Որքանով է իրականացվել «Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագիրը»․ քննարկում քաղաքացիական հասարակության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ

Որքանով է իրականացվել «Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագիրը»․ քննարկում քաղաքացիական հասարակության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ

Երևանում է կենտրոնացած Հայաստանի բնակչության գերակշիռ մասը՝ ավելի քան մեկ միլիոն մարդ։ Բնակչության աճի հետ ավելանում են մայրաքաղաքի խնդիրները։ Հատկապես մտահոգիչ են մայրաքաղաքի կանաչ տարածքների, օդի, ջրի որակի խնդիրները։ Այս խնդիրների կարգավորմանն է միտված «Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագիրը», որը Երևանի ավագանին հաստատել է 2017թ-ին։ Այն մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Կանաչ քաղաք» ծրագրի շրջանակներում:

Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագիրը» քննարկվեց «Էկոլուր» մամուլի ակումբում պետական և հանրային ոլորտի ներկայացուցիչների կողմից։ 

Ըստ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Մերի Հարությունյանի՝ ծրագրով սահմանված են Երևանի զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները։ Դրանցից մեկը էներգետիկան է։ Մերի Հարությունյանը նշեց՝ ինչ միջոցառումներ են իրականացվել այս ոլորտում քաղաքային իշխանության կողմից։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքում ներդրվել է էներգետիկ կառավարման համակարգ, իրականացվել են էներգախնայողությանն ու վերականգնվող էներգետիկային ուղղված ծրագրեր, իրազեկվածության բարձրացման միջոցառումներ։ «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային համակարգեր են տեղադրվել Երևանի 97 շենքերի տանիքներին։

Արևային ֆոտովոլտային վահանակներ են տեղադրվել նաև Երևանի քաղաքապետարանին պատկանող շենքերում, իսկ քաղաքապետարանի 300 օբյեկտներում արդիականացվել է ներքին լուսավորությունը։

15 միլիոն եվրո արժողությամբ «Երևանի էներգաարդյունավետության ծրագրով» 15 մանկապարտեզ սեյսմիկ վերազինում է անցել։ Տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, ջրատաքացուցիչներ, արդիականացվել է լուսավորությունը։ Մանկապարտեզներից 9-ն արդեն հանձնված են շահագործման։ Ըստ Մերի Հարությունյանի՝ մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված են 38 հանրային շենքի՝  6 պոլիկլինիկայի և 32-ի մանկապարտեզի էներգախնայող լուծումներով կառուցման, վերակառուցման և սեյսմիկ վերազինման աշխատանքներ։

Նշվեց, որ բազմաբնակարան շենքերում գտնվող մանկապարտեզների համար լուծումը նոր մանկապարտեզների կառուցումն է, քանի որ էներգախնայող լուծումներով ծրագրեր բազմաբնակարան շենքերում գտնվող մանկապարտեզներում չեն կարող իրականացվել։

Մայրաքաղաքի խնդիրներից է կանաչ տարածքների կորուստը։ Երևանի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը պաշտոնական տվյալով 6760 հեկտար է, որից 906․8 հեկտարը հանրային կանաչ տարածքներն են։ Մերի Հարությունյանը նշեց, որ Երևանում կանաչ տարածքները 2022-2023 թվականների ընթացքում ավելացել են 35 հեկտարով։ Մեկ անձին բաժին ընկնող կանաչ տարածքը 8․3 քմ է։ «Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագրի» կենսաբազմազանության, էկոհամակարգերի և հողօգտագործման փորձագետ Դշխուհի Սահակյանը նշեց, որ 2022 թվականին այդ թիվը եղել է 8․12 քմ։ «Սա լավ աշխատանքի արդյունք է, - ասաց Դշխուհի Սահակյանը և հավելեց, - կանաչապատման աշխատանքների կպչողականությունը 72-75 տոկոս է։ Աա էլ նշանակում է, որ ընտրված են  ճիշտ տարածքներ և ճիշտ տեսակներ, նաև խնամքն է լավ իրականացվում։ Սակայն կանաչապատման աշխատանքները համաչափ չեն իրականացվում։ Կենտրոնը կառուցապատվում է մեծ մասշտաբներով, իսկ մենք ունենք սահմանված ցուցանիշ, որին, ցավոք, չենք հասնում»։

Ըստ Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանի՝ Դալմայի այգիները քաղաքային մեծ զբոսայգու վերածելու ծրագրի իրականացման դեպքում այդ ցուցանիշն էականորեն կավելանա։ «Նախագիծը հիմա ելակետային ուսումնասիրությունների փուլում է։ Կստեղծվի նոր՝ 230 հեկտար մակերեսով զբոսայգի, և մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը կդառնա 10․3 քմ։ Այսինքն, մենք հնարավորություն կունենանք գերազանցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության նվազագույն ցուցանիշը, և այդ առումով սա շատ կարևոր նախագիծ է մեզ համար», - ասաց Գորիկ Ավետիսյանը։ Ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների՝ ծրագրի իրականացման ժամկետը 5 տարի է, իսկ ծրագրի իրականացման ընթացքում վարձակալած տարածքները ճանաչվելու են գերակա հանրային շահ։

Մայրաքաղաքում քարտեզագրվել և գույքագրվել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները, իսկ մյուս վարչական շրջաններում աշխատանքները շարունակվում են։ Նախատեսվում է ստեղծել առցանց տվյալների բազա։

Դշխուհի Սահակյանը նշեց, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկում է նոր ծրագիր, որով նախատեսվում է 150 հեկտար այգիների հիմնում Երևանի տարածքում։ Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանն արձագանքեց, որ այդ աշխատանքները նախատեսվում է իրականացնել ոչ թե քաղաքապետարանի, այլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող հողերում։

Ըստ Սիրարփի Հայկազյանի՝ քաղաքապետարանի կողմից հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել լրացուցիչ անտառպաշտպանիչ գոտու ստեղծման ծրագիր, նաև ռեկուլտիվացնել փակված հանքերը։

Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև մայրաքաղաքի կառուցապատման խնդրին։ Այն էական ազդեցություն է թողնում օդի որակի վրա։ Երբեմն մայրաքաղաքն ուղղակի ծածկվում է փոշու ամպերով։

Ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների՝ «Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագրի» շրջանակում բարելավվել է օդի որակի քաղաքականության, մեթոդաբանության և մշտադիտարկման համակարգը։ «Մեզ չեն բավարարում պետական մոնիտորինգի տվյալները, որը չի չափում փոշու առանձին տեսակները և ավտոմատ չէ։ 2022 թվականին Երևանում տեղադրվեցին օդի որակի մոնիտորինգի 5 սարքեր, այնուհետև ավագանու որոշմամբ կառուցապատողների առջև դրվեց պարտավորություն տեղադրել մոնիտորինգի սարքեր։ Կառուցապատողների մի մասն իրականացրել է այդ պարտավորությունը», - ասաց Գորիկ Ավետիսյանը։

Օդի աղտոտման խոշոր աղբյուր է տրանսպորտը։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Վարդգես Պապյանը նշեց՝ հասարակական տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ փոխարինվելու են նորերով, ավելի քիչ արտանետումներով տրանսպորտային միջոցներով։ «Դիզելային տրանսպորտը 140 միավոր է, իսկ կապույտ վառելիքով տրանսպորտը՝ 490։ Ստանալու ենք նոր խմբաքանակ՝ 171 ավտոբուս, որն օգնելու է փոխարինել հին ավտոբուսները։ Մեր նպատակն է ամբողջությամբ անցնել կապույտ վառելիքի, որը նվազեցնում է օդի աղտոտվածությունը», - ասաց Վարդգես Պապյանը։ Իսկ մայրաքաղաքի տրանսպորտային հոսքի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոց նա նշեց կայանատեղիի գնի բարձրացումը։ «Երևանում երթևեկությունը պետք է վերանայվի», - ասաց Վարդգես Պապյանը։

«Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագրի» շրջանակում նախատեսվում են շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ։ Այդ տրամաբանությամբ նախատեսվում է Հրազդանի կիրճին շնորհել բնապահպանական հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հետաքրքրվեցին՝ ինչ է լինելու կիրճում գտնվող մասնավոր օբյեկտների հետ։

«Կիրճում կան սեփականաշնորհված տարածքներ, որոնք ունեն վկայական, և մենք չենք կարող ներառել այդ տարածքները։ Մենք շրջանցելու ենք դրանք։ Բայց կան բազմաթիվ կառուցապատված տարածքներ, որոնք չունեն վկայականներ։ Դրանք ապամոնտաժվելու են և ներառվելու նորաստեղծ հատուկ պահպանվող տարածքի մեջ», - ասաց Գորիկ Ավետիսյանը։ Իսկ Սիրարփի Հայկազյանը նշեց, որ կիրճին բնապահպանական հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի շնորհումը հնարավորություն է ընձեռում սահմանափակել գոյություն ունեցող մասնավոր օբյեկտների ընդլայնումը և նորերի ստեղծումը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն արձագանքեց․ «Դրանք ջրային տարածքներ են և, ի սկզբանե, անօրինական հիմքերով են սեփականաշնորհվել։ Դուք հիմա ուզում եք աչք փակել արդեն սեփականաշնորհված տարածքների վրա, կապ չունի՝ ոնց է սեփականաշնորհվել։ Մենք ունենք փորձ, երբ սեփականաշնորհված տարածքները գերակա հանրային շահ են ճանաչվում, և սա այն դեպքերից է, երբ բոլոր հիմքերը կան այդ տարածքները ճանաչելու գերակա հանրային շահ և շնորհելու հատուկ կարգավիճակ»։

Սիրարփի Հայկազյանն արձագանքեց․ «Քաղաքապետարանն ունի փորձ, երբ սեփականատիոջը տարել է դատարան։ Այս պահին քաղաքապետարանը գտնվում է նոր գլխավոր հատակագիծ հաստատելու փուլում, և բոլոր գոտիներն ունենալու են իրենց սահմանումները»։

Ըստ Սիրարփի Հայկազյանի՝ նաև նախատեսվում է Գետառ գետի վրա մաքրման կայանի կառուցում նախնական կենսաբանական մաքրում իրականացնելու համար։ «Բոլորը գիտեն, որ գետ կոյուղի է թափվում։ Գույքագրել ենք մոտ 700 միավոր ապօրինի միացումներ դեպի Հրազդան գետ, Գետառ և Երևանյան լիճ։ 95 տոկոսը՝ սեփական տներ են։ «Վեոլիա Ջուր» ընկերության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ գործընթաց ենք նախաձեռնել, փորձում ենք մի քանի ձևով լուծումներ գտնել, օրենքով պարտադրել այդ տնային տնտեսություններին միավորվել և կոլեկտորներ, սանիտարական հորեր սարքել։ Եվս մեկ լուծում է աէրացիան գործարկելը», - ասաց Սիրարփի Հայկազյանը։ Նա նշեց, որ կտեղադրվեն աղբաորսիչ սարքեր/ցանցեր Հրազդան գետի վրա, որը սահմանափակելու է դեպի Երևանյան լիճ թափվող աղբի քանակը։ «Սարքեր են տեղադրվելու Շենգավիթ վարչական շրջանում, «Ֆլորենս» համալիրից ներքև և Գետառի մաքրման կայանից վերև հատվածներում։ Հետագայում պլանավորում ենք ավելացնել աղբորսիչների քանակը», - ասաց Սիրարփի Հայկազյանը։

Թափոնների կառավարման ոլորտում նախատեսվում է կառուցել քաղաքային կոշտ թափոնների նոր սանիտարական աղբավայր և փակել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը։ Հիշեցնենք, որ օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն Էկոլուրին հայտնել էր, որ չեղարկվել է «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որը նախատեսում էր փակել Նուբարաշենի գործող աղբավայրը և հարակից տարածքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր։ Ներկայում քննարկվում է նոր ծրագրի իրականացում Համաշխարհային բանկի հետ։ 

Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագրով նախատեսված է  ծրագրի իրականացման շարունակական մշտադիտարկում, որի ընթացքում կգնահատվի առաջադիմությունը, բարելավման անհրաժեշտությունը, Դրա հիման վրա կարող են իրականացվել համապատասխան փոփոխություններ։ Հարցին, թե արդյոք Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագիրը մշտադիտարկվում է և կվերանայվի, քաղաքապետարանի ներկայացուցիչները տվեցին դրական պատասխան։

Օգոստոս 12, 2024 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր