Վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների թիվն աճել է գրեթե մեկուկես անգամ, ինչը ջերմոցային գազերի արտանետումների ծավալների ավելացման տեսանկյունից առաջացնում է լուրջ խնդիրներ։ Այս մասին Երևանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողովի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Փոխնախարարն անդրադարձավ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների 2023-2033թթ. ռազմավարության մեջ կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներին: «Առկա մարտահրավերները պարտավորեցնում են վերանայել և բարեփոխել համայնքների հասարակական տրանսպորտի գործունեությունը՝ բարձրացնելով դրանց արդյունավետությունը և հնարավորինս զարգացնելու էլեկտրոտրանսպորտով ուղևորափոխադրումների ոլորտը։ Հայաստանի Հանրապետության կառավարության
2020թ. դեկտեմբերի 03-ի N 1994-Ն որոշմամբ հաստատված կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման մրցութային կարգով կանոնավոր երթուղիները սպասարկող ավտոբուսների գնահատման չափորոշիչներով առավելագույն միավոր է սահմանված էլեկտրական, հիբրիդային, ջրածնային շարժիչով աշխատող ավտոբուսների համար»,- ասաց Արմեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ մշակվել է Երևանի հանրային տրանսպորտի նոր արդյունավետ երթուղային ցանց, որի համար ձեռք կբերվեն նոր ժամանակակից շարժակազմերՙ ավտոբուսներ և տրոլեյբուսներ։
Երևան քաղաքից բացի հանրապետության մյուս երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրում և Վանաձորում, «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիներում էկոլոգիապես մաքուր էլեկտրաբուսներ ներգրավելու ուղղությամբ։ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում վերջերս կազմակերպված ներհամայնքային կանոնավոր մեկ երթուղու սպասարկման մրցույթի արդյունքում երթուղին կսպասարկվի էլեկտրաբուսով։
Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը ներկայացրեց Երևանում կայուն քաղաքային տրանսպորտի զարգացման քաղաքականությունը: «Երևան քաղաքի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացը ներառում է մի շարք բարեփոխումներ՝ տրանսպորտային միջոցների պարկի թարմացում, սեղմված բնական գազով կամ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների կիրառություն, կանգառասրահների փոխարինում, հասարակական տրանսպորտի համար Երևան քաղաքի փողոցներում առանձնացված
երթևեկելի գոտիների կիրառում, միասնական տոմսային համակարգի ներդնում և այլն»,- նշեց նա:
Ըստ Վազգեն Հարությունյանի՝ Երևան քաղաքում վերջին տարիների ընթացքում իրականացվել է հասարակական տրանսպորտի գործող երթուղային ցանցի մասնակի նոր մոդելավորում, որի արդյունքում կրճատվել են հասարակական տրանսպորտի կրկնվող երթուղիները, կրճատվել է հասարակական տրանսպորտի օրական վազքը գրեթե 25,000 կմ-ով, իսկ գործող երթուղային ցանցում շահագործվող տրանսպորտային միջոցների քանակը նվազել է մոտ 140 հատով։ Շահագործումից հանվել են մոտ 370 հատ հնամաշ «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցները, որոնք իրենց արտանետումների մակարադակով չէին համապատասխանում ոչ մի միջազգային չափորոշիչների: Բարեփոխումների շնորհիվ ձեռք են բերվել նոր սերնդի միջազգային չափորոշիչներին համապատասխան, բնապահպանական «Եվրո 5» ստանդարտով աշխատող ավտոբուսներ՝ 361 հատ «Զոնգթոնգ» մակնիշի, 87 հատ «Ման» մակնիշի, 15 հատ «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուսներ, որոնք երթևեկում են նաև առանց կոնտակտային ցանցի: Եվս 30 հատ «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսներ, համաձայն գործող պայմանագրի, կմատակարարվեն 2024թ. հունվար-փետրվար ամիսներին։ Ըստ Վազգեն Հարությունյանի՝ իրականացվում են աշխատանքներ հասարակական տրանսպորտի նոր շարժակազմի ձեռք բերման մասով, որտեղ գերակշիռ մասը կլինեն էլեկտրական կամ սեղմված բնական գազով աշխատող, 18 մ երկարությամբ թվով 249 հատ և 8,6 մ երկարությամբ 170 հատ ավտոբուսները:
Նոյեմբեր 16, 2023 at 16:50