Գյուղատնտեսության նախարարը մտադիր է անտառային ոլորտի վերաբերյալ հասարակայնության հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծել

Գյուղատնտեսության նախարարը մտադիր է անտառային ոլորտի վերաբերյալ հասարակայնության հետ համատեղ  աշխատանքային խումբ ստեղծել

ԷկոԼուր

Մայիսի 30-ին գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ` նվիրված անտառային սեկտորում տիրող իրավիճակին: Նիստը վարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Բացի կոլեգիայի անդամներից նիստին մասնակցեցին հասարակայնության ներկայացուցիչներ` Նազելի Վարդանյանը («Հայաստանի անտառներ» ՀԿ), Հրանուշ Խառատյանը («Հազարաշեն» ՀԿ), Հակոբ Սանասարյանը (Հայաստանի կանաչների միություն), Ինգա Զարաֆյանը («ԷկոԼուր» ՀԿ):

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն իր ելույթում ներկայացրեց անտառային սեկտորի խնդիրները եւ անտառների կառավարման լավացման վերաբերյալ առաջարկությունները: Առաջարկությունները գերատեսչությունը ուժեղացնելու սկզբունքային բնույթ էին կրում` նրան ավելի բարձր կարգավիճակ տալ, անտառօգտագործման եւ պահպանման գործառույթները բաժանել, ֆինանսավորումը բարձրացնել եւ այլն:  Առաջարկություն եղավ անտառից փայտի տեղափոխման պատժի խստացման մասին: Նրա խոսքերով` թափուկը, որը մնացորդային արդյունք է, ու փաստացիորեն աղտոտում է անտառային տարածքը, կարող է տարեկան տալ մինչեւ 240 հազար խմ (եթե հաշվի առնենք պաշտոնապես հայտարարված ամբողջ անտառածածկ տարածքը, այսինքն` 1 հա տարածքում 1խմ):

Նշանակում է, որ համայնքներին, որոնք անտառի վառելափայտից են օգտվում, կարելի ապահովել թափուկներով, բայց կլինի՞ դա անվճար: Խնդիրն այն է, որ թափուկի համար էլ են մարդիկ վճարում` 1200 դրամ: Ստիպված են հավաքել դրանք գործնականում անհասանելի վայրերում. կամ` աշխատուժ վարձել: Իսկ համայնքների համար վառելափայտը գործնականում միակ մատչելի էներգառեսուրսն է` համեմատած մյուս տեսակների` գազի եւ էլեկտրականության հետ: «Հազարաշեն» ՀԿ-ի ղեկավար Հրանուշ Խառատյանը նշեց. «Մարդիկ իրենց վրա են վերցնում գործը, որի համար նրանց պետք է վճարել: Մաքրում են անտառը, իսկ նրանցից դրա համար վճար են պահանջում, ինչի՞ համար, ո՞վ կարող է բացատրել»,- ասաց նա:

«Հայանտառը» դեմ չէ թափուկի գնի փոփոխմանը, բայց ինչի՞ հաշվին: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին անտառային սեկտորի ֆինանսավորումը կտրուկ նվազել է, եւ բյուջեում արդեն ներառված է անտառային սեկտորի  30%-ի չֆինանսավորումը: «Հայանտառ»-ին առաջարկվում է չբավականացնող գումարը ստանալ փայտի վաճառքի հաշվին: Այն, որ դա բացարձակապես չի համապատասխանում անտառի շահերին, պարզ է  նաեւ ոչ մասնագետին:

«Հայանտառ»-ը կարծում է, որ գոյություն ունեցող ֆինանսավորումը թույլ չի տա լավացնել իրավիճակը: «Որպեսզի այս ամենին վերջ դրվի, եւ որպեսզի կայուն անտառօգտագործման անցնենք, պետությունը պետք է վարկ վերցնի: Պետության կողմից ընդունված ծրագիր կա: Այն 59 միլիոն դոլլար արժե, եւ նրա մեջ պետք է ամեն ինչ ընդգրկված լինի,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը,- ծրագիրը պետք է մեծ լինի, այլ չլուծվի կտոր-կտոր` որտեղ, ով եւ ինչ կտա»:

«ԷկոԼուր»-ի հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ անտառը կպաշտպանվի ոչնչացումից, Պետրոսյանը պատասխանեց. «Երաշխիքներն այնպիսին են, որ անտառի պահպանման համար պետք է լուծել հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն անտառին: Առաջին հերթին մարդկանց այլընտրանքային էներգիայով ապահովումն է, անտառամերձ համայնքներում պետք է սոցիալական ծրագրեր անցկացնել եւ շատ ուրիշ այլ բաներ»:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը կարծում է, որ անհրաժեշտ են բարեփոխումներ: Նա կողմ է պետբյուջեի կողմից «Հայանտառի» ամբողջական ֆինանսավորմանը, «Հայանտառ»-ի կարգավիճակի բարձրացմանը ՊՈԱԿ-ից մինչեւ նախարարություն, անտառօգտագործման եւ կառավարման գործառույթների բաժանմանը, միվորված անտառային հիմնադրամին, որը կներառի հատուկ պահպանվող տարածքները, անտառապահների իրավունքների մեծացմանը եւ նրանց զենքի տրամադրմանը եւ եզակի վերահսկողական ծառայության ստեղծմանը: Դեմ է անտառային ֆոնդի հողերի կատեգորիաների փոփոխմանը, սահմանամերձ անտառների ցանկացած հատումներին:

Մնում է պարզել, թե հասարակայնության որ առաջարկությունները կընդունվեն, եւ որոնք պետական չինովնիկների համար անընդունելի կլինեն: Նշենք միայն, որ եթե կառավարությունը ծրագիրը վարկավորման ներկայացնի, ամենայն հավանականությամբ, Համաշխարհային բանկին, ապա ստիպված կլինի հաշվի նստել հասարակայնության կարծիքի հետ: Ի դեպ, նիստի վերջին նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ մտադիր է շարունակել անտառային ոլորտի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունը հասարակական կազմակերպությունների հետ եւ դրա համար աշխատանքային խումբ ստեղծել:

Հունիս 01, 2011 at 14:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր