

ԷկոԼուր
««Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա» գործի վերաբերյալ Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Սույն թվականի փետրվարի 26-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ԷկոԼուրի աջակցությամբ կազմակերպել էր հանրային դատավարություն, որի ընթացքում քննվեց ««Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա» գործը՝ ըստ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի դիմումի:
Բնապահպանական հանրային դատարանը վճռեց.
«1. Ախթալայի հանքավայրի «Նահատակ» պոչամբարի շահագործման թույլտվությունների տրամադրման, այն չկոնսերվացնելու և չռեկուլտիվացնելու, դրա նկատմամբ վերահսկողության, մոնիթորինգի հետ կապված օրինախախտումները, որոնք Հայաստանում և տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, վնասել են մարդկանց առողջությունը, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:
2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ առողջապահության նախարարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ իրավապահ մարմիններին, ինչպես նաև «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին:
3. Պատասխանատու ճանաչել նաև պետական մարմինների և «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի այն պաշտոնատար անձանց, ովքեր իրենց անգործությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, լիազորությունների գերազանցմամբ, անփույթ գործողություններով նպաստել են Հայաստանի և տարածաշրջանի էկոհամակարգային հավասարակշռության խախտմանը, ջրերի և հողերի աղտոտմանը, անտառների և լանդշաֆտի վերացմանը, մարդկանց իրավունքների խախտմանը ու առողջության վնասմանը, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի խախտմանը:
4. Դիմել ՀՀ Դատախազություն` պահանջելով.
· Հարուցել քրեական գործ «Նահատակ» պոչամբարի անօրինական փորձաքննական եզրակացություններ ու թույլտվություններ տրամադրած, ապօրինի շահագործում իրականացրած, փորձաքննական եզրակացության պահանջները չկատարող պաշտոնատար անձանց նկատմամբ և վերականգնել նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառված վնասները:
5. Դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.
· Իրականացնել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում համալիր՝ ֆինանսական, փաստաթղթային, տեխնիկական աուդիտ և հրապարակել արդյունքները:
· Ճանաչել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին պատասխանատու` շրջակա միջավայրին, համայնքի ու քաղաքացիների սեփականությանը, մարդկանց առողջությանը պատճառված վնասի համար և պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցել բնակիչների առողջությանն ու գույքին պատճառված վնասները:
Հանձնարարել.
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին.
· 6-ամսյա պարբերականությամբ իրականացնել համալիր ստուգումներ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում և հրապարակել ստուգման արդյունքները:
· Արգելել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին հանքավայրի և «Նահատակ» պոչամբարի շահագործումը` փորձաքննական 14.11.2017թ. հ.ԲՓ-100 եզրակացությունում նշված պարտավորությունները չկատարելու և նախագծից շեղվելու պատճառով:
· Պատասխանատվության ենթարկել բնապահպանական խախտումներ թույլ տված պատասխանատու պաշտոնատար անձանց:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը.
· Ուժը կորցրած ճանաչել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին տրված 14.11.2017թ. հ.ԲՓ-100, 17.09.2018թ. հ.ԲՓ-77 փորձաքննական եզրակացությունները` դրանցում նշված պարտավորությունները չկատարելու և նախագծային շեղումների հիմքով:
· Իրականացնել մշտադիտարկումներ օդի, ջրի, հողի վիճակի նկատմամբ պոչանքային տնտեսություններից արտահոսքերի հետևանքով ջրերի որակի և ռեժիմի փոփոխության, դրենաժային ջրերի առաջացման, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի նկատմամբ` դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով։
· Իրականացնել հանքավայրի և պոչամբարի անդրսահմանային ազդեցության գնահատում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը
· Վերահսկողություն իրականացնել «Նահատակ» պոչամբարի տեխնիկական անվտանգության ապահովման նպատակով:
· Անվավեր ճանաչել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի 23.11.18թ. տրված հ. 2309.4 փորձաքննական դրական եզրակացությունը:
· Պարտավորեցնել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին` ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ին ներկայացնելու պոչամբարի կոնսերվացման և ռեկուլտիվացիայի համար նոր նախագծային փաթեթ՝ ներառյալ նոր անվտանգության վկայագիրը, անցկացնելով նոր փորձաքննություն` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի համաձայն:
ՀՀ առողջապահության նախարարությանը.
· Իրականացնել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարագային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված Շամլուղի հանքի և «Նահատակ» պոչամբարի սանիտարահիգիենիկ փորձաքննությունը:
· Հիմք ընդունել միջազգային /«Արնիկա» չեխական կազմակերպության/ և տեղական /ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի/ մասնագիտական հետազոտական ինստիտուտների կողմից կատարված հետազոտությունները` «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի հանքավայրին և «Նահատակ» պոչամբարին հարող համայնքների և տարածքների հողերի, ջրերի, գյուղմթերքի և կենսանյութերի վերաբերյալ, և կիրառել անհրաժեշտ միջոցառումներ տեղական բնակչության առողջապահության ռիսկերի նվազեցման ուղղությամբ:
· Գտնել մեխանիզմներ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի գործունեության ազդեցության գոտու և «Նահատակ» պոչամբարի շրջակա համայնքներում` մարդու առողջության վրա բացասական ազդեցության գնահատման ուղղությամբ և արդյունքները հրապարակել: Ուսումնասիրություններ և հետազոտությունների գործընթացում հաշվի առնել նաև նախկինում կատարած` ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Արնիկա» չեխական կազմակերպության կատարած հետազորությունների տվյալները:
· Միջոցներ ձեռնարկել կանխելու հանքավայրի և պոչամբարի բացասական ազդեցությունը շրջակա տարածքում բնակվող անձանց առողջության վրա և ապահովելու մարդկանց առողջության պաշտպանությունը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը.
· Վերանայել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 12.03.12 հ.437-Ն որոշմամբ հաստատված պայմանագրի օրինական ձևին:
· Պարտավորեցնել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին կատարել ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված պարտավորությունները, այդ թվում՝ սոցիալական ծրագրերի իրականացումը և պարտադիր վճարների կանոնավոր վճարումը:
· Ստուգել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից պարտադիր վճարների կատարման ճշտությունը և հաշվետվողականությունը:
7. Պարտավորեցնել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին.
· Պահպանել ՀՀ օրենսդրությունը և միջազգային նորմերը:
· Վերականգնել իր գործունեության հետևանքով խախտված տարածքները:
· ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհապաղ դադարեցնել «Նահատակի» պոչամբարի շահագործումը և սկսել պոչամբարի ռեկուլտիվացիայի իրականացումը:
· Փոխհատուցում վճարել բնակիչներին՝ նրանց առողջությանը և գույքին պատճառված վնասների դիմաց:
· Գործունեության ընթացքում բացառել արտադրական և հանքային արտահոսքերը մակերևութային և ստորգետնյա ջրահավաք ավազան, հողերի աղտոտումը ծանր մետաղներով:
· Պահպանել ջրի շրջանառու փակ համակարգի ռեժիմը:
· Կատարել փորձաքննական եզրակացություններով սահմանված պահանջները:
· Կատարել ազդակիր համայնքների բնակիչների կյանքի և առողջության ապահովագրություն:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ»:
Մարտ 16, 2020 at 19:23