Ջուրը կարող է խաղաղություն ստեղծել, իսկ դրա բացակայությունը՝ հակամարտություն առաջացնել: Երբ ջուրը քիչ է կամ աղտոտված, երբ մարդիկ ջրի անհավասար հասանելիություն ունեն կամ ընդհանրապես չունեն, կարող է լարվածություն առաջանալ համայնքների և երկրների միջև:
Մարտի 22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը։ 2024 թվականի թեման է «Ջուրը խաղաղության համար»։
ՄԱԿ-ը հայտնում է․ աշխարհում 2,2 միլիարդ մարդ չունի անվտանգ խմելու ջրի հասանելիություն, այդ թվում՝ 115 միլիոնը խմում է մակերևութային ջուր։ Աշխարհի բնակչության շուրջ կեսը տարվա որոշակի ժամանակահատված ջրի խիստ պակաս է զգում։
Ավելի քան 3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում կախվածություն ունի պետական սահմանները հատող ջրային ռեսուրսներից: Ընդ որում, միայն 24 երկրներ ունեն համագործակցության համաձայնագրեր ընդհանուր ջրային ռեսուրսների վերաբերյալ:
ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել և պահպանել այս թանկ ռեսուրսը հատկապես կլիմայի փոփոխության ազդեցության պայմաններում։
Հայաստանը ևս բախվում է ջրային ռեսուրսների սակավության և աղտոտման խնդիրներին և կլիմայի փոփոխության մարտահրավերներին։ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային զեկույցի համաձայն՝ 2100թ. կանխատեսվում է Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի նվազում մոտ 30-35%-ով, ինչը բացասական ազդեցություն կունենա լճի կենսական ռեսուրսների վրա: Գնահատվել է նաև Սևանա լճից գոլորշիացումը՝ կապված տեղումների, ջերմաստիճանի փոփոխությամբ: Համաձայն գնահատականների՝ 2040թ. կանխատեսվում է գոլորշիացման աճ լճի մակերևույթից մոտ 10%-ով, 2070թ.՝ 20-25%-ով, 2100թ.՝ 35%-ով:
Վատատեսական սցենարի դեպքում մինչև 2100թ-ը կանխատեսվում է գետային հոսքի նվազում մինչև 39 %: Գետերի հոսքի 25% կրճատումը կհանգեցնի ոռոգվող հողատարածքների արտադրողականության կրճատման մոտ 24%-ով:
Կլիմայի բացասական ազդեցության մասին անդրադարձ եղավ Ջրի համաշխարհային օրվան նվիրված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմակերպած միջոցառման ժամանակ։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը շեշտեց կլիմայի փոփոխության ազդեցությունը նվազեցնելու և կանաչ տնտեսությունը զարգացնելու կարևորությունը։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ նախարարությունը քայլեր է ձեռնարկում պահպանելու Հայաստանի ջրային ռեսուրսները։ «Քննարկում ենք ջրային ոլորտի ռազմավարության հարցը, քայլեր են իրականացվում ջրամբարաշինության ուղղությամբ, ստորերկրյա ջրերի ապօրինի օգտագործումը քրեականացրել ենք, ջրօգտագործման թույլտվությունները թվայնացվելու են, մոնիթորինգի համակարգն՝ արդիականացվելու», - նշեց Հակոբ Սիմիդյանը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ասաց, որ Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում ներդրվել է ջրի փակ շրջանառու համակարգ։ Ըստ նրա՝ Արարատյան դաշտում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը։ Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ սահմանվելու է Արարատյան դաշտում այն համայնքների ցանկը, որտեղ ջուրը տրամադրվելու է միայն ոռոգման նպատակով։
Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը ներկայացրեց կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ տվյալներ։ Հայաստանում միջին ջերմաստիճանը 1․6 աստիճանով բարձրացել է։ Կանխատեսվում է, որ մինչև 2070թ․ ջերմաստիճանը կբարձրանա 3․3 աստիճանով, իսկ մինչև 2100թ․՝ 4․7 աստիճանով։ Իսկ գետերի հոսքը, ըստ կանխատեսումների, մինչև 2040թ․ կնվազի միջին նկատմամբ 14 տոկոսով, մինչև 2070թ․՝ 28 տոկոսով, մինչև 2100թ․՝ 39 տոկոսով։ Գետային ներհոսքը Սևանա լիճ մինչև 2100թ. կնվազի շուրջ 34%-ով կամ 265 միլիոն խմ-ով բազիսային ժամանակահատվածի (1961-1990թթ․) նկատմամբ: «Ջերմաստիճանի բարձրացումն ազդում է ջրային ռեսուսրների քանակի և որակի վրա, խոցելի են դառնալու գյուղատնտեսությունը, էներգետիկան և այլ ոլորտներ», - նշեց Նոնա Բուդոյանը։ Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա մեղմելու նպատակով մշակվել է 26 միջոցառում, որոնք սահմանված են ՀՀ կառավարության հաստատած «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկ»-ում։
Մարտ 22, 2024 at 17:06