12 մլն շվեյցարական ֆրանկ՝ ի նպաստ Հայաստանի լեռնային բնակավայրերի զարգացման. մեկնարկել է ՍԻԳՄԱ ծրագիրը

12 մլն շվեյցարական ֆրանկ՝ ի նպաստ Հայաստանի լեռնային բնակավայրերի զարգացման. մեկնարկել է ՍԻԳՄԱ ծրագիրը

2024թ. մարտի 22-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (ՍԻԳՄԱ) ծրագրի մեկնարկային միջոցառումը: Այն ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է DAI Global UK (DAI) միջազգային ընկերության և իր հայաստանյան մասնաճյուղի կողմից «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ի հետ համատեղ: ՍԻԳՄԱ ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ: 12 մլն շվեյցարական ֆրանկ արժողությամբ այս ծրագիրն առաջնահերթ կնպաստի Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի լեռնային գյուղական բնակավայրերի զարգացմանը: Ծրագրի տևողությունն է 10 տարի: 

ՍԻԳՄԱ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչներ՝ այդ թվում փոխդեսպան, Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության ծրագրի պատասխանատու Վերներ Թութը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, միջազգային և տեղական ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

ՍԻԳՄԱ ծրագիրը միտված է ապահովելու ավելի բարձր եկամուտ և ստեղծելու աշխատատեղեր թիրախային մարզերի լեռնային գյուղական բնակավայրերի ֆերմերների, փոքր ագրոբիզնեսների և զբոսաշրջային ձեռնարկությունների համար: Սա հնարավոր կլինի իրականացնել գյուղատնտեսության և գյուղական զբոսաշրջության զարգացման միջոցով, որոնք եկամտի կարևոր աղբյուր են այդ բնակավայրերում: Կայուն և ներառական աճ ապահովելու նպատակով ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվում հանրային և մասնավոր հատվածների տարբեր դերակատարների հետ: ՍԻԳՄԱ-ն նպաստում է նաև ֆերմերների, գյուղական փոքր ձեռնարկությունների և կայացած մասնավոր ընկերությունների՝ «կատալիստների» միջև գործակցության հաստատմանը` կիրառելով  «շուկայական համակարգերի զարգացում» մոտեցումը: Այս մոտեցման շրջանակներում ծրագիրը «կատալիստների» հետ համատեղ ներդրումներ կիրականացնի գյուղատնտեսության և զբոսաշրջության առանցքային շուկայական համակարգերում: 

Գյուղատնտեսության առանցքային շուկայական համակարգերն են ոռոգումը, գյուղատնտեսական մեխանիզացիան, ագրեգացիան և վերամշակումը, սերմերն ու տնկիները, մեղվաբուծության զարգացման ծառայություններն ու ագրոտեխնոլոգիաները, իսկ զբոսաշրջության ոլորտում՝ զբոսաշրջային բիզնեսների ինկուբացիան, զբոսաշրջային պրոդուկտները, գրավչություններն ու փորձառությունները, ինչպես նաև համագործակցությունը միջազգային օպերատորների հետ: Ներդրումների արդյունքում կստեղծվեն նորարարական ծառայություններ, որոնք առաջնահերթ կնպաստեն ծրագրի կողմից նախանշված թիրախային շուկայական համակարգերի զարգացմանը:

Գյուղատնտեսության ոլորտում դրանք են հացահատիկի, հատիկաընդեղենի, կարտոֆիլի, մրգերի և հատապտուղների, բանջարեղենի արտադրությունն ու մեղվաբուծությունը, իսկ զբոսաշրջության ոլորտում՝ գյուղական, մշակութային, փորձառնական զբոսաշրջությունն ու էկոտուրիզմը:

Օգտվելով մշակված ծառայություններից՝ գյուղական ձեռնարկություններն ու ֆերմերները կբարելավեն իրենց արտադրողականությունը, կմեծացնեն եկամուտները և կկարողանան մուտք գործել ընդլայնված շուկաներ ավելի բարձր արժեք ունեցող արտադրանքով, իսկ «կատալիստները» եկամտի նոր աղբյուրներ ձեռք կբերեն այս ծառայությունների շարունակական մատուցման միջոցով:  

Հայաստանի լեռնային գյուղական բնակավայրերում կայուն և ներառական աճ ապահովելու նպատակով ՍԻԳՄԱ-ն առաջնահերթ կարևորում է կանանց, բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և էթնիկ փոքրամասնությունների տնտեսական ներգրավածությունը ծրագրում: 

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման առաջին փուլի (2023-2026 թթ.) շրջանակներում ավելի քան 3400, իսկ մինչև 2028թ.-ը՝ ավելի քան 4000 տնային տնտեսություններ և փոքր զբոսաշրջային ընկերություններ կբարելավեն եկամուտները, կունենան նոր/ավելի բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ օգտվելով ծրագրի շրջանակներոմ ստեղծված հնարավորություններից: Նախատեսվում է, որ հետագայում ծրագիրը կընդլայնի իր գործունեության աշխարհագրությունը՝ կիրառելով մշակված լուծումները նաև Հայաստանի մյուս մարզերի լեռնային գյուղական բնակավայրերում:    

Մարտ 25, 2024 at 14:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր