Անտառային կոմիտեին կփոխարինի Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը

Անտառային կոմիտեին կփոխարինի Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը

Նախատեսվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն, որը 24-ժամյա ռեժիմով կհսկի անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքները և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը: Այս ծառայությունը փոխարինելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեին։

Սույն թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մշակած օրենսդրական փաթեթին, որի ընդունմամբ էլ կստեղծվի այդ ծառայությունը։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների 506 և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների 345 հաստիքների կրճատում՝ փոխարենը ստեղծելով 1176 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։

Ծառայողներն իրավունք են ունենալու ծառայության ընթացքում արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով կազմելու վարչական իրավախախտման արձանագրություններ և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախտման դեպքերով՝ համապատասխան լիազոր մարմնին միջնորդություն ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Ծառայողները նաև իրավասու են լինելու վարչական իրավախախտումների դեպքերով պատասխանատվության մասին որոշում կայացնել։

Ըստ որոշման հիմնավորման՝ ներկայում պետական անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող աշխատակիցներն ունեն ցածր սոցիալական պաշտպանվածություն, տեխնիկական սակավ հագեցվածություն և լիազորություններ, աշխատում են աշխատանքային օրենսգրքով սահմանված հնգօրյա և 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով, ունեն տեխնիկական ցածր զինվածություն, ինչի արդյունքում հնարավոր չի լինում լիարժեք ապահովել տարածքների պատշաճ պահպանությունը: Վերլուծության արդյունքներով պարզ է դարձել, որ իրավախախտներն անտառխախտումները հիմնականում իրականացնում են ոչ աշխատանքային օրերին և ժամերին։ Վերջին երեք տարիների անտառային օրենսդրության խախտումներով բացահայտված գործերի վերլուծությամբ պարզվել է, որ  անտառհատումներով պետությանը պատճառված վնասներն ավելանալու զգալի միտումներ են գրանցել, իսկ դրանց կանխարգելմանն ուղղված միջոցների բացակայությունն այս առումով  լրջագույն խնդիր է։

Օրենսդրական փաթեթի ընդունմամբ տարանջատվելու են անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները, ծառայությունն իրականացնելու է ապօրինի անտառահատումների կանխման և կանխարգելման աշխատանքներ։

Նոյեմբեր 09, 2023 at 16:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր