Կապանցիները բացասական կարծիք են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն «ԱԳԱՊԵ»-ի` նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտի վերաբերյալ

Կապանցիները բացասական կարծիք են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն «ԱԳԱՊԵ»-ի` նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտի վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի հասարակության 27 ներկայացուցիչ, որոնց թվում՝ բնապահպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, մշակույթի գործիչներ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պարզապես ակտիվ քաղաքացիներ բացասական կարծիք են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում` Կապան համայնքում նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտի վերաբերյալ:

Կարծիքում նշված է.

«Մենք` ՀՀ Սյունիքի մարզի խոշորացված Կապան համայնքի հասարակության ներքոստորոգրյալ ներկայացուցիչներս, բացասական կարծիք ենք հայտնում «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի ՀՀ տարածքի 6-րդ պայմանական տարածքում` Կապանի համայնքում, նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտի վերաբերյալ:

«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն, բնապահպանական փորձաքննության ներկայացնելով վերոնշյալ հայտը, մի քանի անգամ փորձել է Կապանում կազմակերպել հանրային լսումներ հայտի վերաբերյալ: 2018թ-ի ընթացքում երեք անգամ` մայիսի 22-ին, սեպտեմբերի 14-ին և նոյեմբերի 2-ին, քաղաքացիական հասարակության բողոքի արդյունքում լսումները չեն կայացել:

2018 թ. դեկտեմբերի 11-ին «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն և Կապանի քաղաքապետարանը հայտարարեցին, որ հայտի երկրորդ հանրային լսումները կայացել են, մինչդեռ նույն օրը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում են խոշորացված Կապանի բնակիչների շահերը, դեմ արտահայտվեցին հայտին և բոյկոտեցին այդ լսումները և չեն համարում այդ լսումները կայացած: Երկրորդ, քննարկմանը ներկա էին մեծամասամբ այնպիսի անձինք, ովքեր հնարավոր է` ուղղորդված էին և ովքեր նախկինում և հիմա սպասարկում են հանքարդյունաբերությանբ հետաքրքրված անձանց և ընկերությունների շահերը:
Կապանի համայնքի հասարակության ներքոստորոգրյալ ներկայացուցիչները դեմ են Կապանում «ԱԳԱՊԵ» ընկերության կողմից նավթի և գազի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը, քանի որ.

• Կապանն ու Մեղրին այն տարածաշրջաններն են, որտեղ գտնվում են Հայաստանի` տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող, շուրջ 80 000 հա ընդգրկող բնության հատուկ պահպանվող տարածքները` ներառված Զանգեզուր կենսոլորտային համալիրի կազմում: Ընկերության կողմից հստակեցված չէ, թե ստույգ որ տարածքներից պետք է նմուշներ վերցվեն: Իսկ ԲՀՊՏ-ների չհստակեցված սահմանների պայմաններում չի բացառվում, որ ուսումնասիրությունները կկատարվեն ԲՀՊՏ-ների տարածքներում: Հայտում նշված է, որ բացի տվյալների հավաքագրումից և գնահատումից, նախատեսված է իրականցնել նաև մակերևութային երկրաքիմիական հետազոտություններ և երկրաքիմիական անալիզ, այսինքն, նախատեսվում են դաշտային աշխատանքներ Կապան քաղաքում և 38 գյուղերում, որոնց մի մասն արդեն տուժել է և վերին աստիճանի աղտոտված է տարածաշրջանի հանքարդյունաբերական ձեռնարկություների գործունեության արդյունքում: Մեզ համար անընդունելի է ոչ միայն նոր հանքերի շահագործումը, այլ նաև հանքարդյունաբերության հետ կապված ցանկացած դաշտային աշխատանք, որի արդյունքում միայն կավելանա օդի, հողի, ջրի թունավորման առանց այն էլ բարձր մակարդակը:

• Ուսումնասիրության համար ընտրված են գյուղեր, որոնց թվում են` Ծավը, Ներքին Հանդը, Շիկահողը և այլն, որոնք հանդիսանում են Զանգեզուր կենսոլորտային համալիրի բուֆերային գոտի, կամ իրենք իրենցով բնության հատուկ պահպանվող տարածք են: Ներկայումս գերմանական KfW բանկը տրամադրել է մեծ գումարներ Զանգեզուր կենսոլորտային համալիրի ազդակիր համայնքների այլընտրանքային զարգացման համար, որպեսզի ապահովվի ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմը, իսկ «ԱԳԱՊԵ»-ի հայտում նույն բնակավայրերը դիտվում են որպես նավթի ու գազի որոնման տարածքներ:

• Մեզ չի բավարարում ընկերության հայտարարությունը տնտեսական զարգացման մասին: Նախքան նավթի և գազի երկրաբանահետախուզական աշխատանքների բուն գործընթացի սկիզբը պատշաճ գնահատում չի կատարվել` պարզելու, թե այն ինչ տնտեսական ազդեցություն կունենա այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: Ավելին, չի կատարվել նաև նավթի և գազի հնարավոր արդյունահանման համար նախատեսված հողերի այլընտրանքային օգտագործման տնտեսական գնահատումը:

• Էկոլոգիական վիճակի վատթարացումը, պայմանավորված նավթի և գազի հանքավայրերի հնարավոր շահագործմամբ, կարող է այլ տնտեսական ոլորտներում` գյուղատնտեսություն, տուրիզմ, զբաղվածության անկման և արտագաղթի պատճառ հանդիսանալ:

• Հայաստանում հանքավայրերի եկամուտների հաշվետվողականության և սեփականատերերի թափանցիկության վերաբերյալ օրենսդրությունը բավարար հստակ չէ:

• Սոցիալական, ներառյալ հանքարդյունաբերության հետևանքով առաջացած առողջական խնդիրները Հայաստանում չեն դիտարկվում որպես շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) բաղադրիչ:

Մենք համոզված ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ունեն այլ ճանապարհներ, և այն պետք է հիմնված լինի գիտելիքահենք և բազմաճյուղ տնտեսության զարգացման վրա: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության ուղղակի պարտականությունն է բնապահպանական և սոցիալ-տնտեսական օբյեկտիվորեն առաջացած բևեռների ներդաշնակեցումը և զարգացումն իրականացնել այլ ուղիներով:

Հուսով ենք, որ «ԱԳԱՊ»-ի հայտի բնապահպանական փորձաքննության արդյունքում հաշվի կառնվի մեր` Կապանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներիս բացասական կարծիքը, հայտը բացասական եզրակացություն կստանա, և կկանխարգելվի այդ վտանգավոր ծրագրի հետագա իրականացումը»:

 

14:45 Դեկտեմբեր 21, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news