Դրական եզրակացություն Լեռնագոգում երկու նոր արևային ֆոտովոլտային կայան կառուցելու հայտերին

Դրական եզրակացություն Լեռնագոգում երկու նոր արևային ֆոտովոլտային կայան կառուցելու հայտերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում «Փաուր Սոլար» ՍՊԸ-ի կողմից 2 նոր՝ «Փաուեր 1» և «Փաուեր 2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ կառուցելու շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերին:

«Փաուեր 1» կայանի դրվածքային հզորությունը կկազմի 12,600 կՎտ, այն կկառուցվի 15,509 հա մակերեսով հողամասի վրա, «Փաուեր 2» կայանի դրվածքային հզորությունն էլ կկազմի 4800 կՎտ, այն կկառուցվի 8,5 հա մակերեսով հողամասի վրա: Առաջինի համար նախատեսվում է տեղադրել 24 հազար 960 հատ, երկրորդի համար՝ 9984 հատ բազմաբյուրեղային ֆոտովոլտային վահանակ: 

Ընկերությունն իր գործունեության ընթացքում մտադիր է իրականացնել հետևյալ բնապահպանական միջոցառումները՝

-  օդային ավազան արտանետումների հնարավոր ազդեցությունը կրճատելու և մեղմելու նպատակով նախատեսվում է շինարարական աշխատանքների և ճանապարհների շահագործման ընթացքում կատարել խոնավեցում և ճանապարհների ջրցան՝ ջրցան մեքենայով, չոր և շոգ եղանակներին

- ճանապարհի ջրցանը և գրունտի խոնավեցումը կատարվելու են այնպես, որպեսզի չառաջանան մակերևութային հոսքաջրեր

- գործունեության վայր շինանյութերի տեղափոխումը կատարվելու է փակ ծածկ ունեցող մեքենաներով

- տարածքում նյութերը պահվելու են ծածկված վիճակում՝ անջրաթափանց թաղանթով կամ ժամանակավոր ծածկի տակ 

- շինարարական տեխնիկան և տրանսպորտային միջոցներն օգտագործվելու են միայն սարքին վիճակում, իրականացվելու են պարբերաբար ստուգումներ

- շինարարկան նյութերը տեղադրվելու են հատուկ տակդիրների, իսկ շինարարական տեխնիկան ժամանակավոր կայանվելու է գրունտային ճանապարհի վրա՝ հողային ռեսուրսները չաղտոտելու նպատակով, 

- աշխատողների կենցաղային կարքիները հոգալու, ինչպես նաև հրդեհաշիջման նպատակով տեղադրվելու է 2 հատ 2 տոննա տարողությամբ ջրի բաք

- շինհրապարակում տեղադրվելու է 3 տոննա տարողությամբ պլաստմասե տարա՝ հոսքաջրերի, անձրևաջրերր հավաքման և հեռացման նպատակով

- ջրցանի և փոշենստեցման, մեքենաների անիվների լվացման համար օգտագործվելու է տեխնիկական որակի ջուր, որը բերվելու է ավտոցիստեռնով՝ պայմանագրային հիմունքներով, կամ օգտագործվելու է պարզարանի ջուրը

- շինարարական տեխնիկայի և սարքավորումների լիցքավորումը, վերանորոգումը կատարվելու է գործունեության տարածքից դուրս՝ հատուկ մասնագիտացված կետերում

- գործունեության ենթակա տարածքում, կենսաբազմազանության հայտնբերման և դրանց պահպանման անհրաժեշտությունից ելնելով, նախատեսվում է մշակել գործողությունների պլան՝ առաջնորդվելով ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 31-ի «ՀՀ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» N781-Ն որոշման պահանջներով

- ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների հայտնաբերման դեպքում՝ ընկերությունը նախօրոք առանձնացնելու է հատուկ պահպանման գոտին՝ վերջիններս տեղափոխելու և վերատնկելու համար

- շինարարության ժամանակ առաջացած աղտոտված լաթերը, պարկերը հանձնվելու են թափոնների ջերմային վանասազերծում կատարող կազմակերպություններին կամ կենցաղային աղբի հետ 1/10 հարաբերակցությամբ խառնվելու և տեղափոխվելու են աղբավայր

- հալոգեններ, դեֆիլիններ և տերֆենիլներ չպարունակող բանեցված տրանսֆորմատորային յուղերը հավաքվելու են համապատասխան տարաների մեջ և հանձնվելու են մասնագիտացված վերամշակող կազմակերպություններին՝ պայմանագրային հիմունքներով

- շինարարական աշխատանքներն իրականացնել միայն ցերեկային ժամերին՝ որոշ կենդանիների կենսակերպի վրա ազդեցությունից խուսափելու, բնականոն վարքին չխանգարելու համար

- արևակայանի շահագործման ընթացքում առաջանալու են նաև վնասված պանելներ, որոնք կուտակվելու են տարածքում՝ փակ շենքում՝ վագոն տնակում, մինչև համապատասխան կազմակերպություններին հանձնելը

- շինարարության ընթացքում պահպանվելու են արտակարգ իրավիճակների և աշխատանքի անվտանգության նորմերը և այլն: 

Նախարարությունը արևային կայանների նախագծերին դրական եզրակացություններ է տվել հետևյալ փորձաքննական պահանջների կատարման պայմանով: 

- Նախատեսվող գործունեության շինարարության և շահագործման ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել շրջակա միջավայրի բաղադրիչների/ հողային ռեսուրսներ, կենսաբազմազնություն և այլն/ մոնիթորինգ, կազմել հետնախագծային վերլուծության ծրագիր, ինչը պետք է հասանելի լինի պետական շահագրգիռ մարմիններին և հասարակայնությանը։

- Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է հետևել հայտում ամրագրված բնապահպանական միջոցառումների կաատարմանը, ժամանակացույցին, իսկ դրանց չբավարարման դեպքում նախատեսել լրացուցիչ միջոցառումներ՝ ուղղված բնապահպանական, հրդեհաանվտանգության և սանիտարական նորմերի պահպանմանը։

- Շինարարական աշխատանքների ընթացքում չխոչընդոտել հարակից հատուկ նշանակության հողատարածքներում գոյություն ունեցող ենթակառուցվածքների աշխատանքներին և զորավարժանքներին։

-Բետոնի տեղափոխումն իրականացնել հայտում նախատեսված ձևով՝ բացառելով շինարարական հրապարակում կամ հարակից տարածքներում բետոնի արտադրությունը։

- Արևային կայանի շահագործման ժամկետի ավարտից հետո հետագա գործունեությունն իրականացնել՝ համաձայն հայտում ամրագրված միջոցառումների։

- Գործունեության և հարակից տաարածքներում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների հայտնաբերման դեպքում՝ առաջնորդվել ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 31-ի N781-Ն որոշման պահանջներով։

- Առաջնորդվելով ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման պահանջով, գործունեության իրականացման ընթացքում պատմամշակութային արժեք ունեցող կամ հնագիտական շերտերի  հայտնաբերման դեպքում, անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքները՝ տեղյակ պահելով ոլորտը կարգավորող լիազոր մարմնին: Աշխատանքները վերսկսել լիազոր մարմնի թույլտվությունից հետո: 

Նշենք, որ «Փաուր 2» կայանին տրված դրական եզրակացության մեջ կա ևս մեկ փորձաքննական պահանջ, այն է՝ 

- Համաձայն ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ազգային գեոպորտալի՝ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման տարածքը համադրվում է հողամասերի հողային ֆոնդի շերտերի հետ, ինչը կարող է շերտերի որոշակի անճշտության արդյունք լինել, ուստի շինարակական աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել համադրվող հատվածներում համապատասխան ճշտումներ կատարելուց հետո: 

Նշենք, որ եզրակացությունների մեջ որևէ պահանջ նախատեսված չէ կայանների շահագործման հետևանքով առաջացող էլեկտրոնային թափոնների կառավարման հետ կապված:

Հիշեցնենք, որ Լեռնագոգում կառուցվելու են ևս 6 արևային կայաններ՝ «Արմավիր 1», «Արմավիր 2», «Լեռնագոգ 1», «Լեռնագոգ 2», «Սան 1» և «Սան 2»: 

Ապրիլ 10, 2024 at 15:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր