Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրն ունի հավակնոտ նպատակներ։ «Արի՛ Թեղուտ, վայելիր բնությունը և մաքուր օդը» կարգախոսով թեղուտցիները մտադիր են զարգացնել տուրիզմը։ Թեղուտն արագ զարգացող բնակավայր է շնորհիվ տուրիզմի։ Գյուղացիները զբոսաշրջիկներին ապահովում են գյուղմթերքով, հյուրընկալում են հյուրատներում, հյուրանոցներում։
Թեղուտի հայտնի պատմական հուշարձաններից են Հայոց թագավոր Արտաշես Ա-ի (189-160 մ.թ.ա.) թողած երկու սահմանաքարերն արամեերեն գրով։ Գյուղի հարևանությամբ են գտնվում Հաղարծին և Ջուխտակ վանքերը, որոնք հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից են։
«Զբոսաշրջիկները շատ-շատ են մեզ մոտ գալիս, այցելում են Հաղարծինի վանք, Պարզ լիճ, մեր թաքնված ջրվեժը, Դիմաց լեռ։ Ունենք 40-50 հյուրատուն, հյուրանոց, 10-15 հյուրատների կառուցման հայտեր։ Լինում է՝ հյուրատներում ազատ տեղ չի լինում», - ասաց Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանը։
Ըստ վարչական ղեկավարի՝ Թեղուտի ամենամեծ խնդիրը ջրի պակասն է։ «Գյուղն ունի շուրջ 1500 բնակիչ, ավելի քան 400 տնտեսություն։ Ջուրը ժամով է տրվում բնակիչներին․ մի կեսին 10 ժամով, մյուս կեսին՝ 14 ժամով։ Մեր գյուղի համար նոր ջրագիծն անհրաժեշտություն է», - ասաց Վախթանգ Թամրազյանը։ Նա նշեց, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կառուցել խմելու ջրի ջրագիծ։
Թեղուտի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, մշակում բանջարաբոստանային կուլտուրաներ։ Գյուղն անտառամերձ է, «Դիլիջան» ազգային պարկի հարևանությամբ է։ Ազգային պարկից թեղուտցիներն օգտվում են վառելափայտից։ «Մարդիկ հիմնականում խոշոր եղջերավոր կենդանիներ և ձի են պահում։ Դաշտ, ցորեն, գարի չունենք։ Անտառ ունենք։ Ազգային պարկի հետ ընդհանրապես խնդիրներ չունենք։ Մարդիկ հասկանում են և չեն վնասում անտառին, իրենց օրինական 8 խմ թափուկն են ստանում», - ասաց Վախթանգ Թամրազյանը։
Գյուղը գազաֆիկացված է։ Էներգաարդյունավետության և էներգախնայողության ծրագրեր այստեղ չեն իրականացվում։ «Հյուրատները մինչև 90-95 տոկոս գազով ենք ջեռուցում։ Էներգախնայողության ծրագրեր չկան։ Գյուղապետարանի տանիքի վրա արևային վահանակ է տեղադրված, մինչև տարեվերջ գյուղացիներին կիրազեկենք՝ ինչքան խնայողություն է եղել։ Գազից չենք կարող հրաժարվել, մենք ի՞նչ պետք է անենք, մարդուն հետ ուղարկե՞նք անտառ», - ասաց Վախթանգ Թամրազյանը։
Հարցին՝ հնարավոր է արդյոք գյուղի տարածքում հողերի տրամադրում բնապահպանական ծրագրերի իրականացման համար, Վախթանգ Թամրազյանը պատասխանեց․ «Մեր տարածքների մեծ մասը վարձակալությամբ տրված է բնակիչներին, մարդիկ անասնապահությամբ են զբաղվում։ Համագործակցության պատրաստ ենք, բայց վարձակալության տալ՝ ոչ»։
Հոկտեմբեր 11, 2023 at 15:09