Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա. Հարմարվողականության ինչ միջոցառումներ է իրականացնելու կառավարությունը

Կլիմայի փոփոխության ազդեցությունը Հայաստանի ջրային ռեսուրսների վրա. Հարմարվողականության ինչ միջոցառումներ է իրականացնելու կառավարությունը

Հայաստանը համարվում է ջրասակավ երկիր։ Կլիմայի փոփոխությունը՝ տեղումների նվազումը, ջերմաստիճանի և գոլորշացման աճը բացասաբար են ազդում ձնածածկույթի գոյացման, հետևաբար, գետային հոսքի ձևավորման վրա:

«Հայաստանի գետերի սնուցման 30-60%-ը բաժին է ընկնում ձնահալոցքային ջրերին։ Խմելու ջրի շուրջ 96%-ը և ընդհանուր ջրառի ավելի քան 40%-ը կազմում են ստորերկրյա ջրերը: Հայաստանում մեկ շնչի հաշվով ջրի ամբարման միջին ծավալը կազմում է շուրջ 465 խմ, ինչը համարվում է ցածր ցուցանիշ կիսաչոր կլիմայական պայմաններով երկրի համար։ Մյուս կողմից ջրի սպառման բարձր մակարդակ կա։ Գյուղատնտեսության ոլորտը համարվում է Հայաստանի ամենախոշոր ջրասպառողը»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողովի ժամանակ։

Նա նշեց, որ 2030, 2070 և 2100թթ․ համար իրականացված տարեկան գետային հոսքի գնահատման արդյունքներով կանխատեսվում է գետային հոսքի կրճատում`14-39%-ով։ «Կլիմայական փոփոխությամբ պայմանավորված՝ գետային հոսքի նվազումը կհանգեցնի երաշտային պայմանների, հողի դեգրադացիայի, ինչպես նաև ջրօգտագործման ոլորտներում ջրի հասանելիության խնդիրների սրման, ինչը խիստ հրատապ է դարձնում համապատասխան հարմարվողականության միջոցառումների մշակումը և իրականացումը: Կլիմայի փոփոխությունը բացասաբար կազդի Սևանա լճի վրա՝ գետային տարեկան ներհոսքը մինչև 2100թ․-ը կնվազի շուրջ 34%-ով կամ 265 մլն խմ-ով, ինչը բացասական ազդեցություն կունենա լճի կենսական պայմանների վրա: Գոլորշիացումը, լճի ջրային հաշվեկշռի ամենամեծ տարրը, վերջին տարիներին ունի աճի միտում՝ կապված 3 ջերմաստիճանային ռեժիմի փոփոխության հետ: Ըստ վատատեսական սցենարի, մինչև 2100թ. ակնկալվում է գոլորշիացման աճ՝ 36.5%-ով կամ 392 մլն խմ-ով», - նշեց նա։

Ըստ կանխատեսումների, օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ սպասվում է Սևանա լճի ջրի ջերմաստիճանի բարձրացում, մասնավորապես կանխատեսվում է, որ մինչև 2070թ.՝ ջրի ջերմաստիճանը կաճի 2°C-ով, իսկ 2100թ.-ին՝ 4°C-ով։

Լիլիթ Աբրահամյանը նշեց, որ ներկայում ՀՀ կառավարության կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված Հայաստանում ջրային ոլորտում կլիմայական ռիսկերի նվազեցմանը և կառավարմանը: ՀՀ կառավարության 2021թ. մայիսի 13-ի N749-Լ որոշմամբ հաստատվել է Հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025թթ. միջոցառումների ցանկը։

2022թ․ նոյեմբերին ընդունվել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագիրը» հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Այս ծրագրով նախատեսվում է կառուցել շուրջ 22․6 մլն խմ ընդհանուր ծավալով 6 առաջնահերթ ջրամբարներ, արդիականացնել անարդյունավետ ոռոգման ենթակառուցվածքները, Արարատյան դաշտի մակերևութային և ստորերկրյա ջրառի կետերում տեղադրել տվյալների ավտոմատ փոխանցմամբ հեռակառավարվող ջրաչափեր, հիմնել 14 հիդրոլոգիական և 5 օդերևութաբանական մոնիթորինգի կայաններ և այլն:

Իրավական միջոցառումների շրջանակում նախատեսվում է ներառել ջրային օրենսդրության մեջ կլիմայի փոփոխության նկատառումները, բարելավել Սևանա լճի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները՝  նպատակաուղղված լճի էկոհամակարգի պահպանությանը և վերականգնմանը, ընդունել մաքրված կեղտաջրերի վերաօգտագործման և կրկնակի օգտագործման իրավակարգավորումներ ու խրախուսող մեխանիզմներ, վերանայել բնօգտագործման վճարներն ու բնապահպանական հարկերը:

Ինստիտուցիոնալ, կառավարման և քաղաքականության միջոցառումների շրջանակում նախատեսվում է մշակել և ներդնել հեղեղումների ռիսկի կառավարման պլանների, երաշտի ռիսկի կառավարման պլանի և ընտրված ենթաավազաններում ջրի վերաբաշխման մեխանիզմներ:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն նաև հետազոտություններ, որոնց շրջանակներում կմշակվեն և կներդրվեն Սևանա լճի և Արարատյան դաշտի ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ավազանների համար առաջադեմ հիդրոերկրաբանական և հիդրոլոգիական մոդելներ, կմշակվի հիդրոկլիմայական տվյալների բազա:

Կիրականացվեն նաև մի շարք կրթական և իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ ջրային ոլորտում առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաների և աղետների ռիսկերի կառավարման վերաբերյալ:

Նոյեմբեր 21, 2023 at 10:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր