Բերքատվությունը նվազել է, մեղվապահությունը՝ տուժել, թափուկ չկա․ կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ Փամբակում

Բերքատվությունը նվազել է, մեղվապահությունը՝ տուժել, թափուկ չկա․ կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ Փամբակում

ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում խոշորացված է 18 գյուղ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Համայնքում գյուղատնտեսության ոլորտը խնդիրների է բախվում։ Ոռոգման ցանցը քայքայված է, խոտհարքները և արոտավայրերը՝ դեգրադացված։ Մարտահրավեր է կլիմայի փոփոխությունը։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետներն ուսումնասիրել են Փամբակ համայնքի կլիմայական, էներգետիկ, հողային ռեսուրսների, անտառի, ընդերքօգտագործման, թափոնների խնդիրները, սուբվենցիոն և զարգացման ծրագրերը։

Փամբակի բնակիչների և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԷկոԼուրի թիմը ներկայացրեց իր կողմից մշակված «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում կանաչ էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» տեղեկատվական մոդուլի նախագիծը։ Այն մշակվել է՝ նպատակ ունենալով նպաստել համայնքի լիարժեք ներգրավմանը և իր շահերի պաշտպանությանը կլիմայական և էներգետիկայի ոլորտներում որոշումների ընդունման գործընթացում, աջակցել համայնքի սոցիալական, էկոլոգիական և տնտեսական զարգացմանը։ Մոդուլի նախագիծը մշակվել է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ՝ «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում, ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխությանը և էներգետիկային, և այդ որոշումները պետք է տեղայնացվեն  համայնքներում։ «Նպատակն է, որպեսզի համայնքը լինի որոշումների կայացման գործընթացի լիարժեք մասնակից», - ասաց Ինգա Զարաֆյանը։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ ուսումնասիրությունների հիման վրա փորձագետների կողմից մշակվելու է օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվելու է ՀՀ կառավարություն։

Փամբակ համայնքի կլիմայական պայմանների փոփոխության վերլուծություն պաշտոնական մակարդակով չի իրականացվում։ Փոփոխությունները նշում են բնակիչները։

«Անցյալ տարիներին երաշտ էր․ բնական աղբյուրները ցամաքեցին, ստորգետնյա ջրերը՝ պակասեցին, ցորեն, կարտոֆիլ չեղավ, տնամերձերի բերքատվությունն էլ էր շատ ցածր։ Իսկ այս տարի՝ հակառակը։ Այնքան շատ անձրևներ եկան, որ կարտոֆիլը, լոբին հողի մեջ հոտեցին, փչացան։ Խոտը բարձրացավ, քանի որ ժամանակին չկարողացավ հնձի ժողովուրդը, պառկեց, տակի մասը հոտեց, դա ազդեց անասնակերի վրա։ Բնական աղետներից պաշտպանված չենք, կարող է լավ բերք լինի, բայց կարկուտը գա՝ զրոյացնի, կամ երաշտ լինի, կամ շատ ուժեղ անձրև, քամիներ, և բերք չլինի», - ներկայացրեց Փամբակ խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդական Սամսոն Ուլիխանյանը։

Նա նշեց, որ բնական աղետներն ազդում են գյուղատնտեսական բերքի վրա, անդրադառնում մարդկանց կյանքի որակի վրա։ «Անցյալ տարի ուժեղ կարկուտ եկավ, շատ տանիքներ շարքից դուրս եկան, բերքն էլ վնասվեց։ Հանձնաժողով ստեղծեցինք, բոլոր գյուղերով շրջեցինք, վնասի չափը հաշվեցինք։ Կայացվեց որոշում, որն ուղարկվեց մարզպետարան, մարզպետարանից՝ կառավարություն, բայց մինչ օրս ոչ մի օգնություն չի ստացվել», - ասաց Սամսոն Ուլիխանյանը։  

«Անցյալ տարի մեծ վնաս տվեց կարկուտը, ընկույզ չկար, դա կլիմայական խնդիր է», - ասաց Փամբակի բնակիչը։ «Այս տարի առատ տեղումների պատճառով մեղուների վիճակը շատ վատ է, բերք ընդհանրապես չկա», - նշեց Ձորագյուղ բնակավայրի բնակիչը։

Բնական աղետներից տուժում է նաև անասնապահությունը։ Ըստ Սամսոն Ուլիխանյանի․ «Փամբակ բնակավայրում 270 խոշոր անասուն ենք ունեցել, այս տարի՝ 70 է։  Ազգաբնակչության մեծ մասը հրաժարվում է անասնապահությունից, այն դարձել է ոչ եկամտաբեր։ Խոտի քանակությունն է պակասել»։

Մեծ խնդիր է ոռոգումը։ «Բոլոր գյուղերն էլ ունեն ոռոգման ջրի խնդիր։  Փամբակի ջրագիծը կառուցվել է 70-ականներին և ոչ մի անգամ չի վերանորոգվել։ Խողովակները քայքայված, ռեզինով կապկպված են, մի կերպ ենք հասցնում ջուրը բնակչությանը։ Գյուղերի մեծ մասում խմոցներ չկան, ինչի պատճառով անասունների արոտ գնալու խնդիր է առաջանում», - ասաց Սամսոն Ուլիխանյանը։  

«Շատ հարմար տեղ ունենք գեոմեմբրանային ջրամբար կառուցելու համար, 80․000 ԱՄՆ դոլար է գնահատվում։ Կան դոնորներ, որ պատրաստ են ներդնել 40 հազար դոլարը, մնացածի համար համաֆինանսավորողներ են պետք», - նշեց համայնքապետարանի աշխատակիցը։

«Եթե լուծվի ոռոգման ցանցի հարցը, գյուղատնտեսությունն էլ կզարգանա, մարդիկ կսկսեն զբաղվել հողագործությամբ։ Խելացի անասնագոմեր կան, օրինակ, Մարգահովիտում, բայց շատ լավ կլիներ, որ բոլոր գյուղերում դա լիներ և մարդկանց հասանելի լիներ։ Բացի այդ, համայնքում աշխատող ընկերությունները՝ ՀԷԿ-երը, հանքերը, իրենք էլ պարտավոր են օգնեն ազգաբնակչությանը, գումարներ հատկացնեն համայնքի զարգացման համար։ Մենք էլ մեր անտառները պահենք հատումներից, արոտները՝ հրդեհներից, անցածի սխալները շտկելով՝ առաջ քայլենք», - նշեց Սամսոն Ուլիխանյանը։

«Բնակիչները տեղեկացված են կլիմայի փոփոխությունից եկող սպառնալիքներից, սակայն տեղեկացված չեն՝ ինչպես դիմակայել։ Վերջին տարիներին նրանք ականատես են լինում սելավների, երաշտների, կարկտահարության։ Մարդիկ մտածում են՝ ի՞նչ կարող ենք անել, դե կլիմայի փոփոխություն է։ Դա բնակիչների մեղքը չէ, դա գալիս է պետական քաղաքականությունից, ինչպես է այն իջնում տարածքային ինքնակառավարման մարմիններին, այնտեղից էլ տարածվում բնակիչների վրա։ Մարդիկ ունեն ցածր իրազեկվածություն դիմակայության վերաբերյալ, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ։ Դա պետական քաղաքականության բացթողումն է», - ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։  

Փամբակ համայնքը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի տարածքում։ 2022 թվականին բացահայտել է սաղարթի փոփոխության  267 օջախ։

Համայնքի բնակչության 38%-ը սոցիալապես անապահով է, 8%-ը՝ ծայրահեղ աղքատ։ Ըստ համայնքապետարանի աշխատակիցների․ «Բնակիչները վճարունակ չեն, անտառում էլ թափուկ չկա, ո՞նց տաքացնի իր տունը գյուղացին․․․եղել է առաջարկ, որ կողքի համայնքում, որտեղ թույլատրվում է անտառհատում, բնակիչը 13․000 դրամով գնի անտառտնտեսությունից, այդ գումարի մի մասը գոնե մի մասը սուբսիդավորի պետությունը։ Բնակչին ձեռք կտա 7-8 հազար դրամով կողքի համայնքից բերի, քան այդ ծառը կտրի»։

«Մարդիկ մշտական աշխատանք չունեն, իրենց տնտեսությունից ստացված եկամուտով են ապրում։ Հիմնականում վառելափայտով են տաքացնում տները։ Ծառը կտրել չի կարելի, թափուկով են տաքացնում։ Սկզբում յուրաքանչյուր ընտանիքի 8 խմ էին տալիս, հիմա չկա թափուկ, պակասեցրել են, 3-4 խմ են տալիս։ Դա շատ քիչ է, կոնկրետ մենք մինչև 15 խմ վառում ենք, որպեսզի կարողանանք տունը տաքացնել, - ասաց Սամսոն Ուլիխանյանը և հավելեց, - պետք է լինի հնարավորություն, որ բոլորը կարողանան գազաֆիկացնել իրենց տները գոնե ապառիկով։ Այդ հարցով դիմել էինք գազի գրասենյակին, բայց չարեցին, ասացին՝ հնարավոր չէ»։

Հնչեց առաջարկ Վահագնի բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանից․ «Ունեմ համայնքային գյուղտեխնիկայի համար ստեղծված պարկ, մեծ կառույց է, երկաթյա կոնստրուկցիաներ են ամբողջությամբ։ Այդ կառույցի տանիքին կարելի է տեղադրել 70 կՎտ արևային հզորություն։ Մեր գյուղի ծախսը՝ դպրոց, փողոցային լուսավորություն, վարչական կառույցներ, կազմում է 43 ԿՎտ, եթե այդ հզորությունը տեղադրվի, բյուջեի մոտ 4 միլիոն դրամի խնայողություն կլինի»։

Փամբակ համայնքի տարածքով հոսող գետերի և դրանց վտակների ջրերով շահագործվում է 6 փոքր ՀԷԿ՝ 31․049 կՎտ ընդհանուր հզորությամբ։ Տեղացիների խոսքով՝ հիդրոէներգետիկան իրեն չի արդարացրել։ Փոխարենը հեռանկարային են համարում հողմային էներգետիկան։ «ՀԷԿ-երի հետ ապագան չեմ կապում։ Կլիման գնալով տաքանում է, ջրերի սակավությունը խնդիր է դառնալու։ Հողմակայաններն են նպատակահարմար, քամին շատ է մեր կիրճում։ Մենք պետք է օգտագործենք Քարաբերդի սարերը հողմակայանների համար, ըստ իս՝ մեզ մոտ ապագան դրանում է», - ասաց տեղի բնակիչը։

Փամբակ համայնքի համար հեռանկար է զբոսաշրջությունը, որը տարեցտարի ավելի է զարգանում։ «Զբոսաշրջիկին գրավում է գեղատեսիլ բնությունը, լեռները, գետերը, վանքերը։ Կարծում ենք, որ զբոսաշրջությունը կզարգացնի համայնքը», - ասաց Սամսոն Ուլիխանյանը։

2018 թվականին Փամբակ գյուղում երաժշտագետ, ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը հիմնադրվել է «Հեքիաթի տուն» հյուրատունը։  «Այստեղ մենք զբաղվում ենք ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմամբ։ Մեզ մոտ գալիս են զբոսաշրջիկներ, երեխաներ։ Այստեղ մենք մարդուն թողնում ենք իր բնության հետ, որտեղ խոսում է անտառը, խոսում է առվակը և էկոլոգիան», - ասաց Հասմիկ Բաղրամյանը։

Ըստ ԷկոԼուրի փորձագետների՝ համայնքի խնդիրների զգալի մասը կարող է լուծում ստանալ Լոռու մարզի կլիմայի փոփոխության  հարմարվողականության ծրագրի շրջանակներում, որը պետք է մշակվի մինչև 2025 թվականի 4-րդ եռամսյակը:

Իսկ միջազգային համագործակցության շրջանակներում Փամբակն ընդգրկված է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության» երկրորդ փուլի ծրագրում և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրում, որոնք ֆինանսավորվում են Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների կողմից։ Ծրագրերն ունեն նպատակ գործնական եղանակով  համակցելու  բնության պահպանությունը տնտեսության աճին, որպեսզի այն տեղի բնակչությանը տեղական բնական ռեսուրսների առավել տնտեսական և կայուն շահագործման եղանակով բերի  եկամուտներ՝ առանց վնասելու այդ տարածքները։

Փետրվար 01, 2024 at 15:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր