Կանաչ գոտիների ավելացումը Երևանի հիմնական խնդիրներից է: Քաղաքի այգիների մի շարք հատվածներ դեռևս 1990-ականներից վարձակալությամբ են տրամադրվել տարբեր անհատների, որոնք ոչ միայն չեն խնամում և բարեկարգում տարածքները, այլև բացակայում են երկրից:
Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձևավորել է առանձին աշխատանքային խումբ, որը պարբերաբար վերանայում է վարձակալության ժամկետներն ու նաև վճարի չափը:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարակից այգին ևս վարձակալված է: «Սա այն կարևոր խնդիրներից է, որին պետք է անդրադառնանք: Շատ կանաչ տարածքներ, այգիներ, որոնք նախկինում վարձակալության են տրվել խրթին իրավական գործընթացների պատճառով, անմխիթար վիճակում են: Երևանցիները մեզանից են պահանջում այդ խնդրի լուծումը, մենք գնում ենք այդ լուծմանը: Ես կոչ եմ անում բոլոր այն վարձակալներին, որոնք այգիներն անմխիթար վիճակում են թողել, պարզապես իրենց կամքով գալ և խզել պայմանագրերը, որովհետև վաղ թե ուշ դա տեղի է ունենալու: Մենք մեր առջև դրած խնդիրը լուծելու ենք: Երբ խոսքը հանրային շահի մասին է՝ չի կարող որևէ այլ իրավական հիմնավորում լինել հակառակ գնալու համար: Ինձ համար սա տարօրինակ և անընկալելի է»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ոչ բարեխիղճ վարձակալների հետ, ովքեր չեն կարողանում պատշաճ իրականացնել իրենց պայմանագրային պարտավորությունները, պետք է վերանայել պայմանագրերն ու դրանք լուծարել: Բոլոր վարձակալներն այդ մասին ծանուցվում են: Քաղաքը պատրաստ է վերադարձնել տարածքները, բարեկարգել և հանձնել բնակչությանը», - ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ, իհարկե, կան նաև բարեխիղճ տնտեսվարողներ, ովքեր պատրաստ են, առանց շահ ակնկալելու իրենց ուժերով բարեկարգել քաղաքի կանաչ տարածքները:
Հուլիս 22, 2024 at 11:46