Տավուշի մարզի Գոշ գյուղում զբոսաշրջիկներին կյուրընկալի «Արևի Գոշ» հյուրանոցը: Այն կառուցվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ:
Ծրագիրը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը, այն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF) կողմից՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
2023թ․ սեպտեմբերի 18-ին Գոշ գյուղի այցելուները ներկա գտնվեցին հյուրանոցի բացման արարողությանը, որին մասնակցում էին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի, Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ։
«Այս ծրագրով ոչ միայն աջակցում ենք հյուրանոցի կառուցմանը, այլ նաև պահանջարկ ենք ստեղծում աշխատուժի և տեղական սննդի մատակարարման։ Այս ծրագիրը շատ տիպիկ է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության մոտեցումներին, այն է` նպաստել բնական ռեսուրսների պահպանմանը, դրանց կայուն օգտագործմանը և համայնքների զարգացմանը։ Մեզ համար սա շատ կարևոր ծրագիր է»,- ասաց Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:
«Գոշ են այցելում տարեկան 1000-ավոր զբոսաշրջիկներ։ Բայց մինչ այս Գոշում չկար զբոսաշրջային խոշոր ենթակառուցվածք, այս հյուրանոցը առաջին լուրջ ենթակարուցվածքն է Գոշում, որը թույլ կտար հյուրընկալել զբոսաշրջային մեծ հոսքեր։ «Արևի» հյուրանոցը ոչ միայն լուծում է այդ խնդիրը՝ տալով զբոսաշրջիկներին գիշերակացի հնարավորություն, այլև լուրջ տնտեսական խթան է հանդիսանում համայնքի համար՝ ստեղծելով աշխատատեղեր բնակավայրի բնակիչների համար, հնարավորություն տալիս մարզի բնակիչներին իրենց գյուղմթերքն ու արտադրանքն իրացնել հյուրանոցի միջոցով»,- ասաց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը:
Հյուրանոցն իր գործունեությամբ լինելու է բնութահեն և առաջարկելու է բացառապես էկոզբոսաշրջություն՝ քայլարշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն:
«Արևի Գոշ» հյուրանոցի հիմնադիր Գևորգ Գասպարյանը նշեց, որ վերջին տարիներին գյուղում ակտիվորեն զարգանում է արտաճանապարհային տուրերի ծառայությունը, ինչի պարագայում կարևոր է ենթակառուցվածքների առկայությունը: «Վստահ եմ, որ սա լավ օրինակ կլինի գյուղի մյուս բնակիչների համար իրենց տներում նույնպես ստեղծելու նմանատիպ ծառայություններ մատուցելու հնարավորություն։ Մեր աշխատակիցների մեծ մասը համայնքից են: Համայնքում հավաքչությամբ զբաղվող մարդկանց համար նույնպես լրացուցիչ աշխատանք ենք ստեղծում»,- նշեց նա:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Հայաստանի հյուրանոցային տնտեսությունների ավելի քան 60%-ը մարզերում է, սակայն ենթակառուցվածքների զարգացման խնդիր կա։ «Մենք պետք է ունենանք միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման ռազմավարություն ու քաղաքականություն` ինստիտուցիոնալ բարեփոխումներ, օրենսդրական կարգավորումներ Հայաստանում բարենպաստ գործարար ներդրումային միջավայր ձևավորելու համար»,- ասաց նա:
Ծրագիրը մեկնարկել է 2022թ. ապրիլին և ընդգրկում է թիրախային 16 գյուղական բնակավայրեր Հայաստանի Տավուշի,Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից: Ծրագիրը կտևի մինչ 2029թ.:
«Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջոցով (SDC): Ծրագիրն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից:
Հոկտեմբեր 09, 2023 at 11:08