Մարտի 21-ին աշխարհը նշում է Անտառների միջազգային օրը։ 2024 թվականի օրվա թեման է «Անտառները և նորարարությունը. նոր լուծումներ ավելի լավ աշխարհի համար»:
Ամեն տարի աշխարհը կորցնում է 10 միլիոն հեկտար անտառ հատումների և 70 միլիոն հեկտար անտառ՝ հրդեհների հետևանքով։ 1990 թվականից ի վեր անհետացել է ավելի քան 420 միլիոն հեկտար անտառ։
Ըստ ՄԱԿ-ի՝ անտառահատումների դեմ պայքարը պահանջում է նոր տեխնոլոգիաներ, անհրաժեշտ է նորարարություն վաղ նախազգուշացման համակարգերում։ Իսկ անտառվերականգնումը կարող է զգալի ներդրում ունենալ կլիմայի փոփոխության մեղմացման գործում և բարելավել պարենային անվտանգությունը:
Հայաստանի անտառները ևս վտանգված են և խոցելի։ 2020 թվականին արձանագրվել է 9700 ապօրինի ծառահատում, 2021 թվականին՝ 12000, 2022 թվականին՝ 6300, իսկ 2023 թվականին՝ 13600։ Այս տվյալները ներկայացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը «Արմենպրես» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ Հայաստանի անտառային հողերը կազմում են շուրջ 459 հազար հեկտար, որից անտառածածկը 334․1 հազար հեկտարն է, որը կազմում է ՀՀ տարածքի 11․2 տոկոսը։ Սակայն այս ցուցանիշն ավելի քան 30 տարի առաջ է արձանագրվել՝ 1993 թվականին, և, ըստ Սևակ Մարկոսյանի, հնացած է։ «Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի բյուջեի միջնաժամկետ ծախսերի ծրագրում նախատեսված է, որ կիրականացվի անտառների հաշվառում, և այս ցուցանիշներն ավելի կհստակեցվեն, - ասաց Սևակ Մարկոսյանը և հավելեց, - հնարավոր է, որ անտառածածկ տարածքներն ավելացել են՝ ըստ անտառտնտեսությունների պլանների ցուցանիշների»։
11․2 տոկոս անտառածածկի ցուցանիշը Հայաստանի համար դիտարկվում է որպես ցածր։ Սևակ Մարկոսյանը նշեց, որ ՀՀ-ն ստանձնել է միջազգային պարտավորություն՝ մինչև 2030 թվականն իրականացնել շուրջ 50 հազար հեկտար անտառապատման աշխատանքներ, իսկ մինչև 2050 թվականն անտառածածկ տարածքները հասցնել մինչև 20,1 տոկոսի։ «Սրանք բարձր ցուցանիշներ են, և ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ քայլեր է ձեռնարկում՝ կատարելու իր պարտավորությունները», - ասաց նա։
Սևակ Մարկոսյանը նշեց, որ 2024 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պլանավորել և հաստատել է 130 հեկտար տարածքում անտառապատման աշխատանքների իրականացում։ «Նաև ունենք 870 հեկտար տարածքում անտառապատման աշխատանքներ քննարկման մեջ դրված տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ», - նշեց Սևակ Մարկոսյանը։
Մարտ 21, 2024 at 13:52