Հայաստանի արոտավայրերի շուրջ 80%-ը տարբեր աստիճանի դեգրադացված է

Հայաստանի արոտավայրերի շուրջ 80%-ը տարբեր աստիճանի դեգրադացված է

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում շահառու բնակավայրերի համար մշակվել են արոտկառավարման պլաններ: Ծրագրի շահառու բնակավայրերը Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից են:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։ 

Արոտկառավարման պլանների մշակման աշխատանքներում որպես փորձագետ ներգրավված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը: ԷկոԼուրի հետ զրույցում նա ասաց, որ ծրագրի շրջանակներում հիմնական օժանդակությունը ուղղված է բնական լանդշաֆտների ճիշտ կառավարմանը:

«Թիրախ համայնքներում ուսումնասիրություններ են իրականացվում բնական կերային հանդակների տարածքներում: Գույքագրվել և գնահատվել են դրանց էկոլոգիական և արտադրական վիճակը: Ծրագրի շրջանակներում գույքագրման արդյունքում բացահայտված դեգրադացված հատվածների համար մշակելու ենք վերականգնողական համալիր միջոցառումներ` բարելավման աշխատանքներ կազմակերպելու համար: Հանրությանը պետք է ցույց տրվի, թե դեգրադացիայի հետևանքով խաթարված վիճակն ինչպես է կարելի վերականգնել արհեստական միջամտություններով»,- նշեց նա:

Գագիկ Թովմասյանի խոսքով՝ LILA ծրագրի շրջանակներում արոտների հասանելիության ապահովման ու կայուն կառավարման կարգերի գործարկման համար իրականացվում են ենթակառուցվածքային ցանցը բարելավելու, մասնավորապես, արոտների ջրարբիացման խնդիրը լուծելու, կենդանիների համար նոր ջրելատեղեր կառուցելու, հեռագնա արոտների հասանելիության համար ճանապարհների բարեկարգման և  մակատեղիների կառուցման աշխատանքներ: «Բոլոր այս գործողությունները միտված են ապահովելու լանդշաֆտային բուսածածկերի պահպանությունը, կենսաբազմազանության կայուն կառավարումն ու էկոհամակարգերի պահպանությունը, որոնք նախադրյալներ կստեղծեն տնտեսությունը զարգացնելու և մարդկանց ապրելակերպը բարելավելու համար»,- նշեց նա:

Ըստ Գագիկ Թովմասյանի՝ ՀՀ-ում արոտավայրերը զբաղեցնում են 1,050,000  հեկտար, բնական խոտհարքները՝ 121,700 հա տարածք: Սակայն արոտային տարածքներն իրենց արտադրողականությամբ չեն լուծում երկրում անասնագլխաքանակի արոտային կերապահովման խնդիրը: «Հասանելիության՝ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների պատճառով որոշ տարածքներ կա՛մ ընդհանրապես չեն օգտագործվում, կա՛մ քիչ են օգտագործվում: Փոքր տնտեսվարման պարագայում հեռագնա արոտների օգտագործումը տեխնիկատնտեսական առումով արդարացված չէ»,- ասաց նա:

Փորձագետը հավելեց, որ օգտագործվող արոտային տարածքները հիմնականում համայնքամերձ են, և գերբեռնված օգտագործման հետևանքով դրանք դեգրադացվել են: «Ձևավորված կերային հանդակներում արտադրողականության, բերքատվության ու բերքի որակական ցուցանիշները անհամեմատ ցածր են: Սա ուղղակիորեն անդրադառնում է կենդանիների մթերատվության, մասնավորապես կաթնատվության ցուցանիշների վրա: Սա էլ իր հերթին բերում է սոցիալական խնդիրների»,- ասաց նա:

Ըստ նրա՝ առավել վտանգավոր է մարդածին դեգրադացիան: «ՀՀ-ում դեգրադացիան բավականին բարձր մակարդակի է․ տարբեր գնահատումներով ՀՀ վարչական տարածքում եղած արոտավայրերի շուրջ 80%-ը տարբեր աստիճանի դեգրադացված է: Հեռագնա արոտները դեգրադացված են բնական դեգրադացիայի արդյունքում: Տարիներ շարունակ պատշաճ կերպով չօգտագործվելով այդ տարածքներում բուսածածկը գնացել է հարկադիր ծերացման: Մարդածին  դեգրադացիան անկանոն կառավարման կամ գերօգտագործման արդյունքն է»,- նշեց նա:

Փորձագետը նշեց, որ ջերմաստիճանի բարձրացումն ու խոնավության ցուցանիշի կրճատումն էլ ավելի է սրում նման վտանգված էկոհամակարգերի վիճակը: «Արդյունքում ունենք լուրջ խնդիր հատկապես լանջերում: Բուսածածկի դեգրադացիան բերում է հողածածկի էրոզացման ու քայքայման գործընթացների»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով դաշտավարության ոլորտի խնդիրներին՝ Գագիկ Թովմասյանը նշեց. «Նախկինում բուսաբուծության ոլորտում տարբեր կերային, պարենային և տեխնիկական նշանակության տեսակային կազմով ցանքատարածություններ ունեինք: Այժմ դաշտավարության ոլորտում վարելահողերի մշակության հետ կապված խնդիր կա, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով՝ ոչ բավարար քանակի գյուղտեխնիկա, որակյալ սերմանյութի բացակայություն, հողերի մասնատվածություն: Մասնատված հողերի պարագայում որակյալ դաշտավարություն զարգացնել հնարավոր չէ, որովհետև ցանքաշրջանառություն իրականացնելը մասնավոր տնտեսվարողի կողմից դառնում է խնդիր: Հողի միավոր մակերեսի արտադրողականությունը կրճատվել է, ինչն էլ դարձել է հողերի սահմանափակ տարածքով մշակելու պատճառ։ Գործառնական նշանակության վարելահողեր կան, որ 30 և ավելի տարիներ չեն մշակվել: Սա խիստ վտանգավոր է երկրի համար: Կարծում եմ՝ ժամանակն է այս ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու և պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու»,- նշեց նա:

Մարտ 25, 2024 at 12:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր