Ինչպես է Հայաստանի գյուղատնտեսությունը դիմակայելու կլիմայի փոփոխության մարտահրավերներին

Ինչպես է Հայաստանի գյուղատնտեսությունը դիմակայելու կլիմայի փոփոխության մարտահրավերներին

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը չափազանց զգայուն է կլիմայի փոփոխության նկատմամբ և մեծապես կախված է եղանակային պայմաններից։

Ինչպես հայտնեց Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իրինա Փանոսյանը Երևանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողովի ժամանակ, առավել հաճախակի և ինտենսիվ դարձած հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներն ամեն տարի իրենց բացասական հետևանքներն են թողնում գյուղատնտեսության ոլորտի վրա և էապես նպաստում են արտադրական ծավալների նվազմանը, գյուղական բնակչության եկամուտների կրճատմանը։

Ըստ Իրինա Փանոսյանի՝ Հայաստանում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներից գյուղատնտեսության ոլորտին առավել մեծ վնաս է հասցնում կարկտահարությունը: «Կարկտահարության պատճառած վնասը 2014-2017թթ․ ժամանակահատվածի համար գնահատվում է շուրջ 61.2 միլիարդ դրամ։ Վերջին տարիներին երաշտից, կարկուտից, հեղեղումներից, ցրտահարություններից և սելավներից գյուղատնտեսությանը հասցված ամենամյա վնասը գնահատվում է շուրջ 15-30 միլիարդ դրամ»,- ասաց Իրինա Փանոսյանը:

ՀՀ տարածքի 100%-ը ենթակա է կարկտահարման, երաշտի և ցրտահարության, 30%-ը՝ սելավների և ջրածածկումների։ ՀՀ հողատարածքների 80%-ից ավելին ենթակա է էրոզիայի, անապատացման, աղակալման/ալկալիացման, գերխոնավեցման, ջրակալման վտանգների ազդեցության:

Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը կնվազի 8-14%-ով, ենթալպյան և ալպյան գոտու արոտավայրերի տարածքները՝ 19-22%-ով, իսկ դրանցից ստացվող բերքի ծավալը՝ 4-10%-ով:

Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել են գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության հայեցակարգը և դրա կատարումն ապահովող միջոցառումները: Թվով 20 միջոցառումներ ներառվել են 2023թ. հուլիսի 20-ի N 1222-Լ որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարության կատարումն ապահովող 2023-2026թթ․ միջոցառումների ծրագրում:

Այդ միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կավելանան գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքներն և հմտությունները, կբարձրանա գյուղատնտեսական արտադրության դիմակայությունը կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ: Որպես դրական արդյունք սպասվում է նաև կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանն ու տնտեսավարողներին հասցվող վնասների մեղմում, ինչպես նաև՝ ռեսուրսախնայող գյուղատնտեսության վարման համար նախադրյալների ստեղծում ու տնտեսավարողների կարողությունների բարձրացում։

«Ներկայում նախարարության համակարգմամբ իրականացվում են գյուղատնտեսության ոլորտի աջակցության մի շարք ծրագրեր, որոնք առնչվում են նաև կլիմայի փոփոխությանը հարմարվողականության ամրապնդմանը»,- նշեց Իրինա Փանոսյանը: Դրանք են Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023թթ. ծրագիրը, Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագիրը, Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրն ու ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025թթ. ծրագիրը։

Նոյեմբեր 20, 2023 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր