«Կանաչ Երևան» նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է դեկտեմբերի 1-ին «Գյոթե Կենտրոն Երևանում» Planning Impact Foundation-ի կողմից անցկացված փորձագիտական ցանցային միջոցառումով:
Միջոցառումը համախմբեց հասարակական կազմակերպություններին, քաղաքականություն մշակողներին և գործարարներին՝ քննարկելու և իրականացնելու քաղաքի բուսածածկույթի վերականգնման պլանավորումը և մեկնարկելու Կանաչ նախաձեռնությունը Երևանի համար:
Planning Impact Foundation-ի համահիմնադիրներ Գլեբ Վիտկովը և Ալեքսանդրա Կատասոնովան միջոցառման ընթացքում ներկայացրել են բոլորովին նոր Green Yerevan նախաձեռնությունն ու հարթակը: Նախաձեռնությունը նպատակ ունի ներգրավել քաղաքային դերակատարներին Երևանի բուսածածկույթի վերականգնման գործընթացում՝ բաց վերլուծություններով և կանաչապատման այլընտրանքային այնպիսի լուծումներով, որոնք կնպաստեն քաղաքի կանաչազարդման նպատակներին:
Քաղաքային ջերմային պայմանների գնահատման և մոնիտորինգի քննարկումը բացեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, GIS և հեռահար զոնդավորման բաժնի վարիչ Շուշանիկ Ասմարյանը։ Urbanlab-ի հիմնադիր Սարհատ Պետրոսյանը կիսվել է Համաշխարհային բանկի վերջերս հրապարակված «Կանաչ և կայուն քաղաքները Հայաստանում և Վրաստանում» զեկույցի կարևորագույն կետերով։
Ծրագրի ղեկավար և ԵՄ կողմից ֆինանսավորվող LIFECOOLCITY ծրագրի համակարգող Կարոլինա Բարտոչան և Ալիչյա Սնյադաչը /MGGP Aero, Լեհաստան/ ներկայացրեցին կանաչ տարածքների քարտեզագրման համար հեռակառավարվող տեխնոլոգիաների օգտագործման իրենց փորձը և ԵՄ 10000 քաղաքների համար ընթացիկ ծրագիրը, որն իրականացնում է նման տեխնոլոգիա։ Գերմանիայի Էկոլոգիական ինստիտուտի գիտաշխատող Նատալյա Բուրգոսը ներկայացրել է INTERLACE նախագծի հիմնական արտադրանքներից մեկը՝ Քաղաքային կառավարման ատլասը: Այս շտեմարանը ներառում է 250 գործիքներ, որոնք աջակցում են բնության վրա հենված լուծումներին (NbS) և էկոհամակարգերի վերականգնմանը՝ կենտրոնանալով քաղաքաշինական գործիքների վրա:
Միջոցառմանը մասնակցում էին 35 օֆլայն և ավելի քան 60 առցանց տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և կառույցներ, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Համաշխարհային բանկի խումբը, Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ), Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների ազգային կենտրոնը (CENS), EcoLur-ը, Eco Parsec-ը, The Foundation to Save Energy, Adwise և այլ կառույցներ:
Իրինա Ղափլանյան, Համաշխարհային բանկի կլիմայի փոփոխության հարցերով ավագ մասնագետ, Հայաստան. «Մենք տեսել ենք, որ զարգացած աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում քաղաքացիական նախաձեռնությունները ձեռնարկում են իրենց սեփական տվյալների հավաքագրումը օդի աղտոտվածության վերաբերյալ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքերի շատ բարդ տեխնոլոգիաներ որոնց միջոցով նրանք կարողանում են ոչ միայն տվյալներ հավաքել և ստուգել՝ համեմատելով քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալները։ Նույն մոտեցումը կարելի է կիրառել կանաչապատման դեպքում։ Մեզ անհրաժեշտ են ավելի շատ քաղաքացիական ներգրավվածություն, ավելի շատ նախաձեռնություններ, որոնք հիմնականում վերահսկման գործառույթով կզբաղվեն այնտեղ, որտեղ մենք տեսնում ենք ծառերի փոխարինման և էտման շատ հնացած մոտեցումներ»:
Planning Impact Foundation-ը շահույթ չհետապնդող մասնավոր վերլուծական կենտրոն է և օպերատոր հանուն քաղաքային փոփոխությունների և տարածական վերափոխումների: Իր կուտակած 15 տարվա փորձով PIF-ը պրոֆեսիոնալ քաղաքային պլանավորողների համայնք է ստեղծել, որոնք խանդավառությամբ ձգտում են գտնել քաղաքները բարելավելու լուծումներ: PIF-ի համահիմնադիրներն ապրում են Երևանում և քաջատեղյակ են քաղաքի տեղական առանձնահատկություններին։
Դեկտեմբեր 08, 2023 at 16:50