

«Էկոլուր» մամուլի ակումբում քննարկվեց «Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագիրը» (Երևանի ԿՔԳԾ), որը ներկայացրեց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Մերի Հարությունյանը։
Քննարկմանը մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը և պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը, Էներգախնայողության աջակցության հիմնադրամի տնoրեն, Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի ազգային թիմի համակարգող Աստղինե Պասոյանը, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի կենսաբազմազանության, էկոհամակարգերի և հողօգտագործման փորձագետ Դշխուհի Սահակյանը, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ Հասմիկ Խուրշուդյանը և հողագետ Մերի Հոխանյանը, «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Վարդգես Պապյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը և նախագահի օգնական Գոհար Խոջայանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալիա Համբարձումյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը, Էկոլուրի թիմը։
Մերի Հարությունյանն իր ելույթում նշեց Երևանի ԿՔԳԾ-ով կատարված աշխատանքներն էներգետիկ կառավարման, հանրային շենքերի սեյսմիկ վերազինման, նոր կանաչ տարածքների ստեղծման, տրանսպորտի, օդի աղտոտվածության նվազեցման, շրջակա միջավայրի պահպանության և իրազեկվածության բարձրացման ոլորտներում։
«Այսպիսով, 2022-2023թթ․ ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ավելացել են 35 հեկտարով։ Նախատեսվում է Հրազդանի կիրճին շնորհել բնապահպանական հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Քարտեզագրվել և գույքագրվել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները, իսկ մյուս վարչական շրջաններում աշխատանքները շարունակվում են։ Մայրաքաղաքում նաև բարելավվել է օդի որակի մշտադիտարկման համակարգը», - ասաց Մերի Հարությունյանը։
Քննարկումն անցկացվեց «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի կանաչանցման ակտիվ մասնակիցը» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Երևանի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ՝ «People Powered - Global Hub for Participatory Democracy»-ի աջակցությամբ։
«Սա ծրագրով նախատեսված առաջին կլոր սեղանն է՝ նվիրված Երևանի բնապահպանական և կլիմայական խնդիրներին։ Մեր նպատակն է հասկանալ՝ ինչպես կարող ենք համատեղ լուծել Երևանի բնապահպանական խնդիրները, ինչ է պետք անել, որպեսզի Երևանը դառնա կանաչ քաղաք։ Մենք պետք է ապահովենք մասնակցային մոտեցում, միասին քննարկենք և ներկայացնենք առաջարկություններն ու տեղայնացնենք դրանք», - ասաց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։
«Հիմնական նպատակն է ստեղծել երկխոսության կայուն օղակ համայնքի և քաղհասարակության միջև։ Հույս ունենք, որ մեր համագործակցության հուշագրով կկարողանանք այդ հիմքերը դնել», - նշեց Մերի Հարությունյանը։
Կլոր սեղանների արդյունքներն ու առաջարկությունները կհրապարակվեն www.ecolur.org կայքում և Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Կլոր սեղանների թեմաները վերաբերում են Երևանի ԿՔԳԾ-ին, մայրաքաղաքի` որպես կլիմայական խոցելի տարածքի կարիքներին, աղբի կառավարման խնդիրներին, կանաչ էներգետիկային, կանաչ տարածքներին, օդի աղտոտվածությանը և տրանսպորտին։
Թեման կշարունակվի Էկոլուրի հաջորդ հրապարակումներում։
Հուլիս 15, 2024 at 11:40