

Հայաստանը ստացել է իր պատմության մեջ ամենախոշոր դրամաշնորհը՝ 26 միլիոն 208 հազար 483 եվրո գումարի չափով՝ «Հայաստանում կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում» 6-ամյա ծրագրի իրականացման համար, որը ֆինանսավորվում է Գերմանիայի համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից` KfW բանկի միջոցով:
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի մեկնարկային հանդիպումը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ողջույնի խոսքում կարևորեց կենսաբազմազանության պահպանումը և վերականգնումը։ Նա անդրադարձավ ծրագրի տվյալ բաղադրիչով սահմանված գործողություններին, ընդգծեց բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակման անհրաժեշտությունը ու նոր ԲՀՊՏ- ների ստեղծման կարևորությունը: Արամ Մեյմարյանը նշեց, որ Գերմանիայի կառավարության օժանդակությամբ և աջակցությամբ իրականացվող ծրագիրը կօգնի լուծել Հայաստանում առկա բնապահպանական մի շարք հիմնախնդիրներ։

Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը նշեց, որ ծրագիրը Հայաստանի հետ Գերմանիայի ֆինանսական համագործակցության կարևորագույն նախագծերից մեկն է: «Ներկայում մենք ունենք շարունակական ծրագիր, որն աջակցում է Զանգեզուրին իր յոթ պահպանվող տարածքներով: Նոր ծրագրով մենք նախատեսում ենք ավելացնել մեր աջակցությունը Սյունիքի մարզին և ողջ Հայաստանի այլ պահպանվող տարածքներին»,- աասաց նա:

Զառա Չատինյանի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանման հարցում Հայաստանի առջև ծառացած են մեծ մարտահրավերներ։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2024թ. հուլիս ամսից և նշանակալի ներդրում է ունենալու Հայաստանի կենսաբազմազանության պահպանման գործում: «Այս նախագիծը միտված է աջակցել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ բնապահպանության ոլորտում բարեփոխումների իրականացման գործում: Բարեփոխումները ներառում են օրենքների կիրառումը՝ էկոպարեկային ծառայության ստեղծման միջոցով, հատուկ պահպանվող տարածքների կառավարման բարելավում, կենսաբազմազանության ինտեգրված մոնիթորինգի համակարգի ներդրում, Կարմիր գրքի վերանայում, ինչպես նաև տուրիզմի և համայնքների զարգացում: Ակնկալում եմ ամուր համագործակցություն գործընկեր տարբեր շահառուների հետ նախագծի իրականացման ողջ ընթացքում»,- ասաց նա:

Ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի գլխավոր տեխնիկական խորհրդատու Գևին Բելը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները: «Պետք է ամրապնդել կենսաբազմազանության պահպանությունը և բնական ռեսուրսների կայուն օգտագործումը Հայաստանում, հատկապես տեսակներով հարուստ բնական տարածքներում և բարելավել հարևան համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը»,- նշեց նա:

Ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի թիմի ղեկավար Կարեն Մանվելյանը ներկայացրեց բաղադրիչով նախատեսվող հիմնական գործողությունները և ակնկալվող արդյունքները: Նա նշեց ԲՀՊՏ-ների կադաստրային սահմանների ճշգրտումների անհրաժեշտության, ինչպես նաև՝ հատուկ պահպանվող տարածքների սահմաններն ընդլայնելու և լրացուցիչ տարածքներ ընդգրկելու մասին:

Ըստ Կարեն Մանվելյանի՝ Ծրագրի շրջանակում նախատեսվում է գույքագրել Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը, որը հիմք կհանդիսանա Կարմիր գրքի վերանայման համար: «Անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի գույքագրում՝ հատուկ հաշվի առնելով արդյունաբերական և սիրողական նպատակներով օգտագործվող բուսակենդանական տեսակները, հազվագյուտ և վտանգված տեսակները, որպես ցուցիչ ինվազիվ տեսակները, ինչպես նաև լայնորեն օգտագործվող բույսերը: Նախատեսվում է գիտական և ուսումնական հաստատությունների մասնակցությամբ կազմակերպել սեմինարների շարք տեսակների և դրանց ապրելավայրերի գույքագրման աշխատանքների իրագործելիության հնարավորությունը և ծավալը որոշելու համար, ինչին կհաջորդի արդեն գույքագրման գործընթացը»,- նշեց նա:
ԲՀՊՏ-ների կայուն զարգացման և պահպանության համար Կարեն Մանվելյանը նաև կարևորեց Էկոպարեկային ծառայության հզորացմանը միտված գործողությունների իրականացումը, մասնավորապես՝ ներդրումների ավելացման մասով:
Հոկտեմբեր 09, 2024 at 11:00
