Ինչպես պահպանել անտառը․ անտառային նոր քաղաքականության հիմնական ուղղությունները

Ինչպես պահպանել անտառը․ անտառային նոր քաղաքականության հիմնական ուղղությունները

«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը գտնվում է համաձայնությունների փուլում: Այս մասին Երևանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողովի ժամանակ հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ «Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030թթ. ազգային մակարդակով սահմանված գործողություններով» (Կառավարության 22 ապրիլի 2021թ. N 610- Լ որոշում) Հայաստանը պարտավորվել է Անտառի նոր ազգային ծրագիր ընդունել, ըստ որի՝ անտառածածկը պետք է ավելացվի Հայաստանի տարածքի 12.9%-ի չափով՝ 50,000 հա-ով մինչև 2030թ-ը։

Ըստ Արթուր Պետրոսյանի՝ նախանշվել են անտառային քաղաքականության 15 առանցքային ռազմավարական ուղղություններ։ Նախատեսվում է օրենսդրական բացերի, անհամապատասխանությունների և հակասությունների վերհանում ու շտկում, անտառատնկումների և անտառավերականգնման միջոցառումների իրականացում, անտառներում հակահրդեհային միջոցառումների կազմակերպում, վնասատուների և հիվանդությունների դեմ համալիր պայքարի միջոցառումների իրականացում, մթերվող բնափայտի ռացիոնալ օգտագործմանն ուղղված մեխանիզմների կիրառում, անտառների պետական հաշվառման իրականացում ու անտառային պետական կադաստրի վարման համակարգի գործարկում անտառպտղատու տնկարկների հիմնման ծրագրերի մշակում, քաղաքային և քաղաքամերձ անտառների վերականգնման և խնամքի միջոցառումների իրականացում, ճանապարհապաշտպան անտառաշերտերի հիմնման ծրագրերի մշակում և այլն:

«Անտառների ազգային գույքագրման առաջին փուլի իրականացումը նախատեսվում է ավարտել 2028թ., այնուհետ ներդնել անտառի ազգային մոնիթորինգի տեղեկատվական համակարգն ու կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգը»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Ըստ բանախոսի՝ անհրաժեշտ է ճշգրտել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմում առկա անտառային արգելավայրերի սահմանները, հատուկ պահպանության ենթակա բուսական ու կենդանական օրգանիզմների կենսամիջավայրերի (կենսատոպերի) պահպանությանը միտված միջոցառումներ իրականացնել, վերականգնել Սևանա լճի շրջակայքում անտառները:

Անտառային ոլորտում իրականացվող ծրագրերին ու բարեփոխումներին անդրադարձավ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Մերի Սահակյանը: Բանախոսը ներկայացրեց «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածքների ընդլայնման միջոցով» ծրագիրը:

2021-2029թթ․ Ծրագրով նախատեսվում է Լոռու և Սյունիքի մարզերում ընդլայնել անտառածածկը 2,5%-ով, վառարանների արդյունավետության բարձրացման միջոցով նվազեցնել վառելափայտի պահանջարկը 30%-ով, ուժեղացնել կայուն և կլիմայի տեսանկյունից հարմարվողական անտառկառավարման գործիքակազմը: Ակնկալվում է, որ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման շնորհիվ 20 տարվա ընթացքում շուրջ 20 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ մթնոլորտ չի արտանետվի։  

Մերի Սահակյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում տնկարաններ են հիմնել Հրազդանում և Սիսիանում, որտեղ փակ արմատային համակարգով տնկանյութ է արտադրվում: «Նախատեսում ենք առաջիկայում Սյունիքի և Լոռու մարզերում առաջին տնկման աշխատանքներն իրականացնել: Անտառների և լանդշաֆտի վերկանագնման աշխատանքները կիրականացվեն ինչպես դեգրադացված անտառային հողերի, այնպես էլ՝ լքված արոտավայրերի վրա», - ասաց նա:

Ծրագիրն իրականացվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, Ավստրիայի զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Իտալիայի Տորցիանո ինքնավար նահանգի աջակցությամբ: Իրականացնող մարմիններն են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տեղական գրասենյակն ու Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է։

Նոյեմբեր 13, 2023 at 17:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր