ցեմենտի փոշու մեջ. ահազանգ

Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչները գաջի ու ցեմենտի փոշու մեջ. ահազանգ

Երևանի գաջի գործարանից պարբերաբար փոշու մեծ ամպ է գոյանում և տարածվում դեպի բնակիչների տներ՝ աղտոտելով թե՛ շրջակա միջավայրը, և թե՛ վնասելով մարդկանց առողջությունը: ԷկոԼուրի տեսախցիկը Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցից ֆիքսեց գործարանից փոշու արտանետումների տարածումը շրջակա բնակելի տարածքի վրա։ 

Գաջի գործարանը տեղակայված է Նոր Նորք վարչական շրջանում, Ջրվեժի խճուղու վրա՝ բնակելի շենքերից ընդամենը 640 մետր հեռավորության վրա: Գործարանի տարածքի շուրջ առկա չէ որևէ պաշտպանիչ պատնեշ, որը կկանխեր արտանետումների տարածումը դեպի բնակելի հատված:

Շրջակա միջավայրի նախարարության կայքից տեղեկանում ենք, որ գործարանը շահագործող «Գաջ» ՓԲԸ-ն դեռևս 2018թ. դիմել է գործարանում վերազինման աշխատանքներ իրականացնելու հայտով և 2018թ. հունիսի 1-ին ստացել դրական եզրակացություն

Ըստ փաստաթղթի՝ այնտեղ արտադրվում է նաև ցեմենտ: Հումքը չորացվում է վառարաններում: Նշվում է, որ վառարանից դուրս եկող ծխագազերը ենթարկվում են երկաստիճան փոշեմաքրման, և արդյունավետությունը կազմում է 80%: Յուրաքանչյուր վառարանից ծխագազերը մթնոլորտ են արտանետվում 27 մ բարձրությամբ և 0,85 մ տրամագծով խողովակներից: Աղացման արտադրամասից արտանետումները նույնպես անցնում են երկաստիճան փոշեմաքրում: Գումարային փոշեմաքրման աստիճանը կազմում է 75%: Մթնոլորտ արտանետումները արտադրամասից իրականացվում են 13 մ բարձրությամբ 0,5 մ տրամագծով չորս խողովակների օգնությամբ: Սիլոսներից փոշու արտանետումների փոշենստեցումն իրականացվում է ճկափողային ֆիլտրերի միջոցով, որոնց մաքրման աստիճանը կազմում է 80%: Սիլոսների բարձրությունը կազմում է 22 մ, արտանետման խողովակի տրամագիծը՝ 0,5 մ: 

Ըստ հայտի՝ գաջի արտադրությունը գործարանում տարեկան կազմում է 500 հազար տոննա, վերազինման արդյունքում նախատեսվում է դարձնել 250 հազար տոննա, փոխարենը՝ տարեկան արտադրելով 148 հազար տոննա ցեմենտ: Ընկերությունն, ըստ եզրակացության, պետք է արդիականացներ և ավելացներ փոշեմաքրման սաքավորումներ ևս 5 կետերում: Մասնավորապես, ջարդիչների տեղամասում տեղադրել 80% մաքրման աստիճան ունեցող ցիկլոններ, վառարանների տեղամասի երկփուլային փոշեմաքրման համակարգը արդիականացնել՝ գումարային արդյունավետությունը հասցնելով մինչև 94%, աղացման արտադրամասերում մաքրման սարքավորումների արդյունավետությունը արդիականացնել՝ փոշեմաքրման արդյունավետությունը հասցնելով մինչև 98%: 

Ըստ եզրակացության՝ գործարանում գաջի և ցեմենտի արտադրության հետևանքով մթնոլորտ է արտանետվելու կավագիպսի, գաջի, ցեմենտի և անօրգանական փոշի, հիմնականում 2-4 վտանգավորության դասի ընդհանուր 7,94 գ/վրկ, 198,1 տ/տարի վնասակար նյութեր, որից՝ ըստ գաջի՝ 84,25 տ/տարի և ցեմենտի՝ 113,85 տ/տարի: Նշված է, որ մթնոլորտում վնասակար արտանետումների ցրման հաշվարկները կատարվել են համակարգչով: Ըստ փաստաթղթի՝ փոշու սպասվելիք մերձգետնյա կոնցենտացիաները գտնվում են արդհրապարակում և բնակելի գոտիների համար սահմանված գոտիներում, ինչպես նաև սահմանային թույլատրելի արտանետումների սահմաններում:

ԷկոԼուրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունն է հրավիրում այս խնդրի վրա՝ առաջարկելով ստուգել, թե որքանով է ընկերությունը պահպանում արտանետումների համար նախատեսված նորմերը։



Հունիս 18, 2023 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր