

2025թ. Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բալակ, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Թթուջուր, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Լեռնավան և Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրերում նախատեսվում է սկսել ագրոանտառային համակարգերի հիմնադրման աշխատանքները։ Այս միջոցառումները նախատեսվում են «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Շվեցարական համագործակցության գրասենյակը (SDC) և գործընկեր կառույցները: FORACCA-ի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետազոտական թիմը իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն:
«Ծրագիրը շատ հետաքրքիր ուղղություններ ունի, որոնք մեկտեղում են անտառային տնտեսությունն ու գյուղատնտեսությունը մեկ վայրում, մասնավորապես անտառային տնտեսության աջակցությունը գյուղատնտեսությանը: Այդկերպ մենք հնարավորություն ենք ստանում բարելավել գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության գործընթացը և երկուստեք լրացուցիչ տնտեսական, սոցիալական և բնապահպանական օգուտներ ստանալ: Ագրոանտառային համակարգերը կայուն գյուղատնտեսության ամենակարևոր գործոններից ու նախադրյալներից են»,- Էկոլուրի հետ զրույցում ասաց ՀԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, FORACCA ծրագրի փորձագետ Արթուր Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ ագրոանտառաբուծական համակարգերի կիրառությունը թույլ է տալիս նվազեցնել բնապահպանական վնասները, բարձրացնել արտադրողականությունը, ստեղծել ավելի կայուն ագրոէկոհամակարգեր և միևնույն ժամանակ լուծում է սոցիալական և տնտեսական բազմաթիվ հարցեր: «Գյուղական համայնքների համար ագրոանտառային համակարգերի ստեղծումը և հետագա կառավարումը բազմաթիվ օգուտներ է առաջ բերում: Առաջին հերթին լուծվում են համայնքներում առկա բնապահպանական խնդիրների մի մասը, երկրորդ՝ համայնքը հնարավորություն է ստանում լրացուցիչ եկամուտի աղբյուրներ ունենալ: Սոցիալական առումով սա շատ կարևոր ծրագիր է, քանի որ այս ագրոանտառային համակարգերը տնօրինելու են այդ նպատակով ստեղծված կոոպերատիվները, այսինքն՝ համայնքների բնակիչների միությունները, որոնք և որոշումներ են կայացնելու այս համակարգի օգտագործման և հետագա զարգացման հետ կապված»,- ասաց Արթուր Ալավերդյանը:
FORACCA ծրագրի շրջանակներում օրերս Հայաստանում անցկացվեց ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը։
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ողջունելով մասնակիցներին, ասաց. «Շրջակա միջավայրի մարտահրավերներին դիմագրավելը մեզ համար կարևորագույն հարցերից է։ Այս համատեքստում ագրոանտառաբուծությունը նոր հնարավորություններ է ընձեռում շատերի համար, այն նաև օգնելու է բացել նոր աշխատատեղեր, նոր թափ է հաղորդելու գիտահետազոտական աշխատանքներին։ Այստեղ հնարավորություն կունենանք վերհանել առկա խնդիրները, գտնել նոր լուծումներ»։
«Վերջին տասնամյակների ընթացքում մեր հասարակությունը բախվել է բազմաթիվ բնապահպանական մարտահրավերների՝ կլիմայի փոփոխություն, անապատացում, հողերի դեգրադացիա: Այս բոլոր գործոնները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսության և, ի վերջո, պարենային անվտանգության վրա։ Ագրոանտառաբուծությունը մեզ առաջարկում է արդյունավետ լուծումներ այդ սպառնալիքները հաղթահարելու համար: Անտառային բույսերի ընդգրկումը գյուղատնտեսական լանդշաֆտներում օգնում է բարելավել հողի կառուցվածքը, բարձրացնել խոնավության աստիճանը և նվազեցնել էրոզիան»,- իր ելույթում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին շնորհակալություն հայտնեց կոնֆերանսի կամակերպիչներին՝ ընդգծելով, որ քննարկվում են ագրոանտառաբուծությանն առնչվող մարտահրավերներ, և իրենք կարևորում են այս իրադարձությունը, քանի որ այդպիսով ազդարարվում է ագրոանտառաբուծության հայկական ծրագրի մեկնարկը։
ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը նշեց. «Ագրոանտառաբուծության կարևոր ոլորտը պետք է դիտարկել բնապահպանական, տնտեսական և սոցիալական նպատակահարմարությունների մեկտեղման համատեքստում։ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության շնորհիվ մեկնարկած նախաձեռնությունը մենք դիտարկում ենք որպես Հայաստանում հարակայուն զարգացման հնարավորությունների արդյունավետ օգտագործում»։
Կոնֆերանսին «Ագրոանտառաբուծության միջազգային միության» (IUAF) նախագահ Պատրիկ Վորմսը ներկայացրեց ագրոանտառաբուծության կարևորությունն ու ներուժը և դրանից ակնկալվող արդյունքները: «Այն պայմաններում, երբ մոլորակի բնակչության կեսը սննդամթերք է արտադրում ֆիզիկական ծանր աշխատանքով, օգտագործելով ձեռքի գործիքներ, և կլիմայի փոփոխության բերումով ամեն անցնող տարին, փաստորեն, ամենազով տարին է մեր ապրելիք մնացյալ կյանքում՝ ագրոանտառը, մշտատև գյուղատնտեսությունը, կենսաբազմազանության բնական ու գիտական օրինաչափությունների կիրառումը դառնում են դարի հրամայականը: Այսօր պարտավոր ենք ավելացնել ծառերի թիվը և լավ մտածել՝ թունաքիմիկատներ սրսկելուց առաջ»,- նշեց նա:
«Ագրոանտառաբուծության եվրոպական ֆեդերացիայի» (EURAF) նախագահ Բոհդան Լոյկան էլ հանդես եկավ «Ագրոանտառաբուծության ներածություն և ներկա վիճակը Եվրոպայում» զեկույցով:
Նոյեմբեր 07, 2024 at 16:00