Հայաստանում վերջին տարիներին բուռն զարգանում է արևային էներգետիկան։ Արդեն իսկ կառուցված են 500 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ արդյունաբերական մասշտաբի և ինքնավար արևային կայաններ։ Այդ կայաններն արտադրում են Հայաստանում ներկայում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 10%-ը։ Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Երևանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողովի ժամանակ։
«Հայաստանում ներկայում էլեկտրաէներգիայի 30%-ն արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում, 30%-ը՝ ատոմակայանում, ևս 30%-ը՝ հիդրոէլեկտրակայաններում և գրեթե 10%-ը՝ արևային կայաններում», - ասաց Հակոբ Վարդանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում արևային ինքնավար և արդյունաբերական մասշտաբի կայաններ տեղադրելու գործընթացը բավական պարզեցված է: «Զարգացման այս արագությունը խոչընդոտներ է առաջացնում, որովհետև նախարարությունը քաղաքականության մշակման և տեխնիկական պատրաստվածության առումով հետ է ընկնում ոլորտի զարգացումից: Ինքնավար կայանների դեպքում չկա որևէ կարգավորում, տեխնիկական պայմանների նկատմամբ որևէ պահանջ: Ուղղակի ՀՀ էլեկտրական ցանցերից ստանում են տեղեկանք արևային կայան տեղադրելու և համակարգին միանալու համար»,- ասաց նա:
Ըստ Հակոբ Վարդանյանի՝ 2022թ. փետրվարի 1-ից Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը հնարավորություն ստեղծեց շուկայում արդյունաբերական մասշտաբի կայանների կառուցման համար: «Դա ևս շատ պարզեցված կարգով է տեղի ունենում: Արդեն ընդհանուր 170 Մվտ հզորությամբ կայանների կառուցման լիցենզիաները տրվել են կամ տրման փուլում են: Պետությունն այս ամենն արել է մեկ նպատակի համար, որպեսզի նվազեցնի ներմուծվող գազից կախվածությունը, ինչպես նաև արտանետումների հետ կապված պարտավորություններով նախանշված թիրախներին հասնելու համար»,- նշեց նա:
ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի 1990-2019թթ․ հաշվետվության համաձայն՝ ջերմոցային գազերի արտանետումների առումով առաջատարn էներգետիկայի ոլորտն է՝ 64%-ով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին նիստում գործադիրը որոշեց փոփոխություն մտցնել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040թ-ը), որով մինչև 2040 թվականը արևային էներգետիկայի հզորությունը կհասցվի 1500 ՄՎտ 1000-ի փոխարեն։ Հակոբ Վարդանյանը նշեց, որ 1000 ՄՎտ-ն այն թիրախային թիվն է, որը հնարավոր է տեղավորել ՀՀ էներգետիկ համակարգում՝ հաշվի առնելով համակարգային տեխնիկական սահմանափակումները և միջհամակարգային գծերը: «Այս պահին նախարարությունում սկսվել է կուտակիչ կայանների տեխնիկատնտեսական ուսումնասիրության գործընթաց: Եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, և որոշում կայացվի Հայաստանում արդյունաբերական մասշտաբի կուտակիչ կայանների զարգացման վերաբերյալ, կարծում եմ՝ այդ 1000 ՄՎտ-ն էլ ավելի կմեծանա, ինչը ևս կնպաստի արտանետումների պակասին էներգետիկ ոլորտում», - ընդգծեց նա:
Անդրադառնալով շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝ Հակոբ Վարդանյանը նշեց. «Միջազգային գործընկերների հետ միասին, այդ թվում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ միասին, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի համադրմամբ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերակառուցումներ են կատարվում: Ներկայում պետությունն իրականացնում է էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագիր: Պետությունը մշակում է նաև հանրային շենքերի էներգաարդյունավետության ծրագրեր: Այս պահի դրությամբ սկսելու ենք կառավարական շենքերի էներգաարադյունավետ վերակառուցման ծրագիր: Ներկայում տեխնիկական առաջադրանք է մշակվում: Ծրագիրը պիլոտային կլինի, և հետագայում բոլոր պետական շենքերում կկատարվեն նման աշխատանքներ: Սա արվում է՝ հաշվի առնելով Եվրոպական միության հետ ասոցացման մասին համաձայնագրով մեր կողմից ստանձնած պարտավորությունները»:
Նոյեմբեր 08, 2023 at 17:47