Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում իրականացվող «Կյանքի պուրակ» նախագծի շինարարության ընթացքին։
Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակը» կզբաղեցնի 50 հեկտար տարածք։ Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի: Կանցկացվի ոռոգման նոր համակարգ, կկառուցվի պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակի», այլև ամբողջ այգու բուսականության խնամքը: Կարդիականացվի արտաքին լուսավորությունը:
«Լրացուցիչ կուսումնասիրվեն տարածքի կանաչապատման լուծումները, մեծ ծավալով կանաչապատ տարածք ենք ունենալու «Կյանքի պուրակում»», - նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կյանքի պուրակ»-ը կյանքի կոչելու համար պետական բյուջեից 4.6 միլիարդ դրամ է հատկացվել:
Նշենք, որ ահազանգեր են հնչում, որ «Կյանքի պուրակ» նախագծի շրջանակում Երևանի բուսաբանական այգում առողջ ծառեր են հատվում, կայանատեղի և ռեստորան է կառուցվում։
«Կայանատեղի, վստահաբար, նախատեսված է, ռեստորանային հատված նախագծում չեմ տեսել, և նման բան չի նախատեսվում», - ասել է Տիգրան Ավինյանը։
Ահազանգերի կապակցությամբ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ տնօրենի ժ/պ Անահիտ Ղուկասյանը պարզաբանել է․ «Տարեցտարի այստեղ լինում էին հրդեհներ, վերջին տարիներին շատ ուժեղ հրդեհներ էին, ծառերը չորացել էին, հատվել են ոչ թե հազարավոր ծառեր, այլ հատվել են չորացա ծառեր, մեկ-մեկ լինում էր, որ ծառը խանգարում էր ինչ-ոչ բանի, կարող է մի ծառ հեռացվել է, բայց մեծ մասը չորացած ծառեր էին»։
Օգոստոս 28, 2024 at 13:01