«Կլիմայական գործողությունների առաջնագծում» կարգախոսով նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը

«Կլիմայական գործողությունների առաջնագծում» կարգախոսով նշվեց Օդերևութաբանության համաշխարհային օրը

«Կլիմայական գործողությունների առաջնագծում» կարգախոսով մարտի 23-ին աշխարհը նշեց Օդերևութաբանության համաշխարհային օրը։ «Կլիմայական քաոսը սպառնում է երկրագնդի յուրաքանչյուր տարածաշրջանին, երկրին և համայնքին, ուստի մենք` բոլորս, պետք է հավաքվենք կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում և սկսենք պայքարել ավելի լավ ապագայի համար», - օրվա առթիվ հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Վերջապես, մենք պետք է կերտենք ապագա, որում վերջ դնենք մեր կախվածությանը հանածո վառելիքից և սահմանափակենք գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5 աստիճան Ցելսիուս՝ խուսափելով կլիմայական քաոսի ամբողջական գերիշխումից: Կլիմայական արդարությունը պետք է ապահովվի զարգացող երկրների համար, քանի որ նրանք կրում են ճգնաժամի նվազագույն պատասխանատվությունը», - ասաց Անտոնիո Գուտերեշը:

Հայաստանի մասնաբաժինը գլոբալ արտանետումներում կազմում է ընդամենը 0․02 տոկոս։ Այնուամենայնիվ, երկիրը ենթարկվում է կլիմայի փոփոխության ազդեցությանը։ Օդի ջերմաստիճանի աճի տեմպերը Հայաստանում գերազանցում են գլոբալ տաքացման միջին տեմպերը, նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը «Արմենպրես» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եթե 1935-2023 թվականների ընթացքում Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրացել է 1․6 աստիճանով, ապա աշխարհում բարձրացել է 1 աստիճանով։ Հայաստանում օդի ջերմաստիճանի աճի միտումները զգալիորեն ինտենսիվացել են՝ սկսած 2000-ական թվականներից։ Յուրաքանչյուր 10 տարում օդի միջին ջերմաստիճանը բարձրանում է 0․6 աստիճանով։ Սկսած 1994 թվականից՝ ՀՀ-ում օդի տարեկան միջին ջերմաստիճանները, բացառությամբ 2011 թվականի, միշտ նորմայից բարձր են եղել։ Ամենատաք տարին դիտվել է 2010 թվականին։ Այդ տարվա ընթացքում է ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ 43․7 աստիճան», - ասաց Լևոն Ազիզյանը։ Նա նշեց, որ ամենատաք տարիները վերջին 14 տարվա ընթացքում 2010, 2018, 2021, 2023 թվականներն են։ 2023-2024 թվականների ձմեռը ՀՀ-ում եղել է երկրորդ ամենատաք ձմեռը։ Մինչ այդ, ամենատաքը 1966 թվականի ձմեռն էր։ Նվազել է կայուն ձնածածկույթով օրերի թիվը՝ 10-14 օրով, ինչը բացասական ազդեցություն է ունենում ջրային ռեսուրսների ձևավորման վրա։ Ավելացել են անոմալ երևույթները։

«2022 թվականին պետության կողմից նախատեսվեց 200 միլիոն դրամ, որպեսզի օդերևութաբանական կայանների դիտարկումներն ավտոմատացվեն։ 2024 թվականի համար հաստատվել է 300 միլիոն դրամի չափով կապիտալ ներդրումների ծրագիր, որի շրջանակում օդի որակի մոնիթորինգի սարքավորումներ ձեռք կբերվեն», -ասաց Լևոն Ազիզյանը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրեց եղանակային կանխատեսումները։

Նա նշեց, որ մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է 1-1․5 աստիճանով, իսկ ապրիլին այն բարձր կլինի 1 աստիճանով։ Տեղումների քանակը նորմայից ավելի են։ Ըստ Սուրենյանի՝ ակնկալվում է խոնավ ապրիլ։ «Առկա ֆոները գյուղատնտեսության առումով ունեն միայն դրական ազդեցություն», - նշեց Գագրկ Սուրենյանը։

«Մարտ ամսվա ընթացքում ՀՀ-ում գրեթե 200 տոկոս տեղումների քանակ կունենանք, ինչը բարձր ցուցանիշ է։ Մեր կողմից դիտարկվող 5 ջրամբարներում նախորդ տարվա հետ համեմատությամբ 46 միլիոնով ավելի ջրային ծավալ կա կուտակված, իսկ ձնածածկույթը 60-80 սմ բարձր է անցյալ տարվա հետ համեմատությամբ», - հավելեց Լևոն Ազիզյանը։

Ազիզյանը նաև հայտնեց կլիմայի փոփոխության համաշխարհային տվյալները․ «2015-2023 թվականներն ամենատաք տարիներն են երկրի հիդրոօթերևութաբանական դիտարկումների 174 տարվա պատմության ընթացքում։ Ամենատաք տարին եղել է 2023 թվականը, երբ միջին տարեկան ջերմաստիճանը նախաարդյունաբերական ժամանակաշրջանի ջերմաստիճանից բարձր է եղել 1․4 աստիճանով։ 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի փետրվարն աշխարհի մակարդակով օդի միջին ջերմաստիճանները եղել են ռեկորդային բարձր։

Ըստ կանխատեսումների՝ 45 տոկոս հավանականությամբ 2024 թվականը լինելու է ամենատաք տարին, իսկ 99 տոկոս հավանականության՝ ամենատաք տարիների հնգյակում»։

Նաև կրճատվել են Արկտիկայի սառցադաշտերը, իսկ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 2014-2023 թվականների ընթացքում բարձրացել է մոտ 4․8 սմ։

Լուսանկարը՝ NOAA/NASA

Մարտ 25, 2024 at 15:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր