Անտառվերականգնումն ու դրա կարևորությունը. կոնֆերանս անտառների միջազգային օրվա շրջանակում

Անտառվերականգնումն ու դրա կարևորությունը. կոնֆերանս անտառների միջազգային օրվա շրջանակում

Անտառների միջազգային օրվա շրջանակում մարտի 21-ին տեղի ունեցավ «Անտառների էկոհամակարգային ծառայությունները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով կոնֆերանս: Այն նախաձեռնել էր «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական ՀԿ-ն: Կոնֆերանսին ներկա էին Հայաստանում անտառատնկման աշխատանքներ իրականացնող ՀԿ-ների, Հայաստանի բիզնես համայնքի ներկայացուցիչներ։

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը նշեց, որ մոլորակի վրա այսօր ազդեցություն են թողնում տրանսպորտը, ջեռուցման համակարգերը, շինարարությունը, էլեկտրաէներգիայի արտադրութունն ու գյուղատնտեսությունը: Նրա խոսքով՝ պետք է ներդաշնակեցնել այս ամենը մոլորակի էկոհամակարգին քիչ վնասներ հասցնելու համար:

Հայաստանում ներկայում ըստ պաշտոնական տվյալների՝ անտառների ծածկույթը կազմում է 11,2%, սակայն փաստացի՝ գնահատվում է 8%-10%: 

Անտրէ Գումուշճեանի խոսքով՝ 2019-2023 թթ. ընթացքում «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի ջանքերով Հայաստանում վերականգնվել է 650 հա անտառ: Դիմելով ներկաներին՝ նա նշեց, որ այսօր անտառվերականգնման աշխատանքներում մասնակցություն կարող է ունենալ յուրաքանչյուրը: «Ովքե՞ր են շարունակելու մեր գործը: Այժմ բիզնեսները դեր ունեն խաղալու: Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոփոխություն անել: Մտածեք այս մասին: Անտառներ ստեղծելը լավագույն բանն է, որ ձեր ընկերությունը կարող է անել առաջիկա 100 տարիների ընթացքում»,- ասաց Անտրէ Գումուշճեանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց. «Մեր հիմնական նպատակը Հայաստանում կենսաբազմազանության պահպանումն է, այդ թվում՝ անտառների: Դա իրականացվում է հատուկ պահպանվող տարածքների ստեղծմամբ»:

Ըստ Կարեն Մանվելյանի, Կովկասյան էկոտարածաշրջանի մաս լինելով, WWF-ը Հայաստանը համարում է աշխարհի 200 թեժ կետերից մեկը, որը հարուստ կենսաբազմազանություն ունի: «Դրա հետ մեկտեղ ունենք բավական շատ վտանգներ՝ որսագողություն, ապրելավայրերի կորուստ՝ անտառահատման կամ անտառների մեջ մեծ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հետևանքով: Մեծ խնդիր է նաև հանքարդյունաբերությունը, փոքր ՀԷԿ-երի կառուցումը»,- ընդգծեց նա: 

«Life Terra» կազմակերպության ածխածնի հեռացման ծրագրի ղեկավար Մարկոս Լոպես Էրսիլյանը ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի դրական փորձը: «Մենք քաղաքացիական շարժում ենք, որի յուրահատկությունը ծառերը ճիշտ տեղում տնկելն է: Մենք հինգ հիմնական տեսակի ծառ ենք տնկում՝ կենսաբազմազանությունը զարգացնելու համար»,- նշեց նա:

Մարկոս Լոպես Էրսիլյանը նշեց, որ Եվրոպայի ու աշխարհի տարբեր երկրներում մոնիթորինգ են իրականացնում հասկանալու համար, թե ինչպես կարող է մեկ ծառը ազդեցություն ունենալ երկրի մոլորակի վրա: Ըստ նրա՝ նախաձեռնության նպատակը Եվրոպայում 500 միլիոն նոր ծառ տնկելն է: «2020թ. հիմնադրվելուց հետո մինչև 2024թ. մենք արդեն իսկ տնկել ենք ավելի քան 6.460.000 ծառ, կազմակերպել 1436 տնկման միջոցառում»,- ասաց նա:

Միջոցառման երկրորդ հատվածում «Բնության վերականգնման կարևորությունը բիզնեսների համար» թեմայով պանելային քննարկման ժամանակ անտառների վերականգնման ու «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցության իրենց փորձով կիսվեցին  IDBank-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը, «Վեգա» ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Չոբանյանը, «Դատաարտ» ընկերության կայուն զարգացման խորհրդատու Մաքսիմ Կոչետկովն ու «Իզիփեյ» ընկերության մարքեթինգի տնօրեն Տիգրան Պարսեղյանը:

Մարտ 26, 2024 at 12:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր