Ինչ մարտահրավերների առաջ ենք այսօր կանգնած կլիմայի փոփոխության պատճառով, ինչպես դիմակայել կլիմայի փոփոխությանը, ինչպես է այն ազդում բնական պաշարների, մասնավորապես՝ կերային հանդակների արտադրողականության վրա: Այս թեմաների վերաբերյալ մարտի 7-ին դասընթաց անցկացվեց «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի շահառու բնակավայրերի ՏԻՄ ներկայացուցիչների ու բնակիչների համար։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։
Ողջույնի խոսքում ծրագրի ղեկավար Նաիրե Երիցյանը, ով ներկայացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, խոսեց ծրագրի բնապահպանական բաղադրիչի երկու հիմնական թեմաների մասին: «Ծրագրի շրջանակներում իրականացնում ենք կլիմայի փոփոխության և բնական պաշարների կայուն կառավարման հետ կապված աշխատանքներ: Դասընթացի նպատակն է շահառուներին ծանոթացնել այս երկու հիմնահարցերին, գործնականում կիրառելի գիտելիքներ փոխանցել: Կլիմայի փոփոխությունը Հայաստանում արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, տեղումների կրճատմամբ և արտակարգ եղանակային երևույթների հաճախակիացմամբ: Այս մարտահրավերներին դիմակայելու համար պետք է պայքարենք պատճառների դեմ՝ մեղմելու այդ փոփոխությունները և հարմարվել՝ նվազագույնի հասցնելով դրանց բացասական ներգործությունը»,- ասաց նա:
«Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը դասընթացի ընթացքում անդրադարձավ կլիմայի փոփոխության պատճառներին, հետևանքներին և ներկայացրեց վերականգնվող էներգետիկայի կիրառման օրինակներ՝ որպես կլիմայի փոփոխության մեղմման միջոց:
Ներկայացնելով կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումները՝ նա նշեց․ «Անհրաժեշտ են քայլեր, որոնք նվազեցնում են CO2 գազի արտանետումը, օրինակ, անցումը վերականգնվող էներգիայի կամ թափոնների նվազեցումը, վերօգտագործումը և վերամշակումը, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը, օրենսդրական դաշտի կարգավորումը, ռեսուրսախնայող տեխնոլոգիաների և «խելացի» կառավարման համակարգերի ներդրումը»:
LILA ծրագրի շրջանակներում թիրախ համայնքներում իրականացվում են կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումներ։ Ներկայացնելով այդ միջոցառումները՝ Խաչիկ Սահակյանը նշեց, որ LILA ծրագրի շրջանակներում շահառու բնակավայրերում տեղադրվել են ընդհանուր 152 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ, այդ թվում՝ շարժական հիբրիդ կայաններ, արևային ջրատաքացուցիչներ, իրականացվել է տանիքների վերանորոգում և ջերմամեկուսացում, մեկ բնակավայրում տեղադրվել է էներգաարդյունավետ ջեռուցման համակարգ:
Անդրադառնալով կլիմայի փոփոխության մարտահրավերներին՝ բանախոսը նշեց, որ հաճախակիանում են հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, պակասում են ջրային ռեսուրսները, կրճատվում են անտառային և կանաչ տարածքները, խախտվում է էկոհամակարգերի հավասարակշռությունը: «Կլիմայի փոփոխության հետևանքով կանխատեսվում է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքների կրճատում և բերքատվության անկում: Կլիմայական փոփոխությունները Հայաստանում մշակաբույսերի վրա կունենան երեք հիմնական ազդեցություն. շատ մշակաբույսերի մշակության գոտին, ամենայն հավանականությամբ, բնական կլիմայական գոտիների ուղղահայաց գոտիականությամբ կտեղաշարժվի դեպի վեր, բարձր ջերմաստիճանի զուգորդումը գոլորշացման բարձր մակարդակի և տեղումների նվազման հետ կհանգեցնեն շատ մշակաբույսերի մշակության արդյունավետության նվազման, և, վերջապես, փոփոխվող եղանակային պայմանները և դրանց ծայրահեղ դրսևորումները կարող են էական վնասներ հասցնել մշակաբույսերին և գյուղատնտեսական նշանակության հողերին»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամենը հանգեցնում է պարենային անվտանգության խնդրի:
Ըստ Խաչիկ Սահակյանի՝ բույսերի խնամքը կլիմայի փոփոխության ռիսկի կառավարման կարևորագույն բաղադրիչներից է: «Այդ ռիսկի պայմաններում երկրագործության գերխնդիրներից մեկը հողի խոնավության պահպանումն ու ոռոգման ջրի արդյունավետ օգտագործում է»,- ընդգծեց նա:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանն, անդրադառնալով բնական կերային հանդակների կառավարման ներկա վիճակին ու խնդիրներին, մատնանշեց տարերային և անկանոն ավանդական արոտօգտագործումը: «Կայուն և արդյունավետ կառավարում ապահովելու համար հնարավորությունները սահմանափակ են: Տեղական ինքնակառավարման մարմինների և արոտօգտագործող ֆերմերների կարողությունները կայուն կառավարում ապահովող տեխնոլոգիական միջոցառումների և արդյունավետ գործելաձևերի վերաբերյալ բավականին թույլ են: Այս ամենն իր հերթին բերել է կերային հանդակների արտադրողականության անկման ու բուսական ծածկոցի որակական կազմի աղքատացման»,- նշեց նա:
Փորձագետը ներկայացրեց բնական կերային հանդակների արդյունավետ կառավարման հիմունքները՝ հերթափոխ արոտաբաժնային կարգով արոտաշրջանառության իրականացում, արոտօգտագործման չափանիշների (արածեցման ճիշտ ժամկետները, կարգը, խոզանի բարձրությունը, տևականությունն ու պարբերականությունը) պահպանումով:
Ներկաները հարցուպատասխանի ընթացքում խոսեցին իրենց համայնքներում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բացասական երևույթների, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների մասին:
Մարտ 25, 2024 at 11:10